Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԳ ՍԵՐՈՒՆԴԸ ԿՄՈՌԱՆԱ՞ ՀԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Նոյեմբեր 30,2004 00:00

ԱՎԱԳ ՍԵՐՈՒՆԴԸ ԿՄՈՌԱՆԱ՞ ՀԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ Հանրակրթական այն դպրոցներում, որտեղ իրականացվում է ներառական կրթության ծրագիրը, որոշ իմաստով դժվարություններ են ստեղծվել: Հտուկ կարիքներով երեխաների ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները սովորեն հենց հանրակրթական դպրոցներում, այսինքն՝ լավ պայմաններում, հատուկ մասնագետների ուշադրության ներքո եւ հասարակությունից չմեկուսացած: Ոչ թե հատուկ դպրոցներում, որոնք հիմնականում ամենատարրական պայմանները չունեն՝ կրթությունը նորմալ կազմակերպելու համար: Իսկ հանրապետության թվով 5 հանրակրթական դպրոցներն էլ, որտեղ իրականացվում է այս ծրագիրը, ունեն սահմանափակ հնարավորություններ, եւ չեն կարող ընդունել բոլոր այն երեխաներին, ովքեր հատուկ կրթության կարիք ունեն: Բացի այդ, կա որոշակի սահման, երբ հատուկ կարիք ունեցող երեխան չի կարող սովորել հանրակրթական դպրոցում: Դրանք խոր մտավոր թերություններով, ինչպես նաեւ որոշ հաշմանդամ երեխաներ են: Նրանց վարքն, ի դեպ, բացատրվում է չհասկացվածությամբ (երբ երեխան չի կարողանում արտահայտել իր մտքերը, ցանկությունները): Մասնագետները ելքը տեսնում են հատուկ դպրոցների ուժեղացման մեջ: «Առաքելություն արեւելքի» կազմակերպության «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը կարծում է, որ առաջին հերթին պետք է հասնել նրան, որ ուսման դժվարություններ ունեցող երեխաներին տալ հավասար հնարավորություններ՝ մուտք ունենալ կրթական համակարգ: Հանրապետության 5 հատուկ եւ 5 հանրակրթական դպրոցներում իրականացնելով այս ծրագիրը՝ կազմակերպությունը նպատակ ունի այս դպրոցները դարձնել մոդել, ուր հաշմանդամ եւ ընդհանրապես ուսման դժվարություններ ունեցող բոլոր երեխաները կդառնան հասարակության լիարժեք անդամներ: Ինչպես նաեւ՝ հասարակության հետ աշխատելով՝ հակազդել այս երեխաների պիտակավորմանը: «Խորհրդային շրջանում հատուկ դպրոցները մեկուսացված էին բոլորից, այն մտայնությունը կար, որ ինչը աչքին հաճո չէ, պետք է հեռու տանել: Երբ մենք ուսումնասիրություններ էինք կատարում մարզերում, տեսանք, որ մարդիկ կային, ովքեր իրենց հաշմանդամ երեխաներին տարիներով տնից դուրս չէին հանել, այն մտայնությունը կա, թե՝ «ինչ կասի հարեւանս»: Ծրագրի ղեկավարն այս առումով կարեւորում է նաեւ հասարակության եւ ծնողների դերը՝ այս երեխաների կրթության ու ինտեգրացման հարցում: «Պետք է կենտրոնանալ ոչ թե արատների, այլ հնարավորությունների վրա, յուրաքանչյուր երեխա ունի սովորելու իր կերպը՝ անկախ իր մտավոր ունակությունների աստիճանից»: Ի դեպ, այս ծրագրով վերապատրաստման դասընթացներ է անցել հատուկ կրթության 40 մանկավարժ: Մեր հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ավագ սերնդի մանկավարժներին մոռացնել տալ հին մեթոդները եւ սովորեցնել նորը, պրն Դուդակլյանը խոսեց հատկապես բռնությունների մասին. «Մանկավարժը պետք է հասկանա, որ հարցերը բռնությամբ չպետք է լուծել, եւ դրա պահանջատերը պետք է լինի նաեւ ծնողը»: Պրն Դուդակլյանը բերեց Կանադայի օրինակը, որտեղ վերջին տարիներին ընդունված մի օրենքի համաձայն, ամեն տարի ուսուցիչները պետք է քննություն հանձնեն, այդ թվում՝ եւ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցողները, «որովհետեւ կրթությունն անընդհատ զարգացող եւ փոփոխվող գիտություն է, պետք է նաեւ մոտեցումները փոխել»: Պրն Դուդակլյանը վստահ է, որ ծրագիրը Հայաստանում հաջողություն կունենա, որովհետեւ «մեր ազգը մի առավելություն ունի՝ կրթություն ստանալու մեծ ձգտում, եւ դա հեշտացնում է մեր գործը»: Ներկայումս ծրագիրն իր գործունեությունն իրականացնում է հետեւյալ հատուկ դպրոցներում. Երեւանի թիվ 5 եւ թիվ 17, Նուբարաշենի թիվ 11, Արմավիրի թիվ 1, Գավառի թիվ 1: Ծրագիրը կընդլայնվի նաեւ Երեւանի հանրակրթական հետեւյալ դպրոցներում՝ թիվ 59, 150,100, 27 եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել