Հանուն
ժողովրդավարության, հանդուրժողականության, բարգավաճման եւ բազմաթիվ այլ լավ-լավ բաների
Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, Հայաստանի ռամկավար ազատական
կուսակցությունը եւ «Հզոր հայրենիք» կուսակցությունը, ինչպես արդեն տեղեկացրել ենք,
ելնելով գործելաոճի եւ գաղափարական ընդհանրություններից, ինչպես նաեւ այն հանգամանքից,
որ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններում համատեղ ստացել են ձայների 10
տոկոսից ավելին՝ նախաձեռնում են քաղաքական համագործակցություն: Այս առիթով երեկ հրավիրած
մամուլի ասուլիսում եռյակի ղեկավարները մանրամասնեցին, որ համագործակցությունը նպատակաուղղված
է Հայաստանում «ժողովրդավարական գործընթացների հետագա խորացմանը, քաղաքական մշակույթի
կայացմանը, ազգային, պետական խնդիրների գերակայության ապահովմամբ քաղաքակիրթ քաղաքական
պայքարի եւ հանդուրժողական մթնոլորտի ձեւավորմանը: Անհատի ազատության ապահովմանը,
ՀՀ ինքնիշխանության հետագա ամրապնդմանը, հայ ժողովրդի տնտեսական, սոցիալական ու մշակութային
բարգավաճմանը»: Հնչեցրած այս դասական բարի ցանկություններից հետո նրանք համագործակցությանը
պաշտոնական տեսք տվեցին՝ այդ առիթով նաեւ համաձայնագիր ստորագրեցին: Ի դեպ, ո՛չ համագործակցության
մասին հայտարարությունը, ո՛չ ստորագրված համաձայնագիրը չեն սպառնում կուսակցությունների
սուվերենությանը: Հարցերը, որոնց շուրջ համաձայնություն չի կայանա, յուրաքանչյուրն
ազատ կլինի իր արտահայտություններում եւ գործողություններում: Եռյակ միությունը պատրաստ
է համագործակցել նաեւ բոլոր այն ուժերի եւ անհատների հետ, ովքեր նույնպես տոգորված
են վերոհիշյալ գաղափարներով: «Սա դաշինք չէ, կոալիցիա չէ, ժամանակը ցույց
կտա՝ ինչպիսի ապագա ակնկալել այս համագործակցությունից»,- ասաց ՀԺԱՄ նախագահ Սեյրան
Ավագյանը՝ ի պատասխան «Առավոտի» հարցի, արդյո՞ք համագործակցությունը ենթադրում է
նաեւ առաջիկա ընտրություններին համատեղ հանդես գալու նախաբան: «Չենք ուզում առաջ
ընկնել, ամեն ինչ իր ժամանակին կլինի»,- հավելեց «Հզոր հայրենիքի» առաջնորդ Վարդան
Վարդապետյանը: Իսկ ՀՌԱԿ ատենապետ Հարությունյանն ակնարկեց, որ իրենց նպատակներն ավելի
հեռահար են, քան զուտ ընտրություններին մասնակցելը: Հեռահար ասելով նկատի ուներ բարգավաճ
Հայաստանը: Լրագրողների այլ անհանգստությունների առիթով Վարդան Վարդապետյանը Ջիվանու
ոգով կեսլուրջ-կեսկատակ նկատեց. «Համագործակցությունս կոալիցիայիդ ու ընդդիմությանդ
վնաս չէ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ