Սպանությունը կանխատեսված էր Ըստ փաստաբան Նազելի Վարդանյանի, դա է ապացուցում Բուդապեշտում տեղի ունեցող դատավարությունը: Նոյեմբերի 23-ին Բուդապեշտի մայրաքաղաքային դատարանում սկսվել է Ռամիլ Սաֆարովի դատավարությունը, որը մեղադրվում է ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ: Երեկ Փաստաբանների միջազգային միության անդամ Նազելի Վարդանյանը լրագրողներին պատմեց գործի ընթացքի մասին: Ն. Վարդանյանը դատավարությանը մասնակցում է իբրեւ «դատավորի օգնական», քանի որ տուժողը հունգարական քրեական օրենսգրքով իրավունք չունի ունենալ պաշտպան: Ըստ փաստաբանի, հանցագործության ծանրացուցիչ հանգամանքները մի քանիսն էին: Նախ այն, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել, երկրորդ՝ հատուկ ուղղված է եղել հայազգի ներկայացուցիչների դեմ եւ երրորդ՝ որ ոճրագործը փորձել է սպանել Հայկ Մակուչյանին: Եթե նախաքննության ժամանակ ոճրագործը հայտնել էր, թե փոքր հասակում ականատես է եղել հայերի դաժանություններին ազերիների նկատմամբ եւ վրեժխնդրությամբ է լցվել՝ նախօրոք գնել է կացինը եւ ցանկացել է սպանել հայերին, ապա դատաքննության ժամանակ նա հայտնել էր, որ մեղանչում է, չի հասկացել, թե ինչ է արել, որ ինքը մտադիր չի եղել սպանել: Ցուցմունքի փոփոխությունը նա բացատրել է նրանով, թե ռուսերենի չիմացությունը նրան խանգարել է ճիշտ ձեւակերպել մտքերը: Սակայն Ն. Վարդանյանը հայտնեց, որ նա մեկ տարի սովորել է ռուսական ուսումնարանում: Գործում առկա էր նաեւ հունգարացի սպայի ցուցմունքը, որը նկարագրել էր, թե ինչ դաժանությամբ է ազերին Գուրգենի դիակին հարվածել: «Ապացուցվեց, որ տղաները ոչ մի մեղք չեն ունեցել, բացի մի մեղքից՝ որ նրանք հայ են»,- շարունակեց Ն. Վարդանյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ Սաֆարովի պաշտպանները ինչ-որ ճիգեր են անում փրկելու Սաֆարովին՝ փորձելով ապացուցել, որ սպանությունը կանխամտածված չի եղել: Նիստը հետաձգվել է մինչեւ փետրվարի 8-ը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը նկարագրեց Ադրբեջանի ԶԼՄ-ների արտադատարանական գործունեությունը: «Ստի ինդուստրի ստեղծեցին,- ասաց նա,- եւ այն լուրերը, որ տարածել էին ԶԼՄ-ները, թե իբր հայ սպաները սրբել են իրենց կոշիկները Ադրբեջանի դրոշով՝ հօդս ցնդեցին: Սաֆարովի ոչ մի ցուցմունքում դատավորի եւ ոչ մի հարցին չկա կոշիկները ադրբեջանական դրոշով սրբելու պատմություն, չկա նսեմացնելու որեւէ ապացույց: Դա շինծու պատմություն է եւ հասկանալի դատարանին»: Տեղեկացանք նաեւ, որ Բուդապեշտում դատական նիստերի դահլիճում եղել են հայկական սփյուռքի, հյուպատոսարանների ներկայացուցիչներ: Հայկական ԶԼՄ-ներից ոչ մի ներկայացուցիչ չի եղել: Եվ «Զերկալոյի» տարածած ինֆորմացիան, թե հայերը «դեսանտ էին իջեցվել», ապատեղեկատվություն էր: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ