Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ

Նոյեմբեր 30,2004 00:00

Հայ համայնքի պատասխանը Երբ լրագրողները Ռոբերտ Քոչարյանին միանգամայն օրինաչափ հարց տվին, թե ինչու է նա շնորհավորել Յանուկովիչին, Քոչարյանը դեմքի կուսական միամտության արտահայտությամբ ասաց, թե այդ բանն արել է Ուկրաինայի ԿԸՀ-ի հրապարակած տվյալների հիման վրա: Հիմա ոնց չասես. ակունք իմաստնության: Իհարկե, միանգամայն հասկանալի է, թե ինչու Քոչարյանն արեց այդ բանը: Ինչպես ասում են՝ «ռիբակ ռիբակա…», չհաշված «մեծ ախպոր» ցուցումը: Սակայն փաստարկները, որոնք խոսում էին Յանուկովիչին չշնորհավորելու օգտին, ուղղակի աչք են ծակում: Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ ողջ քաղաքակիրթ Արեւմուտքը, իր տարբեր կառույցների միջոցով (որոնցից շատերին, ի դեպ, ոչ բարով անդամակցում է նաեւ Հայաստանը), իր խորին վրդովմունքն է հայտնել Ուկրաինայում անցկացված խայտառակ ընտրությունների կապակցությամբ: Եվրաինտեգրման ուղին բռնած պաշտոնական Երեւանի կողմից Յանուկովիչին ճանաչելը, փաստորեն, այլ բան չէր, քան բառի բուն իմաստով՝ թքել այդ նույն Եվրոպայի վրա: Բայց դա դեռ ոչինչ: Մի պահ մտաբերենք այն պաշտոնական եւ կիսապաշտոնական վայնասունը, որ ժամանակին Հայաստանում բարձրացել էր՝ ի պատասխան Իրաքի հարցում լղոզված դիրքորոշում ունենալու մեղադրանքների: «Պետականամետ» քարոզիչներն այն ժամանակ արցունքն աչքերին բառաչում էին իրաքահայ 30 հազարանոց համայնքին սպասվող հավանական փորձությունների մասին: Հատկանշական է, որ Ուկրաինայի պարագայում Քոչարյանը երիցս թքած ունի այդ երկրի՝ բազմապատիկ ավելի մեծաթիվ հայ համայնքի վրա: Սա այն դեպքերից է, երբ հայկական «ճկուն» դիվանագիտությունը, իսկ ավելի ճիշտ՝ արտաքին քաղաքական ողորմելի կոնյունկտուրան, մեզ է ներկայանում իր ողջ մերկությամբ: Ստորեւ, առանց մեկնաբանությունների, ներկայացնում ենք Ուկրաինայի հայերի արձագանքը կատարվածի առնչությամբ: Մեջբերում. «Ուկրաինայի հայ համայնքն իր զարմանքն է արտահայտել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Վիկտոր Յանուկովիչին, այսպես կոչված, հաղթանակի կապակցությամբ ժամանակից շուտ շնորհավորելու առիթով»: Ռ. Քոչարյանին ուղղած դիմումում Ուկրաինայի հայերը նաեւ ընդգծել են, որ «ուղղակի անթույլատրելի էր այդպիսի շտապողականություն դրսեւորել այն ժամանակ, երբ ողջ քաղաքակիրթ հանրությունն իր վրդովմունքն է արտահայտում նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծարարությունների առիթով եւ սպասում է Ուկրաինայի Գերագույն դատարանի որոշմանը»: Դիմումը, որտեղ արտահայտված է Ռոբերտ Քոչարյանի գործողության հանդեպ արտահայտված զարմանքը, Ուկրաինայի բոլոր հայերի անունից ստորագրել է հայտնի կինոռեժիսոր, Ուկրաինայի հայերի միության հիմնադիրներից մեկը՝ Ռոման Բալայանը: Ուկրաինայի հայերի հաջորդ քայլը եղել է այն, որ նրանք դիմել են Ուկրաինայի ժողովրդին՝ ներողություն խնդրելով Հայաստանի նախագահի գործողությունների համար՝ հայտարարելով իրենց համերաշխությունը ուկրաինացիներին, «ովքեր ձգտում են ապրել այնպիսի երկրում, որտեղ ապահովված են սահմանադրական իրավունքները»: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել