Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՈՒՇԸ»՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Դեկտեմբեր 02,2004 00:00

1912-ից՝
երկրորդ անգամ Մոտ կեսդարյա ընդմիջումից հետո՝ նոյեմբերի 29-ին, Գյումրիում
ներկայացվեց օպերա: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական
թատրոնը Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում հանդես եկավ Ա. Տիգրանյանի
«Անուշ» օպերայի բեմադրությամբ: Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը
տեղեկացրեց, որ Գյումրիում «Անուշ» ներկայացնելը մշակույթի նախարարության նախաձեռնությունն
էր եւ կառավարության որոշումը. «Հենց այս ներկայացմամբ նշվեց օպերայի հեղինակի՝ Ա.
Տիգրանյանի ծննդյան 125-ամյակը»: Գլխավոր դերերգերով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստուհի
Անահիտ Մխիթարյանը, մեներգիչներ Ռուբեն Նուրիջանյանը, Գեւորգ Հակոբյանը: Ներկայացումը
ղեկավարեց թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Օպերային թատրոնը վերջին
անգամ Գյումրիում հանդես է եկել 50-ականների վերջին: Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ
իմանալով մշակութային ավանդույթներով հարուստ Գյումրի մեկնելու մասին ու խստապահանջ
գյումրեցուն գոհացնելու համար թատրոնի ողջ անձնակազմը մեծ պատասխանատվությամբ էր
նախապատրաստվել: «Պետք էր տեսնել, թե ինչ իրարանցում էր քաղաքում: Դահլիճը լեփ-լեցուն
էր եւ ի՜նչ «բիսեր» ու «բրավոներ»: Ամենաուրախալի փաստը՝ ունկնդիրների մեծ մասը երիտասարդներ
էին եւ շատերն առաջին անգամ էին օպերային ներկայացում դիտում»,- ասաց տնօրենը, շարունակելով,
որ ընդմիջումներին արտիստներին, իրենց շրջապատում էր ժողովուրդը ու իր շնորհակալությունը
հայտնում: Պրն Հովհաննիսյանը նշեց. «Գյումրի էին եկել մշակույթի նախարարը, արվեստի
տարբեր ոլորտների գործիչներ՝ 20-25 հոգի»: Մեր զրուցակիցը անչափ գոհ էր նաեւ գյումրեցիների
նախապատրաստական աշխատանքներից՝ Շիրակի մարզի մշակույթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսյանի
գլխավորությամբ. «Ցավալի էր, որ ներկայացմանը ներկա չէին մարզպետն ու քաղաքապետը,
թեեւ նրանք վաղօրոք հայցել էին մեր ներողամտությունը»: Կ. Հովհաննիսյանը փաստեց,
որ ներկայացումը գյումրեցիների համար վերածվեց տոնի եւ յուրօրինակ հարգանքի տուրքի՝
Ա. Տիգրանյանին: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ձեռք է բերվել հետագա համագործակցության
պայմանավորվածություն՝ գարնանը Ազգային օպերային թատրոնը Գյումրիում հանդես կգա ոչ
միայն օպերային, այլեւ բալետային ներկայացումներով: «Առավոտի» հարցին՝ իսկ
ինչո՞ւ գյումրեցիները մոտ կես դար զրկված էին իրենց տանը օպերային ներկայացում դիտելուց,
պարոն Հովհաննիսյանն ասաց. «Իմ կարծիքով, մեղավորը տեխնիկական դժվարությունն է»,
մանրամասնելով, որ շատ բարդ է, առաջին հերթին՝ դեկորները հարմարեցնելը այլ թատրոնի
բեմին: Գյումրի հասնելու համար անհրաժեշտ է եղել 3 մեծ ավտոբուս, 3 միկրոավտոբուս,
երկու 25 տոննանոց մեքենա, նույնիսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի
անձնական միկրոավտոբուսը: «Էլ չեմ խոսում, որ 6, 8, 12 մետրանոց դեկորները կտրատել
ենք, սղոցել, հարմարեցրել այլ բեմի: Իսկ հիմա պետք է վերականգնենք մեր բեմի համար:
Այնուամենայնիվ, 200 հոգանոց ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմը լավ տպավորություններով
վերադարձավ Երեւան»,- ասաց թատրոնի տնօրենը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել