Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 01,2004 00:00

«ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՆՁԻ ԽՆԴԻՐ ՉԷ» Ընթերցողը կոչ է անում «չմեղմել» այն «դրական էմոցիաները», որոնք, ըստ նրա, հասարակության մի մասի մոտ առաջացրել է Տեր-Պետրոսյանի հանդիպումը լրագրողների հետ: Ես ձեր թերթի ընթերցողն եմ: Ուշադրությամբ հետեւում եմ «Առավոտի» այն հրապարակումներին, որոնք վերաբերում են Հայաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական զարգացումների վերլուծությանը: Միանգամից ասեմ, որ ես ինձ չեմ ուզում դասել այն, այսպես կոչված՝ «մասնագետների» շարքը, որոնք հանրապետությունում տեղի ունեցած քիչ թե շատ արժանահիշատակ իրադարձություններին արձագանքում են անմիջապես եւ լրատվամիջոցները լցնում զանազան ու խայտաբղետ տեսակետներով, որոնցից, Աստված վկա, նույնիսկ խորաթափանց ընթերցողը գլուխ չի հանի: Սակայն ինձ դեռեւս համարելով Հայաստանի քաղաքացի, կարծում եմ, կարող եմ մի քանի տեսակետ հայտնել՝ կապված հանրապետության առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի «լռության խախտման» եւ այդ առիթով ձեր՝ «Սա վերադարձ չէր» հոդվածի կապակցությամբ: Պիտի ասեմ, որ ինձ բավականաչափ տեսանելի է ձեր չափավորությունը եւ, թերեւս, այդ է պատճառը, որ ես ցանկացա ներկայացնել այդ հարցի նկատմամբ ունեցած իմ պատկերացումները, քանզի ինչպես «ՉԻ»-ն կասեր՝ «մարդկանց այդ տեսակը» չի սիրում ծայրահեղություններ: Համոզված եմ, որ կլինեն նաեւ ծայրահեղ տեսակետներ, մեկնաբանություններ, կարծիքներ եւ վերլուծություններ, որոնք կվերաբերեն նրան, թե արդյոք ի՞նչ էր եւ ի՞նչ է նշանակում ԼՏՊ-ի լռության այդ խախտումը: Ես չէ, որ պիտի նշեմ հասարակական պահանջի կարեւորությունը հասարակության զարգացման, պետական կառավարման համակարգի բարելավման եւ, վերջապես, պետության մեջ ունեցած արժեքների գնահատման գործում: Այդ պատճառով ինձ թույլ եմ տալիս նկատել, որ անկախ նրանից, թե ԼՏՊ-ն պաշտոնական քարոզչության կողմից որքան «կցեխոտվի», այդ պահից հասարակության մի շերտի համար նա դադարում է այլեւս մնալ որպես պասիվ ականատես, այն էլ հանրապետության նախկին նախագահի տեսքով: Հավատացնում եմ ձեզ, որ իմ նմանները, որոնք կարողանում են քիչ թե շատ տուն պահել, կրթված են եւ իշխանական հավակնություններ չունեն, մտածում են, թե ինչպե՞ս կարելի է այդ ամենի մեջ որեւէ բան (ոգեւորություն, խանդավառություն) չտեսնել: Հարցը բոլորովին էլ անձի խնդիր չէ, այլ այն հույսի, որ այնպիսի պրագմատիկ (ըստ ձեզ՝ գիտնական) մարդ, ինչպիսին ԼՏՊ-ն է, համոզվել է իր լռելու անկարողության մեջ: Իսկ դուք վերցնում եք ու ձեր չափավորությամբ սկսում մեղմել հասարակության թեկուզ մի մասի, ասենք՝ դրական էմոցիաները: Աստված վկա, ճիշտ Ջորջ Գալիֆակսի ասածի նման՝ «Հույսի հետ պետք է վարվել այնպես, ինչպես տնային թռչունների. կտրել նրա թեւերը, որպեսզի նա ցանկապատից այն կողմ չթռչի»: Ես՝ ընթերցողս, որպես քաղաքական «մուտիլովկաների» ու բամբասանքների զոհ, խնդրում եմ տարանջատել մեզ ԼՏՊ-ի այն շրջապատից, որոնք, ըստ ձեզ, «չպիտի սպասեն մինչեւ Տեր-Պետրոսյանը խոսի, որպեսզի դրա շնորհիվ նորից հայտնվեն ուշադրության կենտրոնում»: Ձեր բաց տեքստով կշտամբանքն ուղղված այդ մարդկանց՝ եւ քաղաքական, եւ մարդկային իմաստով ինձ հասկանալի է, սակայն իմ նմանները ԼՏՊ-ի եւ նրա շրջապատի «կուլուարային» անցուդարձին տեղյակ չեն, բայց հանրապետությունում տիրող իրավիճակը գնահատում են որպես շատ գորշ ու անհեռանկարային: Եվ այս ֆոնի վրա, երբ ատլանտյան տաք հոսանքները մի քիչ կարծես ցանկանում են ջերմացնել մեզ հյուսիսային ցրտերից, դուք լրագրողական անողոքությամբ (ձեւի մասին չէ խոսքը) կարծում եք. «դժվար թե իր «վերադարձը» նման ձեւով ակնարկեր»: Միգուցե դուք ցանկացել եք մեղմել ԼՏՊ-ի վրա սպասվող հարձակումները կամ, գուցե, այն խթանել, ամեն դեպքում, ստացվել է մի քիչ այլ բան: Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ, Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել