ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԵԺ ՕՐԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ Եվ այսպես, Շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջազգային հուշամրցաշարը: Շաբաթ օրը կայացած 9-րդ՝ եզրափակիչ տուրում առաջատար Պավել Սմիռնովը (Ռուսաստան) ոչ-ոքի խաղաց Կարեն Ասրյանի հետ եւ 7,5 միավորով ճանաչվեց միանձնյա հաղթող՝ արժանանալով գլխավոր $5000 դրամական մրցանակին: Նրան կես միավոր զիջեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որին հանձնվեց $4000: Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Ասրյանը գրավեց երրորդ տեղը՝ 6,5 միավորով եւ ստացավ $3000: Նույնքան միավոր իրենց անվան դիմաց գրանցեցին եւս ինը շախմատիստներ, որոնք, ըստ անհատական գործակիցների եւ լրացուցիչ հաշվարկների, բաժանեցին 4-12-րդ հորիզոնականները: Նրանց մեջ են հայաստանցիներ Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Նալբանդյանը: Կազմակերպիչները երեքական հատուկ մրցանակներ էին սահմանել կանանց եւ պատանիների մեջ երեք լավագույն արդյունքները ցույց տվողների համար: Դրանց արժանացան Էլինա Դանիելյանը ($500), Նելլի Աղինյանը ($400), Լիլիթ Մկրտչյանը ($200), վրաստանցի Կոնստանտինե Շանավան, հայաստանցիներ Բենիամին Գալստյանը եւ Զավեն Անդրիասյանը: Պատանիներին նույնպես համապատասխանաբար հանձնվեց նույնքան գումար: Հուշամրցաշարը առանձնացավ նրանով, որ Հայաստանի եւ Վրաստանի հինգ շախմատիստներ լրացրին միջազգային վարպետի նորմա: Նրանք են. Դավիթ Մագալաշվիլին, Բենիամին Գալստյանը, Տոռնիկե Սանիկիձեն, Տիգրան Պետրոսյանը եւ Հակոբ Վարդանյանը: Հաջորդ օրը նույն տեղում մեկնարկեց արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որում հանդես եկող Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լիտվայի եւ Իրանի 96 շախմատիստների ճնշող մեծամասնությունը Տ. Պետրոսյանի հուշամրցաշարի մասնակիցներն են: Իրանը մասնակցում էր հաշվարկից դուրս: Երկու օրվա ընթացքում նրանք անցկացրին 11 պարտիա՝ 15-ական րոպե, ամեն քայլին 10-ական վայրկյան հավելումով: Այստեղ էլ բավականին շատ դրամական մրցանակներ էին սահմանված: Մասնավորապես, հաղթող դարձած Վասիլի Իվանչուկը ստացավ 2000, արծաթե մեդալակիր Զվիադ Իզորիան՝ 1500, բրոնզե մրցանակակիր Բենիամին Գալստյանը՝ 1000 եվրո: Նույն օրը Մոսկվայում ավարտվեց շախմատի Ռուսաստանի տղամարդկանց 57-րդ առաջնության սուպերեզրափակիչը, որին մասնակցում էին շախմատային այդ տերության 11 ուժեղագույն գրոսմայստերներ՝ Գարրի Կասպարովի գլխավորությամբ: Աշխարհի 13-րդ չեմպիոնը եւ համաշխարհային վարկանիշային դասակարգման առաջատարը Ռուսաստանի մակարդակով չեմպիոն հռչակվեց առաջնության նախավերջին տուրում: Նա ոչ-ոքի խաղալով Ալեքսանդր Մորոզեւիչի հետ՝ իր անվան դիմաց գրանցեց 7 միավոր ու այլեւս անհասանելի դարձավ մոտակա եւ գլխավոր մրցակցի՝ Ալեքսանդր Գրիշչուկի համար՝ 5,5 միավոր: Վերջինս նույն օրն անսպասելիորեն պարտվեց Այեքսեյ Կորոտիլյովին: Եվ հետաքրքիրն այն է, որ վերջին տուրում Գրիշչուկը սպիտակներով խաղալու էր հենց Կասպարովի հետ: Սակայն գրանցվելիք հաշիվն արդեն որեւէ դեր չէր խաղալու չեմպիոնին որոշելու համար: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ