Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեգործությունից բոլորն էլ օգտվում են

Դեկտեմբեր 01,2004 00:00

Աբովյանցի ուսանողների համար ասուլիսի
առիթ էր հանդիսացել օրերս «Առավոտում»
լույս տեսած «Բարեգործությունից չեն օգտվում» հրապարակումը: Հոդվածում երկու
ուսանող իրենց դժգոհությունն էին հայտնել բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ
իրականացվող ուսանողների անվճար երթեւեկության վերաբերյալ՝ նշելով, որ «վարորդներն
ավելի շատ հակված են ոչ ուսանողների տեղափոխել, որովհետեւ վերջիններս վճարում են
ուղեվարձը»: Երեկվա ասուլիսին ներկա ուսանողները, նրանց ծնողները, ավտոբուսների վարորդներն
իրենց վրդովմունքը հայտնեցին հոդվածում երկու ուսանողի կողմից հնչեցրած «անհիմն մեղադրանքների»
առնչությամբ: Վերջիններս հերքեցին նաեւ նյութում տեղ գտած այն տեղեկությունը, ըստ
որի՝ «հիմնադրամը որեւէ փոխանցում չի կատարում ավտոկայանին, եւ նույնիսկ մեքենաների
անսարքության ծախսերը հոգում են վարորդները»: Վարորդների հավաստմամբ, Գ. Ծառուկյանը,
բացի գազի անվճար լիցքավորումից, իրենց օգնում է նաեւ ավտոբուսների համար անհրաժեշտ
սարքավորումներ ձեռք բերելու հարցում: Իսկ ուսխորհրդի նախագահ Լիլիթ Աղասյանը հանդես
եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «2003 թ.-ի հուլիսից Աբովյան
քաղաքում գործում է ԱԺ պատգամավոր, բարերար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ստեղծված
Աբովյանի ուսխորհուրդը, որն իր ստեղծման օրվանից Գ. Ծառուկյանի հատկացրած միջոցներով
իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ՝ քաղաքի ուսանողների ինչպես սոցիալական, այնպես
էլ կրթական պայմանները բարելավելու համար: Աբովյան քաղաքում եւ ողջ հանրապետությունում
բոլորն էլ շատ լավ տեսնում են եւ գիտեն, թե պարոն Ծառուկյանի կողմից ինչպիսի բարեգործություններ
են արվում, եւ նման ստահոդ եւ զրպարտիչ հայտարարություններ անելը ուղղակի անհիմն
է ու աններելի»: Ի դեպ, ուսխորհրդի ղեկավարների խոսքերով, հոդվածում նշված մանկավարժականի
ուսանող Էլեոնորա անունով աղջիկը, որը հոդվածում զրպարտում է, դիմում է գրել ուսխորհրդին
իր ուսման վարձը փոխանցելու համար. «Ինչպես կարելի է, որ կարիք ունեցող մարդը նման
անհեթեթություններ դուրս տա»: Աբովյանն ունի 1300 ուսանող: Բարերարի կողմից
յուրաքանչյուր տարի ուսանողների բարեգործական հիմնադրամին է փոխանցվում 10 մլն դրամ՝
կարիքավոր ուսանողների վարձավճարների համար: Այս տարի Գ. Ծառուկյանը162 ուսանողի
ուսման վարձ է վճարել: Աբովյանցի ուսանողների ծնողներն իրենց երախտիքի խոսքը եւ խորին
շնորհակալությունը հայտնեցին Գ. Ծառուկյանին՝ նշելով, որ նա միշտ պատրաստակամ է ֆինանսապես
աջակցելու եւ օգնելու սոցիալապես անապահովների, զոհվածների ընտանիքներին եւ ծնողազուրկ
երեխաներին: Ուսանողուհի Հասմիկ Շաթիրյանի մոր խոսքերով. «Իմ աղջիկն ամեն օր օգտվում
է իրենց հատկացված անվճար տրանսպորտից եւ շատ գոհ է»: Աբովյան քաղաքի բնակիչ Գոհար
Շահբազյանի պատմելով էլ՝ «Երկու տարի է, պարոն Ծառուկյանը հովանավորում է իմ առաջին
կարգի հաշմանդամ երեխայի ուսման վարձը, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրան»: Ուսխորհրդի
ներկայացմամբ, բարերարը ոչ միայն տրանսպորտի անվճար երթեւեկությունն է ապահովում
եւ ուսման վարձերն է փոխանցում, այլեւ հիմնադրամի հովանավորությամբ անվճար գործում
է ինտերնետային ակումբ, որը համալրված է համակարգիչներով, ինչպես նաեւ ակումբում
բոլոր ուսանողների համար կազմակերպվում են անվճար համակարգչային դասընթացներ: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել