Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՏՔԵՐԸ

Նոյեմբեր 30,2004 00:00

ՈՏՔԵՐԸ ՎԵՐՄԱԿԻ ՉԱՓՈՎ ՉԵՆՔ ՄԵԿՆԵԼ Կամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանի համեմատությամբ, մեր ուժերին չհամապատասխանող քաշ ենք պատվիրել: Անցած շաբաթ օրը «Ազդակ» ակումբի հյուրը ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանն էր: Ու թեեւ նա խոսել էր ՀՀ իշխանությունների վարած ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության, ե՛ւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին, այդուհանդերձ ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում հայտնվել էին ՀՀՇ-ի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու եւ նախկինում թույլ տված բացթողումները մատնանշելու առնչությամբ Ա. Մանուկյանի արած ակնարկները: «Առավոտի» հետ զրույցում Ա. Մանուկյանը երեկ պարզաբանեց, թե մասնավորապես ակտիվ քաղաքականություն ՀՀՇ-ի վերադարձի մասին ԶԼՄ-ների շեշտադրումը փոքր-ինչ չափազանցված էր. «Ես ընդամենն արձանագրել եմ, որ հայտնվել ենք նոր քաղաքական իրադրությունում, որը արմատապես տարբեր է մեկ տարի առաջ եղած իրավիճակից, ինչը ստիպում է, որ մենք, որպես պատասխանատու մարդիկ, ավելի ակտիվանանք: Դա առաջին հերթին վերաբերում է Հայաստանի միջազգային վարկին, ինտեգրացիոն պրոցեսներին, արժեքային համակարգի հետ կապված հարցերին: Բայց դրա համար միայն մեր ցանկությունը բավարար չէ: Կա եւս մի օբյեկտիվ պատճառ՝ հասարակության աջակցությունն ունենալը: Մենք պետք է փորձենք ճշտել մեր վարկանիշը, որովհետեւ առանց հասարակության աջակցությունն ունենալու, առանց գաղափարական իմաստով լիովին հասկացված լինելու՝ եւս մեկ անգամ ժողովրդին հիասթափեցնելը մեզ համար բնավ հաճելի չէ: Հակառակ դեպքում նորից սկսելն անիմաստ կլինի»: ՀՀՇ-ն իր գաղափարախոսությունը, որը ժամանակին մերժեց մեր հասարակությունը, չի փոխել: Կարծում եք՝ այդ գաղափարախոսությունը հիմա ընկալելի՞ է մեր հասարակությանը: «Շատ դժվար է լինելու, պրոբլեմը հենց դրանում է կայանում»,- խոստովանեց պրն Մանուկյանը՝ նկատելով, թե այսօր կուսակցությունները գերադասում են իրենց քաղաքականությունը կառուցել եւ դիվիդենտներ շահել հատկապես սոցիալական խնդիրների վրա շեշտադրումներ անելով՝ բարձր թոշակներ, բարձր աշխատավարձ եւ այլն: «Ցավոք, այսօր քաղաքական դաշտում պայքարը ոչ թե գաղափարական է, այլ հիմնված է սոցիալական ոլորտում ինչ-ինչ խոստումներ տալու վրա: Բայց առանց քաղաքական հարցերի, առանց ԼՂ հարցը լուծելու, դեռեւս շրջափակման մեջ լինելու պարագայում, ռիսկային գոտում լինելու դեպքում՝ սոցիալական խնդիրների, լավ կենսակերպի եւ բարձր աշխատավարձի խոստումներ տալն ազնիվ եւ անկեղծ չէ»: Անցյալ շաբաթ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը մեծ աժիոտաժ առաջացրեց քաղաքական դաշտում: Շատերը սկսեցին քննարկել նրա՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորության հարցը: Որքանո՞վ է ՀՀՇ վարչության փոխնախագահ Ա. Մանուկյանն այդ հարցազրույցը համարում ՀՀ առաջին նախագահի կողմից քաղաքականություն վերադառնալու ազդակ: «Միանշանակ չեմ կարող ասել, թե դա վերադարձ էր քաղաքականություն: Դա քայլ էր, որը պայմանավորված էր նրա մտահոգություններով՝ ստեղծված իրավիճակի առնչությամբ, որին, կարծում եմ, պետք է հաջորդի արձագանքը: Ասելիք նա ունի, ծրագիր կա՝ դրանում չեմ կասկածում: Հետադարձ կապի, այդ ծրագիրը մատուցելու եւ այն իրականացնելու պահանջի դեպքում, կարծում եմ, Լ. Տեր-Պետրոսյանի քայլերն ավելի կոնկրետ եւ գործնական կարող են լինել: Բայց այն, որ նրա պահանջարկը Հայաստանում աճում է՝ հստակ է: Որքանո՞վ այն կարող է բավարարել Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձի համար՝ չեմ կարող ասել»,- կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության փոխնախագահ: Ռ. Քոչարյանն անցյալ շաբաթավերջին կրկին վստահեցրեց, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ամեն ինչ լավ է ընթանում, եւ որ ինքը տարեվերջին դրա մասին կասի: Ա. Մանուկյանը բացառեց, թե ԼՂ հարցում Ռ. Քոչարյանը ասելու լավ բան ունի, որովհետեւ, ՀՀՇ ներկայացուցչի մատուցմամբ, այդ հարցի լուծման համատեքստում այսօր երկու բեւեռներ են առաջացել, մեկը՝ ի դեմս Հայաստանի, մյուսը՝ ամբողջ միջազգային հանրության. «Եվ չկա մի երկիր, որը միջազգային ատյաններում մեր շահը պաշտպանի: Այդ վիճակում լավ արդյունք ակնկալելն ուղղակի տրամաբանական չէ: Երեւի Ռ. Քոչարյանի պատկերացմամբ, լավ լուրը հարցի լուծումը ձգձգելն է կամ փաթեթային լուծման ակնկալիքը, ինչի մասին նաեւ դաշնակցականներն էին վերջերս արտահայտվել»: Մինչդեռ, Ա. Մանուկյանի համոզմամբ, ՀՀ-ին դարձյալ առաջարկվելու է խնդրի կարգավորման փուլային տարբերակը, բայց ոչ այն փուլայինը, որն առաջարկվում էր 97-ին. «Այս անգամ փուլային տարբերակի առաջին փուլը՝ տարածքների վերադարձը, կլինի առանց պայմանների: Այդ է, որ կառաջարկի Հայաստանին միջազգային հանրությունը: Սպորտային՝ ծանրամարտի տերմինաբանությամբ ասած, Հայաստանը պատվիրել է մի քաշ, որն ի վիճակի չէ գլխավերեւում պահել»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել