Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԴԵՈՆ,

Նոյեմբեր 30,2004 00:00

ՎԻԴԵՈՆ, ԱՈՒԴԻՈՆ ԵՎ ՌՈՔԸ՝ ՆՓԱԿ-ՈՒՄ Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ) իրականացրել էր համակարգչային արվեստին նվիրված երկօրյա նախագիծ: Նոյեմբերի 26-ին ՆՓԱԿ-ում ցուցադրվեց ֆինն ռեժիսոր Միկա Տանիլայի «Ապագան այն չէ, ինչ նախկինում էր» ֆիլմը: «Այն համակարգչային արվեստի նվիրյալներից մեկի՝ Էրկի Կուրենեմի մասին է: Ֆիլմը Ֆինլանդիայից ուղարկվել է հատուկ այս նախագծի համար»,- ասաց ՆՓԱԿ-ի աշխատակից, համադրող Եվա Խաչատրյանը: Իսկ երկուշաբթի օրվանից ֆիլմը ցուցադրվում է ՆՓԱԿ-ի սրահում: Նոյեմբերի 27-ին նախատեսված էր վիդեո եւ աուդիո արվեստի համատեղ ցուցադրում: Հայաստանում առաջին անգամ նկարիչ եւ երաժիշտ արվեստագետները միասին էլեկտրոնային կենդանի երաժշտություն եւ համակարգչային գրաֆիկա էին ներկայացնում զուգահեռաբար: Երաժշտական մասը նոր ստեղծված երաժիշտների PENETRO խմբակցությանն էր, իսկ համակարգչային արվեստը ներկայացնում էին Վահրամ Աղասյանը, Նարինե Արամյանը եւ Նարեկ Ավետիսյանը, որին էլ «Առավոտը» խնդրեց մանրամասնել նախագծի նպատակը: «Այս նախագիծն արժեքավոր է նրանով, որ առաջին անգամ էլեկտրոնային երաժշտություն ստեղծողները մի դաշտում համագործակցելու են համակարգչային պատկերներ ստեղծողների հետ եւ դառնալու են մեկը մյուսին լրացնող համարժեք երեւույթներ: Անիմացիան եւ պատկերների ստեղծումը առարկայացնում են մեր պատկերացումները տարածության մեջ: Համակարգիչը վիրտուալ իրականացման պայման-գործիքն է, որը մենք ստեղծել ենք: Այսօրվա արվեստագետին տրվում է մեծ հնարավորություն, քան նախկինում էր, ստեղծել երեւակայական աշխարհ, ուր չկան ֆիզիկական արգելքներ, ժամանակ, տարածություն հասկացություններ: Համակարգչային կոչվող արվեստի ուղղությունը աշխատում է այս երեւույթների վրա՝ փորձելով ստեղծել նոր գեղագիտություն»,- պատմեց Ն. Ավետիսյանը: Նոյեմբերի 28-ին ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ եւս մեկ միջոցառում՝ «Ծուռ ռոք համերգ»՝ «Ծուռ եմ, հուր եմ, ուր եմ» խորագրով: Այն կազմակերպված էր «Ընդդեմ բռնության» ակցիայի շրջանակներում, այս անգամ «հանուն ազատության» կարգախոսով: Կազմակերպիչներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ Անուշ Բարսեղյանը տեղեկացրեց, որ արդեն չորրորդ ակցիան է, որին մասնակցում էին 10՝ «Բամբիռ», «Դոմ», «Ուտոպիա», «Այտերէգո» եւ այլ ռոք խմբեր: «Մենք շարունակ ասում ենք՝ լավն ենք, ուրիշ ենք, սակայն բռնության, անարդարության դեմ պայքարում ակտիվ չենք: Ո՞ւր ենք»,- հարցրեց Ա. Բարսեղյանը: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել