Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴԸ

Դեկտեմբեր 01,2004 00:00

Դա
է առաջարկում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Գուրգեն Արսենյանը –
Ինչպե՞ս եք գնահատում Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի շուրջ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության
անդամների ծագած տարաձայնությունները: – Ցանկացած հրապարակային բանավեճ ես
օգտակար եմ համարում: Սա՝ որպես սկզբունք: Եթե կա հարց, այդ մասին պետք է խոսվի,
եթե կա բարդույթ, այդ մասին պետք է խոսվի: Կոնկրետ, ծագած բանավեճի հարցում ես չեմ
կիսում ոչ պարոն Թորոսյանի, ոչ պարոն Հովհաննիսյանի տեսակետները: Երկու դեպքում էլ
գործ ունենք տեսակետի հետ, որը պատկերի միայն մի մասն է ներկայացնում: Օբյեկտիվ գնահատականի
համար պետք է փաստենք, որ ՀՀ արտաքին քաղաքականության այն բաղադրիչը, որը կոչվում
է խորհրդարանական դիվանագիտություն, այսօր չի աշխատում ամբողջ արդյունավետությամբ:
Եվ խոսքը չի վերաբերում միայն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը, որի անդամ եմ նաեւ ես:
Ասածս ընդունեք նաեւ որպես որոշակի ինքնաքննադատություն: Ես էլ ամեն ինչ չեմ անում,
որ մեր խորհրդարանական դիվանագիտությունը լինի էֆեկտիվ: Բայց ընդհանուր առմամբ ասեմ,
որ պետության արտաքին քաղաքականությունը պետք է միասնական լինի: Մենք պետք է հստակ
իմանանք, թե ինչ նպատակի ենք ձգտում: Եթե ֆիքսենք նպատակը, կկարողանանք գտնել այն
բանաձեւը, որի միջոցով կհասնենք այդ նպատակին: Սակայն այսօր նպատակը, անձամբ ինձ
համար, եւ կարծում եմ՝ նաեւ խորհրդարանական դիվանագիտության համար, պարզ չէ: Եթե
մենք իմիջային նպատակ ենք ուզում ստանալ, դա այլ խնդիր է: Իսկ եթե ուզում ենք դիվանագիտական
հաջողություն ունենալ, սա էլ այլ խնդիր է: Կոմպլեքսը չի երեւում, չի երեւում, թե
ո՞ր հարթության վրա ենք ուզում խնդիրներ լուծել: Եթե մենք ուզում ենք, որ տվյալ փաստաթուղթը
մեզ համար լավ լինի, եւ մեր ջանքերը ուղղում ենք այդ նպատակին, ապա դա անպտուղ ջանք
կլինի, որովհետեւ դա միակողմանի մոտեցում է: Մենք պետք է հասնենք այնպիսի նպատակի,
որ փաստաթուղթը օգտակար լինի եւ ոչ թե լավ կամ՝ վատ: – Պարոն Արսենյան, փաստորեն
երկու տեսակետ կա. Տիգրան Թորոսյանը ասում է, որ մենք չէինք կարող չմասնակցել զեկույցի
քննարկումներին, քանի որ, ի վերջո, պետություն են ներկայացնում, իսկ Վահան Հովհաննիսյանը
եւ դաշնակցականները գտնում են, որ մասնակցելով՝ մենք էլ դարձանք այդ զեկույցի կողմնակիցներից
մեկը: Դուք, որպես պատվիրակության անդամ, ի՞նչ կարծիքի եք: – Մեր մասնակցությունը
մի ինստիտուտի աշխատանքներում, որի գերագույն արժեքներն են մարդու իրավունքների եւ
ժողովրդավարության պաշտպանությունը, կարեւոր է, եւ չմասնակցելը նպատակահարմար չէ:
Մենք պետական քաղաքականություն ենք մշակել, որ ուզում ենք մաս դառնալ եվրոպական ընտանիքին,
ո՞նց չմասնակցենք, այսինքն՝ ի՞նչ անենք, ասենք, լավ՝ դուք որոշեք: Ես հասկանում եմ
նաեւ պարոն Հովհաննիսյանի արտահայտած մտքերի շարժառիթը, սակայն հասկանալով՝ չեմ ընդունում
այդ շարժառիթը: Չմասնակցելով՝ մենք մեզ զրկում ենք կարեւորագույն արժեքից՝ բազմակարծությունից:
– Եթե Արցախի մասին Աթկինսոնի զեկույցը նույնությամբ ընդունվի ԵԽԽՎ հունվարյան
նստաշրջանում, այլեւս պրոցեսը կլինի անդառնալի: Ի՞նչ է հարկավոր անել, ըստ ձեզ, որ
դա տեղի չունենա: – Ես գտնում եմ, որ զեկույցի նախա գիծը, այո, դեռ կարելի
է փոփոխել: Այդ զեկույցում ամենավտանգավորը «էթնիկական զտումներ» արտահայտությունն
է, այսպիսի բան երբեւէ չի եղել, եւ մենք պետք է ձգտենք այն փոխել: Պետք է կարողանանք
զեկույցը ուղղակի ազդեցության փաստաթղթից վերածել խորհրդատվական փաստաթղթի: Որպես
կուսակցության ղեկավար՝ այս ուղղությամբ ես օգտագործում եմ կուսակցության հնարավորությունները,
այլ երկրների բարեկամ կուսակցությունների միջոցով փորձում ենք այդ երկրների պատվիրակությունների
անդամներին իրականությանը տեղյակ պահել եւ համապատասխան աշխատանքի շնորհիվ հասնել
կոնկրետ արդյունքի: Մենք դա անում ենք: Իսկ մենք աշխատում ենք առաջին հերթին սկանդինավյան
երկրների պատվիրակների հետ: Ղարաբաղի հարցը ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն
է, եւ ԵԽԽՎ-ում պատգամավորները սա չեն մոռացել, իսկ եթե մոռացել են՝ պետք է հիշեցնել
այդ մասին: – Հայաստանյան պատվիրակության ներսում իշխանությունը ներկայացնող
պատգամավորների միջեւ կա՞ն հակասություններ: – Որպես կանոն, պատվիրակությունը
փորձում է օպերատիվ աշխատել: Եթե մենք ուզում ենք, որ մեր արտաքին քաղաքականության
այդ բաղադրիչը՝ խորհրդարանական դիվանագիտությունը արդյունավետ լինի, ամեն նստաշրջանից
առաջ պետք է լինի ընդլայնված նիստ, որը պետք է հրավիրի ՀՀ նախագահը՝ որպես արտաքին
քաղաքականության գերակայությունները որոշող: Նիստին պետք է մասնակցեն ՀՀ նախագահը,
ԱԳ նախարարը, համապատասխան կառույցների ղեկավարները եւ ԵԽԽՎ ում մեր պատվիրակությունը:
Քանի դեռ աշխատանքն այս մեթոդով չի կազմակերպված, մենք անընդհատ ունենալու ենք այս
հեռակա երկխոսությունը: Ես չեմ քննադատում, ես ընդամենն ասում եմ, թե ոնց է պետք
աշխատել: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել