Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը

Դեկտեմբեր 01,2004 00:00

ՀԱՊԿ-ը դեռ կա «Ռուսաստանը կարեւոր նշանակություն է տալիս Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գործունեությանը»,- երեկ Երեւանում կայացած ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը: Իսկ մինչ այդ կայացած նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ԱԽ ներկայացուցիչները: Ասուլիսի փաստացի բանախոս Իգոր Իվանովի պատասխաններն օրիգինալությամբ աչքի չէին ընկնում. նա նշեց, որ ՀԱՊԿ գործունեության առաջնային ուղղություններն են՝ միջազգային ահաբեկչության, թմրադեղերի անօրինական շրջանառության եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարը: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ կազմակերպության շրջանակներում, այդ պատճառով պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը այլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպությունների՝ ՇՀԿ-ի (Շանհայի hամագործակցության կազմակերպություն), ՆԱՏՕ-ի, Եվրոպական Միության հետ: ՀԱՊԿ-ը վստահորեն ոտքի է կանգնում, սա լուրջ կազմակերպություն է, որն արդեն միջազգային ճանաչում ունի»,- շարունակեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հակամարտությունների կարգավորման գործում ՆԱՏՕ-ի աշխուժացման անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանի փոխարտգործնախարար Ազիմովի հայտարարությունը կնպաստի՞ տարածաշրջանի կայունությանը, Իվանովը նշեց, որ նիստի ընթացքում տարածաշրջանային հակամարտությունները չեն քննարկվել, քանի որ կան մեխանիզմներ, որոնք կոչված են օժանդակելու կոնֆլիկտային իրավիճակների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորմանը: «ՀԱՊԿ-ն ունի այլ նպատակներ եւ այլ կոչում»,- հիշեցրեց Իվանովը: ՀՀ ԱԽ քարտուղար Սերժ Սարգսյանն իր հերթին նշեց, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ կողմերից ոչ մեկը չի կարող միակողմանի որոշումներ կայացնել միջնորդային ձեւաչափի ընդլայնման կամ փոփոխման մասին: Նշենք նաեւ, որ ՀԱՊԿ նիստի ընթացքում չի քննարկվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, քանի որ հարցերի օրակարգը մշակված էր նախապես: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովն այս կապակցությամբ նշեց. «Կարող եմ ասել, որ մենք հանդես ենք գալիս ուժեղ, տնտեսապես ծաղկող ու միասնական Ուկրաինայի օգտին, ուստի շահագրգռված ենք, որ քաղաքական ուժերը գտնեն այնպիսի որոշում, որը թույլ կտա Ուկրաինային անցնցում անցնել երկրի համար այս դժվար պահը, եւ ապագա զարգացումն իրականացնել ժողովրդավարական ճանապարհով»: ՄԱԿ-ում Ադրբեջանի նախաձեռնած՝ «գրավյալ տարածքներում տիրող վիճակի» հարցին ՀԱՊԿ անդամ որոշ երկրների կողմից ցուցաբերված աջակցության առնչությամբ ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժան նշեց, որ նման խնդիրների հետ կապված իսկապես կա գործողությունները համաձայնեցնելու անհրաժեշտություն: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել