ՆՐԱՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԵՆ Արդյոք արվե՞լ է ամեն ինչ՝ հայաստանցի օդաչուների նկատմամբ անիրավ դատավճիռը կանխելու համար Նոյեմբերի 26-ին 6 հայ օդաչուներ՝ «Ան-12» բեռնատար օդանավի անձնակազմի հրամանատար՝ Աշոտ Կարապետյան, երկրորդ օդաչու՝ Սամվել Դարբինյան, ղեկապետ՝ Սամվել Մաճկալյան, մեխանիկ՝ Ռազմիկ Խաչատրյան, տեխնիկներ՝ Սուրեն Մուրադյան եւ Աշոտ Սիմոնյան, Հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեղադրանքով դատապարտվել են 14-ից 24 տարի ազատազրկման: Դատավարությանը հետեւող հայաստանյան պատվիրակության անդամներ դեսպան Սերգեյ Մանասարյանը եւ ՀՀ պետարարողակարգի ծառայության ղեկավարի տեղակալ Գեւորգ Պետրոսյանը երեկ հանդիպում են ունեցել այդ երկրի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաեւ արտաքին գերատեսչության ղեկավարության հետ՝ ներկայացնելու համար ՀՀ կառավարության դիմումը օդաչուների գործի վերանայման կապակցությամբ: Երեկ ուշ երեկոյան պարզվեց, որ պատվիրակությանը չի հաջողվել հանդիպել ԱԳՆ ղեկավարության հետ, բայց համապատասխան դիմումները վերջիններիս նրանք փոխանցել են: «Հայ օդաչուների դատապաշտպան Պոնսիանո Մբոմբո Նվոն պատրաստվում է Հասարակածային Գվինեայի գերագույն դատարանում բողոքարկել դատավճիռը, սակայն մինչեւ օրս դատարանը փաստաբանին չի տրամադրում դատավճռի վերաբերյալ գրավոր որոշումը, որը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի դիմել այդ քայլին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի երեկ տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է նաեւ, որ «հայկական պաշտոնական պատվիրակությունը շարունակում է մնալ այդ երկրում՝ տեղի իշխանությունների հետ քննարկելու հայ օդաչուների ճակատագրի հետ կապված հարցեր»: «Առավոտի» տեղեկություններով, հայ օդաչուների փաստաբանի ծախսերը հոգում է «Տիգա էյր» ավիաընկերությունը, որին պատկանում է «Ան-12» բեռնատար օդանավը: «Տիգա Էյրը» դեռ 2003-ին համապատասխան պայմանագիր է կնքել գերմանական CAL ավիաընկերության հետ, որը վարձակալել է այդ ինքնաթիռը՝ Հասարակածային Գվինեա առեւտրային չվերթներ կատարելու համար: Սակայն գերմանական ընկերությունը ձեռքերը լվացել է եւ չի պատրաստվում որեւէ պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար: Հայ օդաչուների ձերբակալման երկրորդ օրը՝ մարտի 9-ին, ընկերությունը միակողմանի խզել է պայմանագիրը «Տիգա էյր»-ի հետ: Իսկ ինքնաթիռը Հասարակածային Գվինեայի իշխանություններն առգրավել են: Ընդհանրապես, ոմանք կասկած են հայտնում, թե գերմանական եւ հայկական հիշյալ ավիաընկերությունները, թերեւս, այնքան էլ անտեղյակ չեն եղել Հասարակածային Գվինեայում ծավալվող իրադարձություններին եւ զենքի տեղափոխման հնարավորությանը: Իսկ արդյունքում հայ օդաչուները դարձել են քավության նոխազ: Որքան կարելի է հասկանալ, ՀՀ իշխանությունները՝ ի դեմս ԱԳՆ-ի, այսօր մշտական կապ պահում են միայն հայ օդաչուների դատապաշտպանի հետ: Իսկ օդաչուների հարազատների տեղեկատվության աղբյուրը բացառապես դեսպան Սերգեյ Մանասարյանն է եւ ծանոթների այս ու այն կողմից ստացվող ինչ-ինչ կցկտուր շշուկները: Հասկանալի է, որ նրանց համար իրենց հարազատներից ստացված ցանկացած, անգամ մանրուք թվացող տեղեկություն շատ կարեւոր է: Մեր զրույցի ժամանակ դատապարտված օդաչուներից մեկի՝ Սամվել Մաճկալյանի եղբայրը, որ նույնպես երկար տարիների օդաչու է, Լադո Մաճկալյանը գոհունակությամբ ասաց, թե մեր օդաչուների ձերբակալության 9 ամիսների ընթացքում հայաստանյան պատվիրակությունն արդեն 5-րդ անգամ է լինում այդ երկրում: Կա՞ արդյոք որեւէ այլ տարբերակ, բացի այդ երկրի գերագույն դատարան դիմելուց եւ բացասական պատասխանի դեպքում՝ միջազգային դատարան դիմելուց: Այդ հարցին ի պատասխան՝ Լ. Մաճկալյանն ասաց. «Որքան գիտեմ, հիմա պետական մակարդակով ամեն ինչ արվում է, որ այդ երկրի հետ միջպետական համաձայնագիր կնքվի, որը հնարավորություն կտա մեր դատապարտված տղաներին Հայաստան տեղափոխել: Մյուս հնարավոր տարբերակն այն է, որ Հասարակածային Գվինեայի նախագահը ներում շնորհի, թեեւ ինքս դրան քիչ եմ հավատում: Ասում են նաեւ, որ կա ՀՀ նախագահի համապատասխան նամակը` որպես վերջին տարբերակ, որով հնարավոր կլինի խնդրել, որ տղաներին հնարավորություն տրվի պատիժը կրել Հայաստանում: Հիմա տեղեկություններ են հասնում, թե, իբր, ինտերնետում եղել է այդ երկրի նախագահի հայտարարությունը, թե իրենց ձեռնտու չէ այդ երկրի բանտերում օտարերկրացիներ պահել: Թե հիմա դա որքանով է ճիշտ` չգիտեմ»,- ասաց Լ. Մաճկալյանը: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ-ի գործունեությանը: «Մեր պատվիրակության նախորդ երեք այցերը, իհարկե, ապարդյուն չէին, որովհետեւ նրանք գոնե կարողացան այցելել տղաներին եւ իմացան, որ նրանք ողջ են»,- ասաց Լ. Մաճկալյանը՝ հավելելով, թե ինքը «գոհ ու շնորհակալ է, որ կարողացել են գնալ, տեսնել նրանց: Առաջին օրերին մեր տղաներից երեքը ծանր հիվանդ էին եւ ոչ մի օգնություն նրանց ցույց չէր տրվել, բայց պատվիրակների գնալուց հետո նրանց դեղ էր հասել: Ասում են` նրանց այցելել են նաեւ Կարմիր խաչի աշխատակիցները: Տղաների կանայք էին դիմել Կարմիր խաչին՝ խնդրելով գոնե դեղորայքով օգնել: Հետո հասկացա, որ Կարմիր խաչն էլ առանձնապես սոլիդ բան չէր արել: Մի անգամ նամակ էին բերել իսպաներենով գրված, բայց թե դա որքանով էր նրանց գրած նամակը՝ վստահ չեմ»: Նոյեմբերի 26-ին հրապարակված դատական վճիռը վկայեց, որ ՀՀ իշխանությունների գործողությունները (այդ թվում՝ մարտի 30-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի քաղաքական հարցերով օգնական Տուլիամենի Կալոմոհի հետ) բավարար չեն եղել մեր հայրենակիցներին աջակցելու համար: Էլ ի՞նչ է հնարավոր անել: Դիվանագիտության ոլորտում բավականին բարձր պաշտոններ զբաղեցրած մեր զրուցակիցների ասելով՝ կարելի էր, օրինակ, բողոքի նոտա ներկայացնել, ինչը կստիպի միջազգային ատյաններում քննարկման դնել այդ հարցը, ամենօրյա աշխատանք տանել ոչ միայն հայ օդաչուների փաստաբանի, այլեւ ՄԱԿ-ում մեր դեսպանի միջոցով Հասարակածային Գվինեայում ու նաեւ Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեցող երկրների, ասենք՝ հենց ՌԴ-ի իշխանությունների եւ նրանց դեսպանների հետ: Դա կարող է ազդեցիկ լինել եւ վկայել, թե որքանով է մեր հայրենակիցների ճակատագիրը հետաքրքրում ՀՀ իշխանություններին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀ.Գ. Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի օրը, «խիստ անարդար» որակելով, դատապարտել է Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրված երկու տասնյակ մարդկանց, այդ թվում վեց հայերի, ազատազրկման դատապարտելը: