Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ

Դեկտեմբեր 01,2004 00:00

Ե՞ՐԲ Է ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ Երեկ լրագրողներին տարան «առավել թափանցիկ» դպրոցն ու բուժհիմնարկը ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեկ լրագրողների համար կազմակերպել էր շրջայց՝ ընտրելով մայրաքաղաքի մեկ կրթական եւ մեկ առողջապահական հիմնարկ: Միջոցառման նպատակն էր ցույց տալ, թե ինչպես է հնարավոր այս ոլորտներում աշխատել հնարավորինս զերծ մնալով կոռուպցիոն դրսեւորումներից: Որպես չկոռումպացված հիմնարկներ՝ ընտրվել էին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը եւ Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցը: Վերջինիս ընտրության պատճառն անհայտ մնաց, սակայն լրագրողներիս միայն մեկ շրջայցը բավարար էր՝ տեսնելու, որ դպրոցական կառավարման համակարգում առկա թերություններն ու բացերը կոռուպցիայի լայն հնարավորություն են տալիս, եւ տվյալ դպրոցը բացառություն չէր: Այսպես, ֆիզիկայի դասին տասներորդցիների 22 հոգանոց դասարանից ներկա էր ընդամենը 9 աշակերտ: Տնօրեն Հասմիկ Ղարիբյանը մեզ այդ առնչությամբ ասաց, թե այդ դասարանը կիսվում է, տնօրենին հավատարմորեն պաշտպանում էր այդ դասարանից մի տղա: Այնքան ժամանակ, մինչեւ ֆիզիկայի ուսուցիչն ինքը ասաց, որ դասարանը չի կիսվում, բայց բացակայությունների մեծ թիվը գուցե կապված է գրիպի հետ: Իսկ մենք կասկածում ենք, որ դա գրիպ էր. պարզապես տասներորդցիներն ընդհանրապես դասերի չեն հաճախում՝ կրկնուսույցների մոտ պարապելու պատճառով: Այս առնչությամբ ֆիզիկայի ուսուցչուհին ասաց. «Նախ՝ դասախոսները պետք է չարհամարհեն դպրոցը, նրանք դպրոցը հետին պլան են մղում՝ իբր մենք ավելի շատ ենք տալիս, քան դպրոցը: Այս մասին շատ լուրջ պետք է մտածել»: Տնօրենն էլ նշեց, որ իրեն հաճախ են մոտենում դասերի չգալու հարցով, բայց ինքը մերժում է: Մյուս կողմից՝ խոստովանեց, որ մերժելու դեպքում աշակերտ է կորցնում (իսկ այսօր դպրոցները ֆինանսավորվում են աշակերտի թվով). ծնողները երեխային տեղափոխում են այնպիսի մի դպրոց, ուր երեխան կարող է դասի չգնալ, բայց տարեվերջին վկայական ստանալ: Դպրոցի ցածր դասարաններում հանդիպեցինք մինչեւ 40-45 հոգանոց դասարանների: Այն դեպքում, երբ բարեփոխումների նոր ծրագրով այս դասարաններում առավելագույն թիվը պետք է լինի 35-ը, որպեսզի արդյունավետ աշխատանք ապահովվի: Տնօրենը, փաստորեն, ավելորդ կադրերից (եւ հետեւաբար՝ ավելորդ աշխատավարձից) խուսափելու համար դասարանները չի կիսում: Եվ դա բացատրում է նրանով, որ կիսելը հակամանկավարժական կլինի, քանի որ միեւնույն է՝ ավագ դասարաններում նորից դասարան փակելու կարիք է լինում (ոմանք տեղափոխվում են քոլեջներ, միջին մասնագիտական հաստատություններ ու այլն), եւ երեխաներն ավելորդ անգամ դասարանից դասարան են տեղափոխվում: Դպրոցում սովորում է 1407 աշակերտ, եւ դպրոցը տարեկան յուրաքանչյուր աշակերտի համար բյուջեից ստանում է 36 հազար դրամ, պլյուս 3.5 մլն դրամ՝ պահպանության ծախսերի համար: Այս դպրոցի աշակերտների թվի պարագայում բյուջեի հատկացումները բավարարում են՝ հոգալ ջեռուցման, էլեկտրաէներգիայի եւ կոմունալ այլ ծախսեր: Սակայն ծախսերի մասին համապատասխան հաշվետվություն դպրոցում փակցված չէր, ինչը պահանջվում է համապատասխան կարգով: Տնօրենն ասաց, որ սեպտեմբերին այն փակցվել է, հետո՝ հանվել: Բացի այդ, թափանցիկ չեն համայնքի կողմից արվող «նվիրատվությունները»: Ըստ տնօրենի, դպրոցում շատ են պաշտոնյաների երեխաները, եւ ում էլ որ նա որեւէ հարցով դիմի, չեն մերժում: «Եթե դիմեմ, այդ մարդիկ չեն, որ չօգնեն»: Իսկ արդյո՞ք որոշակի ծառայությունների դիմաց ծնողը ուսուցչին կամ տնօրենին «շնորհակալություն» չի հայտնում, ասենք՝ լավ ատեստատի կամ դասերի չգալու համար: «Եթե ծնողը կգա, ինձ կբողոքի, որ ուսուցիչն իրենից ինչ-որ բան է պահանջել, այդ ժամանակ ուսուցիչը պատասխանատվություն կկրի»,- հարցին պատասխանեց տիկին Ղարիբյանը: Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում պատկերն առաջին հայացքից բարվոք էր: Տնօրեն Լիդիա Մուրադյանը մեզ հայտնեց, որ այստեղ վճարումները կատարվում են միայն դրամարկղերում, եւ չկա լրացուցիչ՝ ոչ լեգալ որեւէ վճարում: Այդ պարագայում բժիշկն այստեղ ստանում է 500-600 դոլարին համարժեք դրամ, բուժքույրը՝ մինչեւ 170, մայրապետը՝ 100: Այսինքն՝ ճիշտ այնքան, որքան այլ բուժհաստատություններում այդ անձինք ստանում են անօրինական ձեւերով: Տնօրենն ասում է, որ կենտրոնի լավ պայմանները բնավ էլ նրանից չէ, որ այստեղ սրտի վիրահատություն է կատարվում, ինչը թանկ արժե: Թեպետ համաշխարհային չափանիշներով Հայաստանում այս վիրահատությունը շատ էժան է՝ 3600 դոլար՝ տեղացիների համար: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել