Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

xԱՐՏԱՔԻՆ

Դեկտեմբեր 01,2004 00:00

xԱՐՏԱՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌՈՐՈՇ Է Նաեւ այսպես է բացատրում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, թե ինչու Վրաստանից հետո՝ այժմ էլ ուկրաինացի ընդդիմությանն է հաջողվում այն, ինչ չհաջողվեց հայ ընդդիմադիրներին: – Արդյոք Հայաստանի ընդդիմության ձախողման հիմնական պատճառն այն չէ՞, որ ի տարբերություն Վրաստանի եւ Ուկրաինայի ընդդիմադիրների, որոնց պայքարն իշխանության դեմ ռուսական եւ արեւմտյան արժեքային տարբեր համակարգերի հակամարտության դրոշմն ուներ, մեր պարագայում կարծես ընդամենը մրցակցություն էր, թե ով է ավելի ռուսամետ: – Չէի ասի, թե ես ռուսամետ եմ: Ընդհակառա՛կը: Բայց եւ չեմ ասի, թե ռուսատյաց եմ: (Մեր հիշեցմանը՝ թե հենց «Հանրապետության» ներսում էլ կան ծայրահեղ ռուսամետ քաղաքական գործիչներ, պրն Սարգսյանն արձագանքեց այսպես, թե իրենց կուսակցությունը ժողովրդավարական է, եւ շարքերում կան ինչպես արեւմտյան արժեքների ջերմեռանդ կողմնակիցներ, այնպես էլ ռուսամետներ. «Այս խմորումների եւ դիրքորոշումների համադրման շնորհիվ է ծնվում ճշմարտությունը».- Ա. Ի.): Այստեղ այլ խնդիր է: Թե՛ Ուկրաինայում, թե՛ Վրաստանում ընդդիմությունը եւ հասարակությունը հիմնականում ժողովրդավարության եւ արդար ընտրության կողմնակից էին: Իսկ Ռուսաստանը վերջին 100 տարվա ընթացքում անընդհատ պաշտպանում է այն մարդկանց, ում ժողովուրդը չի ընդունում եւ դրա հետեւանքով կորցնում է: Մինչդեռ Եվրոպան ու ընդհանրապես՝ Արեւմուտքը ժողովրդավարության կողմնակից են, եւ այդ հարցում իրենք շահում են հասարակության համակրանքը: Յուշչենկոն երբեք չի էլ շեշտում, թե ինքն արեւմտյան թեւի ներկայացուցիչ է: Վրաստանում էր դա ավելի ցցուն: – Արեւմուտքն այլ կարգի աջակցություն էլ է ցուցաբերում, որ, մասնավորապես, դրսեւորվում է նրանով, թե ինչ մեծ ուշադրություն էին դրսեւորում CNN-ի եւ Euronews-ի պես լրատվամիջոցները նախ Վրաստանի, իսկ այժմ էլ՝ Ուկրաինայի դեպքերի նկատմամբ: Մինչդեռ գրեթե անտեսվում էին Հայաստանի նույն ծավալով հանրահավաքները: Սրա պատճառն այն է, որ մեր երկիրը նրանց համար այդքան մեծ կարեւորությո՞ւն չի ներկայացնում, թե՞, այնուամենայնիվ, այն, որ նրանք՝ հանձին մեր ընդդիմության, չէին տեսնում հստակ գաղափարական այլընտրանք գործող իշխանությանը: – Չէի ցանկանա բացառել որեւէ տարբերակ: Բայց եթե մի օրինակ բերեք, որ հայաստանյան դեպքերից առաջ որեւէ երկրում եղել է նման միջամտություն՝ կհամաձայնեմ Ձեր գնահատականներին: Քաղաքականությունը կենդանի օրգանիզմ է, անընդհատ զարգացման մեջ: Այս առումով՝ հայաստանյան դեպքերն իբրեւ օրինակ ծառայեցին համաշխարհային հանրությանը, որ իրենց վերաբերմունքն արտահայտեն ավելի խիստ ու մոբիլ: Եթե մեր դեպքերն այսպիսի ընթացք չունենային՝ համոզված եղեք, որ Վրաստանում չէր լինի նման ակտիվ աջակցություն: Եվ հիմա էլ, եթե Հայաստանում ինչ-ինչ զարգացումներ լինեն, կլինի նույն աջակցությունը: Քաղաքական գործընթացները գնալով ավելի են սրվում, խնդիրները պարզելու մեխանիզմները ձեռք են բերում նոր նրբերանգներ եւ այլն: Հեռու եմ այն մտքից, թե Արեւմուտքը ժողովրդավարությունը պաշտպանում է միայն այն դեպքում, երբ հավաստիացումներ են արվում, որ մենք իրենց հետ ենք: Շեշտում եմ՝ Արեւմուտքը միշտ է պաշտպանում ժողովրդավարությունը: – Եվ պայքարողներին: Եթե ընտրությունների 2-րդ փուլից հետո պայքարը դադարեցվում է՝ Արեւմուտքն էլ է ճանաչում դրա արդյունքները: Իսկ եթե պայքարը շարունակվում է՝ հնարավոր է 3-րդ փուլ, ինչպես Ուկրաինայում: – Այո՛, այո՛, այո՛: Արեւմուտքն իրոք պաշտպանում է պայքարողներին: Դրա օրինակը մենք տեսել ենք 1992-ին՝ ղարաբաղյան պատերազմի տարիներին. մի ընթացք կար, երբ մեր աշխարհազորայինները կռվում էին ռուսական բանակի դեմ, եւ մենք ստանում էինք աջակցություն: Կար 907 ուղղումը, թեկուզ եւ մենք էինք ազատագրում տարածքներ: Ուստի իրոք բացառում եմ, թե Արեւմուտքը կպաշտպանի միայն այն ուժին, որն, ինչպես ռուսական մամուլն է ներկայացնում, սերտ համագործակցության մեջ է իր հետ՝ ընդհուպ մինչեւ հատուկ ծառայություններ: Նման խնդիր չկա ե՛ւ Սահակաշվիլու, ե՛ւ Յուշչենկոյի պարագայում: Ինքս էլ Յուշչենկոյի կողմնակիցն եմ, եւ շատ կուզենայի, որ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներն ունենան այդ ժողովրդին արժանի ավարտ, առանց կորուստների եւ արյունահեղության: – Կարելի՞ է այս երեք երկրների փորձից եզրակացնել, թե իշխանափոխության համար վճռորոշ գործոն է դարձել արտաքին աջակցությունը: – Միանշանա՛կ: Միշտ եմ եղել այդ տեսակետին: Իշխանություն ունենալու համար անհրաժեշտ են 4 ռեսուրսներ՝ ժողովրդականություն, վարչական լծակներ, արտաքին քաղաքական աջակցություն եւ վերջապես՝ ֆինանսական հնարավորություններ: Որեւէ երկիր լիովին անկախ չէ եւ զերծ ազդեցություններից: Եվ այս առումով հեռու եւ մոտիկ հարեւանների կարծիքն ունի լուրջ նշանակություն: – Այսինքն՝ Հայաստանի պարագայում բավարա՞ր չէին այդ 4 ռեսուրսները: – Մեր իշխանություններն իրենց մտավոր ունակություններով եւ վարած քաղաքականությամբ խի՜ստ են տարբերվում Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններից: Մերոնք աշխատում են նախորդ դարի սկզբունքներով ու մոտեցումներով: Այս առումով Հայաստանի ընդդիմությունը որեւէ հնարավորություն չունի՝ ունենալու ֆինանսական հնարավորություններ: Ինչ վերաբերում է վարչական լծակներին՝ հիշեցնեմ, որ աշխատանքից ազատեցին բոլոր այն մարդկանց, ովքեր որոշակի դիրք էին զբաղեցնում, անգամ դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների, որոնք համակրում էին ընդդիմությանը: Եվ եթե ամերիկացիներն ուզում են «Ալ-Քաիդա»-յի ֆինանսական բոլոր աղբյուրները փակել, ճիշտ կանեն՝ Ռոբերտ Քոչարյանին տանեն այնտեղ՝ նա այդ գործը գիտի եւ հմտորեն կանի: Բայց, դժբախտաբար, կարող է վերցնել իրեն, քանի որ ում հանում է՝ տեղը նշանակում է իր մարդուն: Մեր իրավիճակները խիստ են տարբեր. Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները համարյա թե իշխանություն էին, բացի այդ՝ լուրջ բիզնես ունեին եւ ֆինանսապես բացարձակապես անկախ էին: Աղքատ չէ նաեւ Ուկրաինայի ընդդիմությունը՝ տեսեք հանրահավաքների որակը, կախված հեռուստաէկրանները, լուսավորումը, տոննաներով բաժանված նարնջագույն ժապավենները եւ զգեստները: Կոնկրետ «Հանրապետությունը» ֆինանսական առումով բացարձակ անկախ է եղել, եւ առայսօր մեր միջոցներով ենք փորձել լուծել այդ խնդիրները: Բայց հասարակական լայն զանգվածներ ներառող քաղաքականությունը պահանջում է շատ ավելի լուրջ գումարներ: Երբեմն անգամ ներքին կապիտալը չի բավարարում, եւ դրսից են մուտք արվում գումարներ: – Փաստորեն՝ փոխկապակցված են արտաքին աջակցությունը եւ ֆինանսական հնարավորությունները: – Այո՛, իսկապես փոխկապակցված են: Թե՛ Ուկրաինայում, թե՛ Վրաստանում միանշանակ կային այդ ռեսուրսները: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել