Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործությունից

Դեկտեմբեր 01,2004 00:00

Բարեգործությունից բոլորն էլ օգտվում են Աբովյանցի ուսանողների համար ասուլիսի առիթ էր հանդիսացել օրերս «Առավոտում» լույս տեսած «Բարեգործությունից չեն օգտվում» հրապարակումը: Հոդվածում երկու ուսանող իրենց դժգոհությունն էին հայտնել բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող ուսանողների անվճար երթեւեկության վերաբերյալ՝ նշելով, որ «վարորդներն ավելի շատ հակված են ոչ ուսանողների տեղափոխել, որովհետեւ վերջիններս վճարում են ուղեվարձը»: Երեկվա ասուլիսին ներկա ուսանողները, նրանց ծնողները, ավտոբուսների վարորդներն իրենց վրդովմունքը հայտնեցին հոդվածում երկու ուսանողի կողմից հնչեցրած «անհիմն մեղադրանքների» առնչությամբ: Վերջիններս հերքեցին նաեւ նյութում տեղ գտած այն տեղեկությունը, ըստ որի՝ «հիմնադրամը որեւէ փոխանցում չի կատարում ավտոկայանին, եւ նույնիսկ մեքենաների անսարքության ծախսերը հոգում են վարորդները»: Վարորդների հավաստմամբ, Գ. Ծառուկյանը, բացի գազի անվճար լիցքավորումից, իրենց օգնում է նաեւ ավտոբուսների համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու հարցում: Իսկ ուսխորհրդի նախագահ Լիլիթ Աղասյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «2003 թ.-ի հուլիսից Աբովյան քաղաքում գործում է ԱԺ պատգամավոր, բարերար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ստեղծված Աբովյանի ուսխորհուրդը, որն իր ստեղծման օրվանից Գ. Ծառուկյանի հատկացրած միջոցներով իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ՝ քաղաքի ուսանողների ինչպես սոցիալական, այնպես էլ կրթական պայմանները բարելավելու համար: Աբովյան քաղաքում եւ ողջ հանրապետությունում բոլորն էլ շատ լավ տեսնում են եւ գիտեն, թե պարոն Ծառուկյանի կողմից ինչպիսի բարեգործություններ են արվում, եւ նման ստահոդ եւ զրպարտիչ հայտարարություններ անելը ուղղակի անհիմն է ու աններելի»: Ի դեպ, ուսխորհրդի ղեկավարների խոսքերով, հոդվածում նշված մանկավարժականի ուսանող Էլեոնորա անունով աղջիկը, որը հոդվածում զրպարտում է, դիմում է գրել ուսխորհրդին իր ուսման վարձը փոխանցելու համար. «Ինչպես կարելի է, որ կարիք ունեցող մարդը նման անհեթեթություններ դուրս տա»: Աբովյանն ունի 1300 ուսանող: Բարերարի կողմից յուրաքանչյուր տարի ուսանողների բարեգործական հիմնադրամին է փոխանցվում 10 մլն դրամ՝ կարիքավոր ուսանողների վարձավճարների համար: Այս տարի Գ. Ծառուկյանը162 ուսանողի ուսման վարձ է վճարել: Աբովյանցի ուսանողների ծնողներն իրենց երախտիքի խոսքը եւ խորին շնորհակալությունը հայտնեցին Գ. Ծառուկյանին՝ նշելով, որ նա միշտ պատրաստակամ է ֆինանսապես աջակցելու եւ օգնելու սոցիալապես անապահովների, զոհվածների ընտանիքներին եւ ծնողազուրկ երեխաներին: Ուսանողուհի Հասմիկ Շաթիրյանի մոր խոսքերով. «Իմ աղջիկն ամեն օր օգտվում է իրենց հատկացված անվճար տրանսպորտից եւ շատ գոհ է»: Աբովյան քաղաքի բնակիչ Գոհար Շահբազյանի պատմելով էլ՝ «Երկու տարի է, պարոն Ծառուկյանը հովանավորում է իմ առաջին կարգի հաշմանդամ երեխայի ուսման վարձը, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրան»: Ուսխորհրդի ներկայացմամբ, բարերարը ոչ միայն տրանսպորտի անվճար երթեւեկությունն է ապահովում եւ ուսման վարձերն է փոխանցում, այլեւ հիմնադրամի հովանավորությամբ անվճար գործում է ինտերնետային ակումբ, որը համալրված է համակարգիչներով, ինչպես նաեւ ակումբում բոլոր ուսանողների համար կազմակերպվում են անվճար համակարգչային դասընթացներ: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել