Արտաքին քաղաքականությունը կվերահսկվի Այս առաքելությամբ են միավորվում Պ. Հայրիկյանը, Վ. Մանուկյանը եւ Ա. Մանուչարյանը «Այսօր մենք հարկադրված ենք արձանագրել, որ սահմանադրական կարգի բացակայության հետեւանքով Հայաստանում առաջացած քաղաքական համակարգի խեղվածությունը ոչ միայն երկրի ներսում քաղաքացիների անպաշտպանվածության մթնոլորտ է ստեղծում, այլեւ մեզ կանգնեցնում է միջազգային ասպարեզում տարբեր տեսակի արկածախնդրությունների մեջ ներքաշված լինելու իրողության առաջ»,- ասվում է ԱԻՄ, ԱԺՄ նախագահների եւ Աշոտ Մանուչարյանի ստորագրած համաձայնագրում: Իշխանությունների գործողությունների նկատմամբ հասարակական վերահսկողության բացակայությունը, ըստ վերոնշյալ գործիչների, իր ծայրահեղ բացասական դրսեւորումն է ստացել նաեւ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ասպարեզում, մինչդեռ այդ ոլորտում աշխատանքի համար առավելագույն պատասխանատվություն եւ նրբանկատություն է անհրաժեշտ: Վկայակոչելով զարգացած երկրների փորձը՝ նրանք փաստում են, որ ոչ պետական կառույցների գործունեության շնորհիվ ստեղծվում է իշխանությունների արտաքին քաղաքական գործողությունների չընդհատվող փորձագիտական գնահատման համակարգ՝ դրանով իսկ հարկադրելով իշխող վերնախավին գիտակցել պատասխանատվությունը հասարակության առջեւ: Մինչդեռ՝ «Հայաստանում հասարակությունը հեռացված է արտաքին քաղաքական խնդիրներից, ինչը հանգեցրել է ոլորտում սկզբունքային որոշումների ընդունմանը մասնակցող մարդկանց թվի շարունակական կրճատման՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դարձնելով մի քանի անձանց՝ հանրությունից գաղտնի պահվող գործունեության առանձնաշնորհ»,- որակում են ընդդիմադիր գործիչները: Այս իրողությունների համատեքստում քաղաքականության վետերանները արձանագրում են, որ իրավիճակը համակարգային ճգնաժամի հետեւանք է. «Պայմանագրով ռազմավարական դաշնակից հռչակված ՌԴ-ն իրականացնում է հակահայաստանյան գործողությունների մի ամբողջ շարք, եվրոպական կառույցներն Արցախի հարցում որդեգրում են ակնհայտորեն ադրբեջանամետ դիրքորոշում, ՀՀ-ի կամքին հակառակ որոշվում է Արցախի հարցը քննարկել ՄԱԿ-ում, եւ Հավաքական անվտանգության պայմանագրի գծով Հայաստանի դաշնակիցները պաշտպանում են այդ քայլը, հայկական զինախմբի Իրաք ուղարկելու մասին որոշումն անակնկալ է լինում անգամ երկրի բարձրագույն ղեկավարության մի մասի համար եւ այլն: Այսպիսով՝ արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ անբացատրելի թվացող քայլերը եւ դրանց դրսեւորումները երկրի հասարակական-քաղաքական կյանքում կասկած չեն թողնում, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ռազմավարական շահերի ապահովման եւ պաշտպանության մեխանիզմից վերածվել է Հայաստանի անունով ներկայացվող մի քանի գործիչների անձնական եւ խմբակային շահերի պաշտպանության գործիքի»: Բացի այն, որ հայ հասարակությունը չի կարողանում ռազմավարական նշանակության երեւույթների («Գույք՝ պարտքի դիմաց», «ԱրմենՏել», ավիացիայում կատարվող քաշքշուկներ) վերաբերյալ բացատրություններ գտնել՝ «տարբեր տեսակի տխրահռչակ միջազգային գործարարներ Հայաստանի շահերի հաշվին, պետության անունից հանդես եկող անձանց հետ կասկածելի գործարքներ կնքելու աննախադեպ հնարավորություններ են ստացել»,- ասվում է փաստաթղթում: Բացի այդ՝ «Երկրում չեն գործում կարեւորագույն ինստիտուտներ՝ Անվտանգության խորհուրդը, ԱԳՆ կոլեգիան, բացակայում է ՀՀ եւ Արցախի իշխանությունների համագործակցության ընկալելի տրամաբանությունը»: Անբնական որակելով նման իրավիճակը՝ Հայրիկյան-Մանուկյան-Մանուչարյան եռյակը եզրակացնում է, որ այն հղի է ազգի համար ծանրագույն կորուստներով. «Ասպարեզ են եկել քաղաքական գործիչներ, ովքեր առաջնորդվում են «որքան վատ՝ այնքան լավ» կարգախոսով՝ հավատալով, որ ՀՀ-ում իշխանության համար պայքարում իրենք ի զորու են լինելու օգտագործել մեր արտաքին քաղաքականության ռազմավարական կորուստները: Մինչդեռ արտաքին քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ անկախ պետական համակարգում զբաղեցրած դիրքից՝ շահում կամ պարտվում են բոլորը հավասարապես»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ