Տարիներ
շարունակ այս օրերին միշտ հետեւելով ադրբեջանական մամուլին՝ նկատել եմ, որ ադրբեջանցիների
համար մեր հեռուստամարաթոններն ունեն շատ կարեւոր նշանակություն: Սրանով են
նրանք գնահատում իրենց հակառակորդի ներուժն ու աշխարհով մեկ սփռված հայության մասին
իրենց ունեցած պատկերացումները: Այս իմաստով՝ ներկա իրավիճակում նրանց համար պիտի
անսպասելի լիներ հանգանակված մեծ գումարը: Սակայն խնդրին ուզում եմ անդրադառնալ
այլ տեսանկյունից, որ առնչվում է հիմնադրամի համահայկական բնույթին: Նույն ադրբեջանցիներն
այս երեւույթից ավելի կզգաստանային կամ կզգուշանային, եթե այդ 11 միլիոնը հավաքված
լիներ հասարակ ժողովրդի փոքր նվիրատվություններով, ինչպես հավաքվել է Ֆրանսիայի 1
միլիոնը: Արդեն մեկ շաբաթ է անցել, բայց հավաքված գումարի մասին չկա պաշտոնական տեղեկատվություն:
Իմ ունեցած տվյալներով, նաեւ «Ազգ» թերթի հրապարակումների համաձայն՝ Լոս Անջելեսում
անցկացված հեռուստամարաթոնն այդ տարածքի հայությունից ստացել է առավելագույնը $700
հազար: Այսինքն՝ 11 միլիոնից շուրջ ութ ու քառորդ միլիոնը նվիրաբերել են մեծահարուստները,
1 միլիոն՝ Ֆրանսիան, 1 միլիոն՝ Հայաստանի եւ Ղարաբաղի գործարարները: Բայց այս վերջինն
առանձին խոսակցության թեմա է: Ֆրանսիայի ֆոնեթոնը չհաշված, սա համահայկական
ակցիա չէր: Ի դեպ, մի առիթով էլի եմ ասել, որ Համահայկական Հիմնադրամի այլընտրանքը
կարող է լինել Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական ու տնտեսական զարգացմամբ շահագրգռված
մեծահարուստ հայերի ակումբը, սակայն սա չէր ունենա քաղաքական այն էֆեկտը, ինչ կարող
է ունենալ ազգային տուրքը, այսինքն՝ յուրաքանչյուր հայի մասնակցությունը կամ այլ
կերպ ասած՝ ներկայությունը Ղարաբաղում կամ Հայաստանում: Այդ ակումբի առաջ տարին մեկ
կամ երկու տարին մեկ կարող էին ելույթ ունենալ ՀՀ կամ ԼՂՀ նախագահներն ու ասել, թե,
ասենք, ունեն 25 մլն դոլարանոց մի ծրագիր, որը պիտի իրականացվի 2-3 տարում՝ այդ գումարը
բաժանենք, գրաֆիկ կազմենք, թե ո՛վ, ե՛րբ եւ ինչքա՛ն պիտի հատկացնի, եւ արագ կառուցենք
ճանապարհը: Հայաստանի եւ Ղարաբաղի գործարարներին առանձնացրի, քանի որ նրանց
ասվում է, թե Սփյուռքը ձեզ է նայում: Մեղմ ասած, սա բարոյական ճնշում է: Անցած տարի,
երբ դեռ Հիմնադրամում էի, խոսում էի մի հանրահայտ գործարարի հետ, նա բողոքում էր՝
ճնշում են: Ասացի՝ դուք էլ խիզախություն ունեցեք եւ Սփյուռքին ասեք, թե դուք արտադրական
հզորություններ եք ստեղծում, աշխատատեղեր եք ապահովում, հարկեր ու տուրքեր եք մուծում
պետությանը: Նա խոսակցության թեման փոխեց, որովհետեւ ասածս չէր համապատասխանում իրականությանը:
Հետո Սփյուռքի առատաձեռն կամ համեստ նվիրատուներից քչերն են երթեւեկում նման շքեղ
մեքենաներով կամ կառուցում նման դղյակներ: Այս անգամ Վանաձորից մի մանկատուն
էլ մասնակցեց իր նվիրատվությամբ: Դա ծիծաղելի է կամ ողբալի: Ամբողջ աշխարհում ամեն
մարդ գիտի, որ մանկատներն իրենք են ապրում բարեգործության շնորհիվ: Մեզ մոտ մանկատունը
դառնում է նվիրատու: Անկեղծ ասած՝ ե՛ւ անցած տարի, ե՛ւ դրանից առաջ ես եղել եմ նախաձեռնողն
ու ջատագովը աշակերտների եւ ուսանողների մասնակցության: Ես էլ դպրոցական երեխաներ
ունեմ, ում համար դպրոցում ամբողջ տարին բազմաթիվ անհեթեթ ծախսեր եմ անում: Եվ գտնում
եմ, որ այդ անիմաստ ծախսերի շարքում մարդիկ չպետք է զլանան 50 կամ 100-200 դրամ տրամադրել
Հայրենիքի զարգացման ծրագրերին: Բայց դա, որքան էլ իմ կարծիքով օգտակար է հենց աշակերտների
կամ ուսանողների համար, պետք է լինի կամավոր եւ միմիայն նրանց նվիրատվություններով:
Մանկատան երեխեքը, գիտեք, փող չունեն, որտեղի՞ց ունենան, ուրեմն ադմինիստրացիան ինչ-որ
ծախսերից կրճատելով է տալիս, եւ հենց այդ պատճառով էլ անհեթեթ է: Ես չեմ ափսոսում
նաեւ ՀՀ եւ ԼՂՀ գործարարների հարցում իմ ակտիվության համար: Երբ խնդիր կա դրված,
պետք է փնտրել եւ գտնել ուղիներ: Ես չէի կարող հայ գործարարների փոխարեն խիզախ լինել
կամ առհասարակ մտածել նրանց փոխարեն: Ես մտածում էի, որ խաղատներում կամ զվարճանքի
վայրերում ծախսվելիք գումարը կարող է ուղղվել ավելի կարեւոր գործի: Կարող
է հարց առաջանալ, թե ինչո՞ւ եք, ուրեմն, մեղադրում ներկաներին: Ոչ ոքի չեմ մեղադրում,
մտահոգվում եմ, որովհետեւ երեկ չէ առաջին օրը 500 հազարանոց ավտո առած գործարարի
15 հազար նվիրատվությունը, բացի 100 մետր ճանապարհ դառնալուց, ուրիշ ոչ մի էֆեկտ
չունի: Դա բարոյապես չի պարտավորեցնում սփյուռքահային: Հիմա անդրադառնանք
հեռուստամարաթոնին՝ ստեղծագործական տեսակետից: Նոյեմբերի 25-ին ինձ դրել էի բանից
անտեղյակ մարդու տեղ եւ որոշել էի այդպես նայել այն միջոցառումը, որի նախաձեռնողներից
մեկն ու հեղինակն եմ եղել 6 տարի: Թող ներեն ինձ «Շարմի» իմ գործընկերները, բայց
անկեղծ ասած՝ անորակ էր: Բանից անտեղյակ մարդու հայացքով նայելիս՝ ես փորձում էի
հասկանալ, թե ինչի՞ մասին է այս միջոցառումը, ո՞վ է այս նվիրատվությունների հասցեատերը:
Մարդու կերպար չկար, մարդկային պատմություն չտեսա: Փոխարենը՝ տեսա «Հայլուրի» թողարկումներ.
հպարտությամբ պատմում էին դոլարի կուրսի անկման, Հասարակածային Գվինեայում դատվող
հայ օդաչուների, ռազմական ուսումնարանում ժիմ անող տղայի ու նման տարբեր բաների մասին:
Մասնագիտական մի քանի դիտողություն կարող եմ անել: Մարաթոնի կազմակերպիչներին պետք
է հայտնի լիներ, որ «Հայլուրն» օվկիանոսից այն կողմ առանձնապես մեծ վարկանիշ չունի,
եւ նրա հայտնվելն այդ տոնական միջոցառման մեջ կարող էր չառաջացնել դրական հույզեր:
Նույն հույզերը հեռուստադիտողը հայտնի պատճառով չէր կարող ունենալ նաեւ դրամի կուրսի
անկման մասին լսելիս: Իսկ Հասարակածային Գվինեայի դատավարությունը կարող էր տեղ գտնել
միայն այն դեպքում, եթե մեր դիվանագիտությունը հասած լիներ օդաչուների ազատմանը:
Այ, սա կլիներ ազարտ առաջացնող ուրախ լուր: Եվ այսուհանդերձ՝ կարծում էի, թե մեզ,
այսինքն՝ մեր թիմին մերժելով, Հիմնադրամի ղեկավարները պիտի ձգտեին ամեն ինչ ավելի
լավ անել, հատկապես, որ իմ ունեցած տեղեկություններով՝ մարաթոնի պատրաստման համար
ծախսվել է մեծ գումար: ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ