ՄԵՂՐԻ-ԼԱՉԻՆ ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է Ահազանգում է «Արմատ» կենտրոնի ղեկավար Բաբկեն Արարքցյանը ՀՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ, ՀՀՇ անդամ, «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի ղեկավար Բաբկեն Արարքցյանը երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր: «Հրատապ թեման» Արցախի հիմնախնդիրն էր: Պարոն Արարքցյանն ասաց, որ այսօր միջազգային կառույցների կողմից ներկայացվող փաստաթղթերում առաջին անգամ արձանագրվում են կոնկրետ նպատակ հետապնդող գործողություններ. «Եթե ընդունվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը, դա կնշանակի, որ ստեղծվելու է փաստեր հավաքագրող հանձնախումբ, որը «գրավյալ տարածքներում» պետք է կազմակերպի ուսումնասիրություններ եւ ընդարձակ զեկույց ներկայացնի վեհաժողովի 60-րդ նստաշրջանին: Պատերազմական գործողություններից տասը տարի հետո առաջ է քաշվում մի դրույթ, որն առաջ չի արծարծվել ոչ մի փաստաթղթում: Խոսքը էթնիկական զտումների մասին է, «գրավված տարածքների» օգտագործման, բնակչության զանգվածային հեռացման մասին: Ես չեմ ուզում խիստ նմանություններ ներկայացնել, բայց, եթե հիշում եք, Հարավսլավիայի պարագայում եւս այսպիսի հանձնախումբ ստեղծվեց: Այսպիսի հանձնախումբը առաջին նշանը եղավ, որից հետո սերբերը կորցրին ամեն ինչ»: Այս զգուշացումից հետո Բաբկեն Արարքցյանը նկատեց, որ Արցախի շուրջ սկսվում է շարունակական գործընթաց, որի հետեւանքներն անհայտ են: Ըստ նախկին խոսնակի՝ որոշ ելույթներից ակնհայտ է դառնում, որ կողմերին նոր առաջարկներ են ներկայացված, որոնք գաղտնի են պահվում հասարակությունից. «Ինչը առիթ է տալիս ենթադրել (ես միայն ենթադրություններով չեմ խոսում, բայց աղբյուրը չեմ կարող ասել), որ այդ առաջարկություններն անբարենպաստ են Հայաստանի համար: Մի բան կարող եմ ասել. չի կարելի համարել, որ Մեղրիի հարցը հանված է օրակարգից: Ի՞նչ ձեւով, դա այլ հարց է: Համենայնդեպս, Լաչին-Մեղրի հարաբերությունները (չեմ ուզում գործածել փոխանակում բառը) օրակարգից հանված չեն: Այս տեսակետից մենք վիճակը գնահատում ենք ծայրաստիճան վտանգավոր»: Բաբկեն Արարքցյանը կրկնեց «Արմատի» երեկ հրապարակած գնահատականը, ըստ որի՝ ՄԱԿ-ի վեհաժողովում հարցի քվեարկության հետաձգումը վերջնագիր է. «Այսինքն` կամ Հայաստանը ինչ-որ ձեւով պետք է ընդունի այն առաջարկները, որոնք գաղտնի են պահվում, կամ կընդունվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւ, որը կարող է շատ բարդ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար»: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ պարոն Արարքցյանը նկատեց, որ հարցի լուծման փաթեթային տարբերակը այսօր հենց իշխանության կողմից էլ հանված է շրջանառությունից, այսօր խոսում են փուլային տարբերակի մասին. «Բայց ես համոզված եմ, որ այն փուլային տարբերակը, որ կար 97-ին, այսօր անհնար է վերադարձնել: Դրան վերադառնալու մեկ հնարավորություն կա: Ընդհանրապես կա մեկ շանս՝ այս իշխանությունը պետք է հեռանա: Ցանկացած նոր, լեգիտիմ իշխանություն կարող է հնարավորություն ունենալ վերանայել խնդրի կարգավորումը: Բայց դա էլ կլինի շատ դժվար գործ: Իսկ այս իշխանությունն արդեն «ցուգ-ցվանգի» մեջ է, այսինքն` ցանկացած քայլ բերում է ավելի վատ հետեւանքների»: Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում ավարտվել է դեկլարացիաների փուլը եւ սկսվել է գործողությունների փուլը, որը, ըստ ՄԱԱ-ի հյուրի, Հայաստանի եւ Արցախի համար ոչ մի լավ բան չի խոստանում, քանի որ միջազգային հանրությունն արդեն հասկացել է, որ Հայաստանը ուզում է հարցը ձգձգել եւ լուծումը հետաձգել: Հնարավո՞ր է, որ իրավիճակը չխորացնելու համար նախկին իշխանության ներկայացուցիչները Արցախի հարցի լուծման ինչ-ինչ պայմաններում համամիտ լինեն այսօրվա իշխանության հետ: Այս հարցին պատասխանելով` պարոն Արարքցյանն ասաց, որ նախ պետք է իմանալ, թե ի՞նչ տարբերակ է առաջարկվում. «Ես կարող եմ իմ անունից ասել՝ եթե լինի այնպիսի տարբերակ, որը ինչ-որ չափով ընդունելի լինի Հայաստանի համար, կարծում եմ` պետք է մի կողմ թողնենք քաղաքական ամբիցիաները եւ գնանք այդ տարբերակի ընդունմանը, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա զարգանալ, դառնալ նորմալ պետություն: Իհարկե, մեկ պայմանով՝ այդ փաստաթղթում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ապահովության, զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ հավանակա՞ն է պատերազմի վերսկսման վտանգը; Պարզվեց, որ պատերազմի վտանգը բավականին ռեալ է. «Ցուգ-ցվանգային այդ իրավիճակի մասին խոսելիս հենց այդ նկատի ունեմ: Դիվանագիտական այս պաշարումը, որին ենթարկվել է Հայաստանը, չի բացառում, որ ստեղծվի պատերազմական իրավիճակ եւ Ադրբեջանի կողմից հրահրված կամ սկսված պատերազմը ինչ-որ ձեւով շատ խիստ չդատապարտվի միջազգային հանրության կողմից: Հարավսլավիայի օրինակը նման է դրան: Ես չեմ ասում, որ այս սցենարը կկրկնվի, բայց ամեն ինչ հնարավոր է: Ցավոք, պատերազմի վտանգը լուրջ է»,- նշեց պարոն Արարքցյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ