Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏԻՑ

Դեկտեմբեր 01,2004 00:00

ԱՐԱՐԱՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ Այս օրերին Երեւանում է ֆրանսաբնակ մեր հայրենակից, կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանը: «Առավոտն» արդեն տեղեկացրել է նրա՝ Կինոյի տանը տեղի ունեցած երեք ֆիլմերի ցուցադրման մասին: Նորան ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը, այնուհետեւ ուսանել է Ամստերդամի Ռիթֆելդ ակադեմիայի վիդեոֆիլմերի բաժնում, ապա զուգահեռ երկու ասպիրանտուրա է ավարտել՝ Ամստերդամում եւ Ֆրանսիայում: Ներկայումս գործնական ռեժիսուրա է դասավանդում Մոնտպելիեի (ֆրանսիա) արվեստի ակադեմիայում: Նորայի առաջին՝ «6 այցելություն» ֆիլմը (2002թ.) արժանացել է Ամստերդամի թագավորական ակադեմիայի գլխավոր մրցանակին: 2003-ին Նորան միանգամից երեք ֆիլմ է նկարահանել՝ «Միջանցիկ քամի», «Արագած», «Հանդիպում փակ աչքերով»: «Հայրս աշխատում էր Արագածի ֆիզիկայի ինստիտուտում՝ ֆիզիկոս: Մենք՝ երեխաներս ամեն տարի բարձրանում էինք նրա մոտ: Արագածի ողջ գեղեցկությունը, քամուց ամեն խոտի շարժումը, ջրերի ձայնը տեսել ու զգացել եմ դեռ մանկուց: Այդ պատճառով Արագածն ինձ համար սար չէ, այլ հոգի ունեցող անձ, որ կարող է լուռ խոսել, զրուցել: Իմ «Արագած» ֆիլմում Արագածի եւ Արարատի լուռ զրույցն է»: Մեր դիտարկմանը՝ «Մի քիչ շահարկված չէ՞, արդյոք, Արարատի թեման8230եւ ո՞ւմ «դերն» է խաղում ձեր ֆիլմում լեռը, նորից կորած Էրգրի սիմվո՞լ է», Ն. Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարոտաբաղձություն եւ բարձրագոչ հայրենասիրություն չկա իմ ֆիլմում: Ես փորձել եմ Արարատը ներկայացնել շարժվող, «դողացող» ժապավենի վրա: Իմ Արարատը դողում է, նա կատարյալ չէ: Նա ավելի շուտ իր անձը կորցրած մարդ է, որ փորձում է գտնել ինքն իրեն: Ու չնայած դրան, Արարատն ինձ համար գեղեցկության չափանիշ է: Հոլանդիայում ֆիլմի ցուցադրումից հետո ինձ մոտեցավ մի հոլանդացի կինոքննադատ եւ ասաց. «Դու բնություն ես նկարել, բայց մենք բնության միջոցով ճանաչեցինք այն ժողովրդին, որ ապրում է այդ բնության մեջ»: Նորան ցավով փաստեց, որ այսօր Եվրոպան «ողողված» է հոլիվուդյան մարտաֆիլմերով, զգայացունց մելոդրամներով. «Այսօր կինոն չափազանց «շատախոս» է, սյուժետային: Պատկերը կինոյում այնքան բան պետք է ասի, որ խոսքի կարիք չզգացվի: Իսկ երիտասարդները Եվրոպայում 5-10 րոպեանոց մոդեռն ոճի, կիսաֆանտաստիկ, կիսահումորային ինչ-որ բաներ են նկարահանում, անունը դնում կինո: Ես իմ ֆիլմերում չեմ «խոսում», չեմ պատմում, եթե ես պատմելու բան ունենայի՝ գիրք կգրեի: Ուղղակի ցուցադրում եմ»: Արդեն գրեթե ավարտվել են Ն. Մարտիրոսյանի «Քաջ Նազար» մուլտֆիլմի նկարահանումները: Մուլտֆիլմը ստեղծվել է Սպիտակի «Շողեր» համակարգչային կենտրոնի սաների հետ: Երեխաներն իրենց ձեռքերով են պլաստիլինից պատրաստել մուլտֆիլմի հերոսներին: Պարզվում է՝ Նորային ոգեշնչում են ոչ միայն Հայաստանի լեռները, այլ մեր երթուղային տաքսիները. «Հայաստանյան երթեւեկությունից մարդու ադրենալինն է բարձրանում»,- կատակում է Նորան: Այնպես որ, նրա նոր ֆիլմի թեման երթուղայիններն են: Ի դեպ, նկարահանումներն էլ արդեն սկսված են: ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել