Հուշարձանը քանդում են փաստաթղթերով Նալբանդյան 96 հասցեում բնակվող Արմեն Ստեփանյան եւ Հասմիկ Արզոյան ամուսիններն իրենց երկհարկանի շենքի հարկայնությունն ավելացնելու եւ իրենցից շքամուտքը խլելու դեմ բողոքել են, բնականաբար, ոչ միայն «Առավոտին»: Բնակիչների բողոքներին ի պատասխան, պատկան մարմինները շինարարությունը դադարեցրել են, բայց միայն թղթի վրա: Նշյալ հասցեում ժամանակին ապրել է Ակսել Բակունցը եւ շենքն այժմ պատմամշակութային հուշարձան է հանդիսանում: Այդ պատճառով բնակիչները մի դիմում էլ մշակույթի նախարարությանն են հասցեագրել, որտեղից մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանի ստորագրությամբ պատասխանը հետեւյալն է. «Նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կողմից նշված հասցեում շինարարական աշխատանքները դադարեցվել են»: Այնինչ, բնակիչների պնդմամբ, շինարարությունը շարունակվում է: Բողոքարկուների ասելով, շենք-հուշարձանը վերաձեւողը դաշնակցական Վազրիկ Պետրոսյանն է: Նա, հուշարձանն իր ուզածով փոփոխությունների ենթարկելու համար, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունի: Սակայն բնակիչներին այնքան հուշարձանի նախագծային փոփոխությունը չի անհանգստացնում, որքան սեփական անվտանգության խնդիրը: «Շինարարության հեղինակն առանց մեր համաձայնության հիմնովին քանդել է շենքի հիմքը եւ 8 ամիս թողել վթարային վիճակում: Փակել է շքամուտքը՝ ներառելով իր տան մեջ, իսկ այն 1939 թվականից ընդհանուր սեփականություն էր, որի բարեկարգման համար մեծ ծախսեր ենք արել: Տեղափոխել է նաեւ աստիճանավանդակը՝ դժվարացնելով եւ վտանգավոր դարձնելով մեր եւ երեխաների՝ դեպի բնակարան ելումուտը»: Դիմումատուների ներկայացմամբ, «կառուցապատողը չի կատարում նույնիսկ օրենքի պահանջը», որով «նախքան շինարարություն սկսելը պարտավոր է փոխհատուցել այն անձանց հասցված վնասները, որոնց իրավունքները սահմանափակվում են շինարարության ընթացքում»: Բողոքներին ի պատասխան, Վ. Պետրոսյանը շենքի ողջ ճակատով երրորդ հարկը եւ աստիճանավանդակը վերակառուցելու համաձայնություն է ստացել առաջին հարկի բնակիչներից: Փոխարենը համաձայն չեն այն մարդիկ, որոնք տուժել են եւ տուժելու են երրորդ հարկի շինարարության արդյունքում: Հուշարձան-շենքի գործն այժմ քննվում է դատախազությունում: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ