Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 01,2004 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՆԱԿՑԻ Երեկ Գերմանիայի կանցլեր Շրյոդերը ՌԴ նախագահին հորդորել է Ուկրաինայի ընտրությունների վերաբերյալ տեսակետներում ավելի շրջահայաց լինել: Ի պատասխան` Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն կհամագործակցի Ուկրաինայում ժողովրդավարական ճանապարհով ընտրված ցանկացած նախագահի հետ: Անշուշտ, դժվար է համարժեք համեմատություններ անցկացնել մի կողմից՝ Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխության» կամ Ուկրաինայում դեռեւս ծավալվող իրադարձությունների ժամանակ այդ երկրների ընդդիմության եւ իշխանությունների կեցվածքի եւ մյուս կողմից՝ ՀՀ-ում 2003-ի նախագահական ընտրություններից հետո, նաեւ 2004-ի ապրիլին տեղի ունեցած դեպքերի ժամանակ հայրենի իշխանությունների եւ ընդդիմության գործողությունների միջեւ: Ուկրաինայում այդ երկրի Գերագույն դատարանն արդեն երկրորդ օրն է, ինչ քննարկում է նախագահի ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի նախընտրական շտաբի հայցը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործության եւ Վ. Յանուկովիչին ընտրված նախագահ հայտարարելու հարցի վերաբերյալ: Երեկ Վ. Յուշչենկոյի լիազորված անձը դատարան է ներկայացրել նոր տվյալներ, որոնք փաստում են, որ քվեարկության օրը, ժամը 20-ին, ԿԸՀ հայտարարությունը՝ ընտրողների մասնակցության թվի վերաբերյալ, մոտ 1 մլն 120 հազարով տարբերվում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ունեցած պաշտոնական տվյալներից: Հայտնի է, որ Գերագույն դատարանն իր որոշումը կհրապարակի արդեն ուրբաթ օրը: Միաժամանակ Ուկրաինայի գլխավոր դատախազ Գենադի Վասիլեւը երեկ քրեական գործ է հարուցել երկրի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների փաստի առիթով: Բայց, ի տարբերություն ՀՀ գլխավոր դատախազի, այդ քրգործի թիրախը ամենեւին էլ երկրով մեկ բողոքի ցույցեր նախաձեռնած ընդդիմադիր գործիչները կամ հասարակության անդամները չեն: Քննության առնելով ձեռքի տակ եղած նյութերը՝ Ուկրաինայի գլխավոր դատախազը որոշել է, որ նախագահական ընտրություններից հետո Ուկրաինայում կատարվում են գործողություններ, որոնք սպառնում են երկրի տարածքային ամբողջականությանն ու անձեռնմխելիությանը, իսկ երկրի անվտանգության ծառայությունը այդ անօրինականություններին չի արձագանքում: Հիշեցնենք, որ Ուկրաինայից անջատվելու մասին վերջին օրերին հայտարարում են անգամ տեղական իշխանությունների մակարդակով բացառապես Ուկրաինայի արեւելյան հատվածում՝ սպառնալով, որ Վիկտոր Յանուկովիչին նախագահ չհայտարարելու դեպքում այդ շրջանները կմտածեն ինքնավարություն կազմավորելու մասին: Իսկ մինչ Ուկրաինայում իրավապահ եւ արդարադատության համակարգերն են ձեռնամուխ եղել երկրում կարգուկանոն հաստատելուն, գործող վարչապետ եւ նախագահի թեկնածու Վ. Յանուկովիչը «համագործակցության ձեռք է մեկնել» իր ընդդիմադիր մրցակից Վ. Յուշչենկոյին: Երեկ նա հայտարարել է, որ եթե ինքն, այնուամենայնիվ, հայտարարվի որպես ընտրված նախագահ, պատրաստ է Վ. Յուշչենկոյին առաջարկել վարչապետի պաշտոնը՝ ամենալայն իրավասություններով: Ի պատասխան այս շռայլ խոստման՝ Վ. Յուշչենկոն ասել է, թե հնարավոր չի համարում այդ առաջարկությունն անգամ քննարկել: «Մարդիկ սպասում են հստակ դիրքորոշման: Նրանք չեն սպասում, որ ես զբաղեցնեմ վարչապետի պաշտոնը: Մարդիկ հարցնում են՝ այս երկրում կա՞ քաղաքական էլիտա, որն ի վիճակի է պաշտպանել արդար ընտրությունները, թե՞ ոչ»,- հայտարարել է Վ. Յուշչենկոն: Նա միաժամանակ հավելել է, թե երկրի իշխանությունների գործողությունները միտված են ժամանակ շահելուն. «Իշխանությունները կարծում են, թե փողոց դուրս եկած մարդիկ կհոգնեն, որ նրանք օրըստօրե կթուլանան, կպակասեն, եւ այդ դեպքում հնարավոր կլինի հակասությունները լուծել ուժային մեթոդներով»: Իշխանությունները Հայաստանում էլ էին այդպես մտածում դեռ 2003-ին, նաեւ՝ 2004-ի փետրվարից սկսված բողոքի զանգվածային ակցիաները զսպելու հարցում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել