Մանկավարժականին
շենք պետք չէ՞ Մինչ հիշյալ բուհի ուսանողները դժգոհում են,
որ իրենք ամեն օր շենքի մի ծայրից մյուսն են թափառում լսարան ճարելու համար, երբեմն
էլ դասախոսությունները գրում են միմյանց գիրկ նստած կամ ոտքի վրա, նախարար Վարդան
Խաչատրյանը կարծիք է հայտնում, որ կառույցի պայմանները հրաշալի են եւ մանկավարժականին
իր հին՝ մշակութային արժեք ներկայացնող կառույցը ամենեւին էլ պետք չէ: Նախարարը նման
անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ նոյեմբերի 10-ին խորհրդարան-կառավարություն
հերթական հարց ու պատասխանի ժամանակ, երբ գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը
«սխալվեց»՝ բարձրացնելով Գյումրիի համար կարեւոր նշանակություն ունեցող որոշ կառույցների
վերակառուցման հարցը: Ինչպես հայտնի է, մանկավարժականը արդեն իսկ լուծել է իր հարցերը
կառավարության հետ. վերջինս քաղաքի կենտրոնական մասում գտնվող հին շենքի վերանորոգման
համար 135 մլն դրամ է ծախսել, եւ ամբողջ խնդիրն այն է, որ կիսատ է թողել ֆինանսավորումը:
Նախարարի խոսելու ոճը՝ «Երեւանից ու Համզաչիմանից հավաքած հարկերը Գյումրիի վրա չի
կարող ծախսվել», շատ էր զայրացրել գյումրեցիներին: Մանկավարժականի դասախոսների ասելով՝
իրենք նախարարին «կենդանի» տեսնելու առիթ իսկ չեն ունեցել. պետք է ենթադրել, որ նախարարը
Գյումրիում կամ ընդհանրապես չի եղել, կամ էլ չգիտես որ թվին է եղել: «Էդ ինչպե՞ս
եղավ, որ նստած տեղում որոշեց, թե մանկավարժականին շենք անհրաժեշտ չէ»,- հարցնում
էին նրանք: Այս հարցը «Առավոտին» պարզաբանելով՝ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը
տեղեկացրեց, որ մինչ օրս իրենց բուհ նախարարական որեւէ հանձնախումբ իր ոտքով չի այցելել
եւ շենքը չի ուսումնասիրվել: Իսկ եթե որոշ պատգամավորներ եկել են, ապա դա եղել է
ռեկտորի հատուկ հրավերով, քանի որ նա այս միջոցով ցանկություն ուներ հին շենքի վերանորոգման
համար կառավարությանը միջնորդագրեր ներկայացնել: Վարդեւան Գրիգորյանի տեղեկացնելով՝
կրթության նախարարը նման խոստում արդեն տվել է: Ավելին, ռեկտորը պարզաբանեց, որ նույն
կրթության նախարարությունը իրենց բուհը պայմանականորեն է լիցենզավորել, քանի որ շենքային
պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին: Ռեկտորը նաեւ դժգոհեց, որ ներկա
պահին իրենց զինվորական ֆակուլտետը ստիպված է դասերն անցկացնել բուհի հանրակացարաններում:
Ըստ նրա՝ ոչ միայն 2-րդ, այլեւ 3-րդ շենքը իրենց բավարար չէ. եթե երեքն էլ պատրաստ
լինեն, իրենք դարձյալ ստիպված են դասերը երկու հերթով անցկացնել: Ի դեպ, մանկավարժականին
երկրաշարժից հետո հատկացված կառույցը դպրոցի 600 աշակերտի եւ ոչ թե 3500 ուսանողի
համար է: «Մի՞թե չգիտեն երեւանցի այրերը, որ մանկավարժականը Շիրակի մարզում նույն
դերն է կատարում, ինչ պետական համալսարանը՝ Երեւանում»,- ասում է Վարդեւան Գրիգորյանը:
Իսկ Գյումրիում արդեն իսկ սկսվել է ճարտարապետական արժեք ներկայացնող վթարային կառույցների
աճուրդ -վաճառքը, որը պատասխանատուները պատճառաբանում են պետության գրպանին հասանելի
չլինելու ու թալանից փրկելու հանգամանքով: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ