Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հոգեւոր դաշտը խարխլում են»

Դեկտեմբեր 01,2004 00:00

Համոզված
է ճանաչված նկարիչը Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնը
պատրաստվում է առաջիկայում հանդես գալ նոր հայտարարությամբ՝ ԳԱԱ-ի հետ համատեղ: Մտահոգությունը
երկրում տարվող մշակութային քաղաքականությունն է: «Առավոտը» հանդիպեց կենտրոնի համանախագահ,
նկարիչ Արմեն Աթանյանին: Հիշեցնենք, որ կենտրոնը 8 ստեղծագործական միությունների
հետ դեռ գարնանը առաջարկել էր ստեղծել նախագահին կից մշակույթի անվտանգության կենտրոն:
Ըստ Աթանյանի, իրականում ստեղծվել է նախագահին կից խորհուրդ՝ «վարչահրամայական մի
մեխանիզմ, որը նպատակային հետեւողականությամբ էլ ավելի է խորացնելու մեր երկրում
մշակութային կյանքի կենսագործունեության փաստացի ճգնաժամը. փոշիացման, խեղաթյուրման
եւ ոչնչացման տանելով ՀՀ ազգային հարստության մշակութային արժեքները, մտավոր եւ մշակութային
կարողությունները»: Նկարիչը եւ իր համախոհները առաջարկել էին, որ նախագահին
կից մշակույթի անվտանգության խորհուրդը բաղկացած լիներ մշակույթի բուհերի ռեկտորներից,
ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատողներից, ԱԺ մշակույթի հանձնախմբի որեւէ անդամից,
մասնագետներից՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Իրականում, ըստ նրա,
այնտեղ նաեւ ոչ կոմպետենտ մարդիկ էլ են հավաքված: Պրն Աթանյանը գտնում է,
որ ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ չէ քաղաքականություն թելադրելու. «Մերոնք
վերցնում են եվրոպական որեւէ երկրի օրենքներից կետեր եւ հարմարեցնում՝ հաշվի չառնելով,
որ Հայաստանում 99,9%-ը հայեր են եւ եվրոպական օրենքները մեզ հարիր չեն: Օրինակ,
ի՞նչ է նշանակում կոնցեպտուալ արվեստ, ավանգարդ կամ ժամանակակից մտածողություն, ինչպես
հորջորջում են հիմա: Ցավոք, հոգեւոր դաշտը գնալով խարխլվում է, եւ այդ ամենը ոչ ճիշտ
օրենքների պատճառով»: «Առավոտի» հարցին՝ «Ո՞ր օրենքները նկատի ունեք», պրն
Աթանյանը պատասխանեց. «Եթե ՀՀ հռչակագրում գոնե երեք անգամ հանդիպում ենք մշակույթ
բառին, ապա մեր Սահմանադրության մեջ՝ երբեւէ չի հիշատակվում: Սա վկայությունն է այն
բանի, որ մենք մշակութային-ստրատեգիական ծրագիր չունենք, որն, ինչ խոսք, մեկ օրում
չի ստեղծվում: Թեկուզ վերցնենք ԱԺ-ում վերջերս քննարկվող մշակութային արժեքների արտահանման
ու ներկրման խնդիրը: Թյուրիմացություն է, որ, ըստ օրինագծի, 50 տարվա նկարը համարվում
է ազգային արժեք: Նույն տրամաբանությամբ՝ կարելի է կարծել, որ Մինասի 60-ականների
կտավները ազգային արժեք չեն, քանի որ չունեն համապատասխան վաղեմություն: Կամ 90-ամյա
Էդուարդ Իսաբեկյանի 20 տարի առաջ ստեղծված նկարները, թող ինձ ների վարպետը, ոչի՞նչ
են»: Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնի համանախագահը
դժգոհ է նաեւ մշակույթի ոլորտի հետ կապված հարկային դաշտից: Գտնում է, որ մերօրյա
նկարիչների գործերն էլ պետք է հարկվեն, այդ դեպքում դրանցից արժեքավորները եւս կհամարվեին
ազգային հարստություն: Նկարիչը վկայակոչեց ՄԱԿ-ի հռչակագրերից մեկը, որի համաձայն
բարձրարժեք նկար գնած մարդը՝ սեփականատերը իրավունք չունի այն պատռել, այրել, որովհետեւ
իր ունեցածը հասարակական արժեք է. «Մինչդեռ Հայաստանում կան մարդիկ, որոնք իրենց
մասնավոր հավաքածուների հետ վարվում են՝ ինչպես ուզում են»: «Եթե ժամանակին
եկեղեցին Միքելանջելոյին չպատվիրեր «Սիքստինյան Տիրամայրը», նկարիչը Միքելանջելո
չէր դառնա… դա էլ քաղաքականություն է: Պետությունն ու եկեղեցին պետք է համատեղ
մշակութային քաղաքականություն մշակեն: Պետական մոտեցումը նաեւ պետական պատվերն է,
պետք է լուրջ մրցույթներ հայտարարվեն եւ անկախ արվեստագետների կոչումներից, տարիքից,
վաստակից, կուսակցական պատկանելությունից՝ բոլորը մասնակցեն եւ իրենց նպաստն ունենան
ազգային մշակույթին: Այսպիսով՝ կմեծանան արվեստագետների ինքնադրսեւորման հնարավորությունները»,-
հայտարարում է Աթանյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել