Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԻԴԵՈՆ, ԱՈՒԴԻՈՆ ԵՎ ՌՈՔԸ՝ ՆՓԱԿ-ՈՒՄ

Նոյեմբեր 30,2004 00:00

ՎԻԴԵՈՆ,
ԱՈՒԴԻՈՆ ԵՎ ՌՈՔԸ՝ ՆՓԱԿ-ՈՒՄ Նորարար փորձառական արվեստի կենտրոնը
(ՆՓԱԿ) իրականացրել էր համակարգչային արվեստին նվիրված երկօրյա նախագիծ: Նոյեմբերի
26-ին ՆՓԱԿ-ում ցուցադրվեց ֆինն ռեժիսոր Միկա Տանիլայի «Ապագան այն չէ, ինչ նախկինում
էր» ֆիլմը: «Այն համակարգչային արվեստի նվիրյալներից մեկի՝ Էրկի Կուրենեմի մասին
է: Ֆիլմը Ֆինլանդիայից ուղարկվել է հատուկ այս նախագծի համար»,- ասաց ՆՓԱԿ-ի աշխատակից,
համադրող Եվա Խաչատրյանը: Իսկ երկուշաբթի օրվանից ֆիլմը ցուցադրվում է ՆՓԱԿ-ի
սրահում: Նոյեմբերի 27-ին նախատեսված էր վիդեո եւ աուդիո արվեստի համատեղ ցուցադրում:
Հայաստանում առաջին անգամ նկարիչ եւ երաժիշտ արվեստագետները միասին էլեկտրոնային
կենդանի երաժշտություն եւ համակարգչային գրաֆիկա էին ներկայացնում զուգահեռաբար:
Երաժշտական մասը նոր ստեղծված երաժիշտների PENETRO խմբակցությանն էր, իսկ համակարգչային
արվեստը ներկայացնում էին Վահրամ Աղասյանը, Նարինե Արամյանը եւ Նարեկ Ավետիսյանը,
որին էլ «Առավոտը» խնդրեց մանրամասնել նախագծի նպատակը: «Այս նախագիծն արժեքավոր
է նրանով, որ առաջին անգամ էլեկտրոնային երաժշտություն ստեղծողները մի դաշտում համագործակցելու
են համակարգչային պատկերներ ստեղծողների հետ եւ դառնալու են մեկը մյուսին լրացնող
համարժեք երեւույթներ: Անիմացիան եւ պատկերների ստեղծումը առարկայացնում են մեր պատկերացումները
տարածության մեջ: Համակարգիչը վիրտուալ իրականացման պայման-գործիքն է, որը մենք ստեղծել
ենք: Այսօրվա արվեստագետին տրվում է մեծ հնարավորություն, քան նախկինում էր, ստեղծել
երեւակայական աշխարհ, ուր չկան ֆիզիկական արգելքներ, ժամանակ, տարածություն հասկացություններ:
Համակարգչային կոչվող արվեստի ուղղությունը աշխատում է այս երեւույթների վրա՝ փորձելով
ստեղծել նոր գեղագիտություն»,- պատմեց Ն. Ավետիսյանը: Նոյեմբերի 28-ին ՆՓԱԿ-ում
տեղի ունեցավ եւս մեկ միջոցառում՝ «Ծուռ ռոք համերգ»՝ «Ծուռ եմ, հուր եմ, ուր եմ»
խորագրով: Այն կազմակերպված էր «Ընդդեմ բռնության» ակցիայի շրջանակներում, այս անգամ
«հանուն ազատության» կարգախոսով: Կազմակերպիչներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
անդամ Անուշ Բարսեղյանը տեղեկացրեց, որ արդեն չորրորդ ակցիան է, որին մասնակցում
էին 10՝ «Բամբիռ», «Դոմ», «Ուտոպիա», «Այտերէգո» եւ այլ ռոք խմբեր: «Մենք շարունակ
ասում ենք՝ լավն ենք, ուրիշ ենք, սակայն բռնության, անարդարության դեմ պայքարում
ակտիվ չենք: Ո՞ւր ենք»,- հարցրեց Ա. Բարսեղյանը: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել