Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԻ-ԼԱՉԻՆ ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Դեկտեմբեր 02,2004 00:00

Ահազանգում
է «Արմատ» կենտրոնի ղեկավար Բաբկեն Արարքցյանը ՀՀ Գերագույն խորհրդի նախկին
նախագահ, ՀՀՇ անդամ, «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման
կենտրոնի ղեկավար Բաբկեն Արարքցյանը երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր: «Հրատապ
թեման» Արցախի հիմնախնդիրն էր: Պարոն Արարքցյանն ասաց, որ այսօր միջազգային կառույցների
կողմից ներկայացվող փաստաթղթերում առաջին անգամ արձանագրվում են կոնկրետ նպատակ հետապնդող
գործողություններ. «Եթե ընդունվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը, դա կնշանակի,
որ ստեղծվելու է փաստեր հավաքագրող հանձնախումբ, որը «գրավյալ տարածքներում» պետք
է կազմակերպի ուսումնասիրություններ եւ ընդարձակ զեկույց ներկայացնի վեհաժողովի 60-րդ
նստաշրջանին: Պատերազմական գործողություններից տասը տարի հետո առաջ է քաշվում մի
դրույթ, որն առաջ չի արծարծվել ոչ մի փաստաթղթում: Խոսքը էթնիկական զտումների մասին
է, «գրավված տարածքների» օգտագործման, բնակչության զանգվածային հեռացման մասին: Ես
չեմ ուզում խիստ նմանություններ ներկայացնել, բայց, եթե հիշում եք, Հարավսլավիայի
պարագայում եւս այսպիսի հանձնախումբ ստեղծվեց: Այսպիսի հանձնախումբը առաջին նշանը
եղավ, որից հետո սերբերը կորցրին ամեն ինչ»: Այս զգուշացումից հետո Բաբկեն
Արարքցյանը նկատեց, որ Արցախի շուրջ սկսվում է շարունակական գործընթաց, որի հետեւանքներն
անհայտ են: Ըստ նախկին խոսնակի՝ որոշ ելույթներից ակնհայտ է դառնում, որ կողմերին
նոր առաջարկներ են ներկայացված, որոնք գաղտնի են պահվում հասարակությունից. «Ինչը
առիթ է տալիս ենթադրել (ես միայն ենթադրություններով չեմ խոսում, բայց աղբյուրը չեմ
կարող ասել), որ այդ առաջարկություններն անբարենպաստ են Հայաստանի համար: Մի բան
կարող եմ ասել. չի կարելի համարել, որ Մեղրիի հարցը հանված է օրակարգից: Ի՞նչ ձեւով,
դա այլ հարց է: Համենայնդեպս, Լաչին-Մեղրի հարաբերությունները (չեմ ուզում գործածել
փոխանակում բառը) օրակարգից հանված չեն: Այս տեսակետից մենք վիճակը գնահատում ենք
ծայրաստիճան վտանգավոր»: Բաբկեն Արարքցյանը կրկնեց «Արմատի» երեկ հրապարակած գնահատականը,
ըստ որի՝ ՄԱԿ-ի վեհաժողովում հարցի քվեարկության հետաձգումը վերջնագիր է. «Այսինքն`
կամ Հայաստանը ինչ-որ ձեւով պետք է ընդունի այն առաջարկները, որոնք գաղտնի են պահվում,
կամ կընդունվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւ, որը կարող է շատ բարդ հետեւանքներ
ունենալ Հայաստանի համար»: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ պարոն Արարքցյանը
նկատեց, որ հարցի լուծման փաթեթային տարբերակը այսօր հենց իշխանության կողմից էլ
հանված է շրջանառությունից, այսօր խոսում են փուլային տարբերակի մասին. «Բայց ես
համոզված եմ, որ այն փուլային տարբերակը, որ կար 97-ին, այսօր անհնար է վերադարձնել:
Դրան վերադառնալու մեկ հնարավորություն կա: Ընդհանրապես կա մեկ շանս՝ այս իշխանությունը
պետք է հեռանա: Ցանկացած նոր, լեգիտիմ իշխանություն կարող է հնարավորություն ունենալ
վերանայել խնդրի կարգավորումը: Բայց դա էլ կլինի շատ դժվար գործ: Իսկ այս իշխանությունն
արդեն «ցուգ-ցվանգի» մեջ է, այսինքն` ցանկացած քայլ բերում է ավելի վատ հետեւանքների»:
Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում ավարտվել է դեկլարացիաների փուլը եւ
սկսվել է գործողությունների փուլը, որը, ըստ ՄԱԱ-ի հյուրի, Հայաստանի եւ Արցախի համար
ոչ մի լավ բան չի խոստանում, քանի որ միջազգային հանրությունն արդեն հասկացել է,
որ Հայաստանը ուզում է հարցը ձգձգել եւ լուծումը հետաձգել: Հնարավո՞ր է, որ
իրավիճակը չխորացնելու համար նախկին իշխանության ներկայացուցիչները Արցախի հարցի
լուծման ինչ-ինչ պայմաններում համամիտ լինեն այսօրվա իշխանության հետ: Այս հարցին
պատասխանելով` պարոն Արարքցյանն ասաց, որ նախ պետք է իմանալ, թե ի՞նչ տարբերակ է
առաջարկվում. «Ես կարող եմ իմ անունից ասել՝ եթե լինի այնպիսի տարբերակ, որը ինչ-որ
չափով ընդունելի լինի Հայաստանի համար, կարծում եմ` պետք է մի կողմ թողնենք քաղաքական
ամբիցիաները եւ գնանք այդ տարբերակի ընդունմանը, որպեսզի Հայաստանը հնարավորություն
ունենա զարգանալ, դառնալ նորմալ պետություն: Իհարկե, մեկ պայմանով՝ այդ փաստաթղթում
պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ապահովության, զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները»:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ հավանակա՞ն է պատերազմի վերսկսման վտանգը; Պարզվեց,
որ պատերազմի վտանգը բավականին ռեալ է. «Ցուգ-ցվանգային այդ իրավիճակի մասին խոսելիս
հենց այդ նկատի ունեմ: Դիվանագիտական այս պաշարումը, որին ենթարկվել է Հայաստանը,
չի բացառում, որ ստեղծվի պատերազմական իրավիճակ եւ Ադրբեջանի կողմից հրահրված կամ
սկսված պատերազմը ինչ-որ ձեւով շատ խիստ չդատապարտվի միջազգային հանրության կողմից:
Հարավսլավիայի օրինակը նման է դրան: Ես չեմ ասում, որ այս սցենարը կկրկնվի, բայց
ամեն ինչ հնարավոր է: Ցավոք, պատերազմի վտանգը լուրջ է»,- նշեց պարոն Արարքցյանը:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել