Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԵԺ ՕՐԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Նոյեմբեր 30,2004 00:00

Եվ
այսպես, Շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի
ծննդյան 75-ամյակին նվիրված միջազգային հուշամրցաշարը: Շաբաթ օրը կայացած
9-րդ՝ եզրափակիչ տուրում առաջատար Պավել Սմիռնովը (Ռուսաստան) ոչ-ոքի խաղաց Կարեն
Ասրյանի հետ եւ 7,5 միավորով ճանաչվեց միանձնյա հաղթող՝ արժանանալով գլխավոր $5000
դրամական մրցանակին: Նրան կես միավոր զիջեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որին հանձնվեց
$4000: Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Ասրյանը գրավեց երրորդ տեղը՝ 6,5 միավորով եւ
ստացավ $3000: Նույնքան միավոր իրենց անվան դիմաց գրանցեցին եւս ինը շախմատիստներ,
որոնք, ըստ անհատական գործակիցների եւ լրացուցիչ հաշվարկների, բաժանեցին 4-12-րդ
հորիզոնականները: Նրանց մեջ են հայաստանցիներ Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը,
Աշոտ Անաստասյանը, Տիգրան Նալբանդյանը: Կազմակերպիչները երեքական հատուկ մրցանակներ
էին սահմանել կանանց եւ պատանիների մեջ երեք լավագույն արդյունքները ցույց տվողների
համար: Դրանց արժանացան Էլինա Դանիելյանը ($500), Նելլի Աղինյանը ($400), Լիլիթ Մկրտչյանը
($200), վրաստանցի Կոնստանտինե Շանավան, հայաստանցիներ Բենիամին Գալստյանը եւ Զավեն
Անդրիասյանը: Պատանիներին նույնպես համապատասխանաբար հանձնվեց նույնքան գումար: Հուշամրցաշարը
առանձնացավ նրանով, որ Հայաստանի եւ Վրաստանի հինգ շախմատիստներ լրացրին միջազգային
վարպետի նորմա: Նրանք են. Դավիթ Մագալաշվիլին, Բենիամին Գալստյանը, Տոռնիկե Սանիկիձեն,
Տիգրան Պետրոսյանը եւ Հակոբ Վարդանյանը: Հաջորդ օրը նույն տեղում մեկնարկեց
արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որում հանդես եկող Հայաստանի, Ռուսաստանի,
Ուկրաինայի, Լիտվայի եւ Իրանի 96 շախմատիստների ճնշող մեծամասնությունը Տ. Պետրոսյանի
հուշամրցաշարի մասնակիցներն են: Իրանը մասնակցում էր հաշվարկից դուրս: Երկու օրվա
ընթացքում նրանք անցկացրին 11 պարտիա՝ 15-ական րոպե, ամեն քայլին 10-ական վայրկյան
հավելումով: Այստեղ էլ բավականին շատ դրամական մրցանակներ էին սահմանված: Մասնավորապես,
հաղթող դարձած Վասիլի Իվանչուկը ստացավ 2000, արծաթե մեդալակիր Զվիադ Իզորիան՝ 1500,
բրոնզե մրցանակակիր Բենիամին Գալստյանը՝ 1000 եվրո: Նույն օրը Մոսկվայում
ավարտվեց շախմատի Ռուսաստանի տղամարդկանց 57-րդ առաջնության սուպերեզրափակիչը, որին
մասնակցում էին շախմատային այդ տերության 11 ուժեղագույն գրոսմայստերներ՝ Գարրի Կասպարովի
գլխավորությամբ: Աշխարհի 13-րդ չեմպիոնը եւ համաշխարհային վարկանիշային դասակարգման
առաջատարը Ռուսաստանի մակարդակով չեմպիոն հռչակվեց առաջնության նախավերջին տուրում:
Նա ոչ-ոքի խաղալով Ալեքսանդր Մորոզեւիչի հետ՝ իր անվան դիմաց գրանցեց 7 միավոր ու
այլեւս անհասանելի դարձավ մոտակա եւ գլխավոր մրցակցի՝ Ալեքսանդր Գրիշչուկի համար՝
5,5 միավոր: Վերջինս նույն օրն անսպասելիորեն պարտվեց Այեքսեյ Կորոտիլյովին: Եվ հետաքրքիրն
այն է, որ վերջին տուրում Գրիշչուկը սպիտակներով խաղալու էր հենց Կասպարովի հետ:
Սակայն գրանցվելիք հաշիվն արդեն որեւէ դեր չէր խաղալու չեմպիոնին որոշելու համար:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել