Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կոմպոզիտորներից ճանաչում եմ միայն Խաչատրյանին

Դեկտեմբեր 02,2004 00:00

Խոստովանում
է ամերիկացի դաշնակահար Դեյվիդ Ֆիլիպսը Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության
տանը կկայանա ամերիկացի դաշնակահար Դեյվիդ Ֆիլիպսի մենահամերգը: Հայաստանում ԱՄՆ
դեսպանատանը հրավիրված ասուլիսում պրն Ֆիլիպսը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 3-ին էլ
«Արամ Խաչատրյան» համերգասրահում համատեղ համերգ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ
նվագախմբի հետ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան): «Առաջին անգամ եմ Հայաստանում, բնականաբար
հուզված եմ, լսել եմ, որ հարուստ մշակույթ ունեք»,- ասաց դաշնակահարը: «Առավոտին»
հետաքրքրում էր՝ ծանո՞թ է ամերիկացի դաշնակահարը հայ կոմպոզիտորների գործերին: Պարզվեց՝
գիտի միայն Արամ Խաչատրյանին, այն էլ մեկ ստեղծագործությամբ՝ Դաշնամուրային կոնցերտով:
Այս ստեղծագործությունը նա երբեւէ չի նվագել, բայց մտադիր է առաջիկայում ներառել
իր երկացանկում: Դ. Ֆիլիպսն ասաց, որ իր ուսուցիչները աշակերտել են Իգոր Ստրավինսկուն,
իսկ ինքն ուսանել է Միչիգանի համալսարանում, ապա մագիստրոսի կոչում ստացել Նյու Յորքի
Ջուլիարդի դպրոցում: Հանդես է եկել Սան Անտոնիոյի, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերի,
Վիեննայի ֆիլհարմոնիկի եւ այլ ճանաչված օրկեստրների հետ: Դաշնակահարն ասաց,
որ պատանեկան տարիքից տարված է Բախով, պատահական չէ, որ այսօրվա համերգում կհնչեն
«Գոլդբերգի վարիացիաները»: Հարցին՝ ինչո՞ւ է որոշել հատկապես Հայաստանում
համերգներ ունենալ, պրն Ֆիլիպսը պատասխանեց, որ ԱՄՆ-ում տպագրվող երաժշտական ամսագրերից
մեկում կարդացել է Հայաստանի մասին, այնուհետեւ սկսվել է համագործակցությունը ՀՊՖՆ-ի
հետ: «Առավոտի»՝ «Նախատեսվա՞ծ է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում
անցկացնել վարպետության դասընթաց» հարցին դաշնակահարը պատասխանեց. «Կոնսերվատորիայում՝
ոչ, բայց, ա՛յ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անպայման կլինեմ, որոշել
եմ ունկնդրել սաների կատարումները»: Դ. Ֆիլիպսը մտադիր է Հայաստանում «հայտնաբերել»
նոր անուններ՝ հետագա համագործակցության ակնկալիքով: Նա նաեւ «Առավոտին» ասաց, որ
չնայած բազմազբաղությանը, հույս ունի այցելել Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարան
եւ ծանոթանալ աշխարհահռչակ կոմպոզիտորի կենսագրությանն ու վաստակին: Պարզեցինք նաեւ,
որ Դեյվիդ Ֆիլիպսը ԱՊՀ երկրներից հյուրախաղերով հանդես է եկել միայն Ռուսաստանում
եւ Հայաստանում: 2005-2006 թվականներին համերգաշրջանում դաշնակահարը հանդես կգա Սաքրամենտոյի
ֆիլհարմոնիկի հետ, կրկին համերգներ կլինեն Երեւանում՝ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ:
Այս տարվա վերջին կթողարկվի Դեյվիդ Ֆիլիպսի նոր ձայնասկավառակը՝ Բախի «Գոլդբերգի
վարիացիաներով»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել