Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետական երգչախումբը թանկ հաճույք է

Նոյեմբեր 30,2004 00:00

Որտե՞ղ
են Հայաստանի երգչախմբերը, մասնավորապես Երաժշտական (երգչախմբային) ընկերության Ա.
Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախումբը: Պարզաբանում է ընկերության նախագահ, պրոֆեսոր
Դավիթ Ղազարյանը: Մեր զրուցակիցը պատմեց, որ դեռ անցյալ դարի 50-ականներին
Հայաստանում լայն գործունեություն ծավալած երգչախմբերին ուշադրության կենտրոնում
պահելու, ասել է թե՝ նրանց պրոֆեսիոնալ զարգացումը խթանելու նպատակով, անվանի խմբավարներ
Թաթուլ Ալթունյանն ու Էմմա Ծատուրյանը 1958թ. հիմնադրեցին ընկերությունը: Հավելյալ
ֆինանսական եկամուտներ ստանալու համար, կառավարության որոշմամբ ընկերությանը կից
բացվեցին արտադրական կոմբինատներ, որոնցից ստացված եկամուտների 30%-ը հատկացվում
էր ընկերությանը: Պրն Ղազարյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր ընկերությունն ապրում
է իր վարչության մի քանի սենյակների եւ խմբերգային արվեստի տան դահլիճի (որը անմխիթար
վիճակում է- Ս. Դ.) վարձակալության գումարով. «Դահլիճը բարվոք վիճակում չէ, քանի
որ շուրջ 30 տարի այստեղ կատարվել է միայն մասնակի վերանորոգում»: Նա հայտնեց, որ
վերջերս Կենտրոնի թաղապետի հետ հանդիպման ժամանակ արծարծել է այդ հարցը, եւ «ենթադրում
եմ, որ պարոն Բեգլարյանը միջոցներ կտրամադրի Երգչախմբային արվեստի տան վերանորոգման
աշխատանքներին»: Երգչախմբայինից երաժշտականի վերանվանվելը նախագահը բացատրեց
ընկերության ստեղծագործական աշխատանքների ընդլայնմամբ. «1987-ից ընդգրկվեցին վոկալ
գործիքային, փողային նվագախմբեր, ժողարվեստ, ֆոլկլոր, նույնիսկ ստեղծվեցին պարային
խմբեր»: Չնայած միջոցների սակավությանը, «տեղի են ունեցել փողային նվագախմբերի, ժողարվեստի,
անհատ կատարողների ամենամյա մրցույթ-փառատոներ»: Դ. Ղազարյանի խոսքերով, չի անտեսվել
եւ ոչ մի մշակույթի գործչի հոբելյան, կազմակերպվել են համերգ-այցելություններ տարեցների
հիմնարկներ: Ինչ վերաբերում է 1966թ. ընկերության հիմնադրած Ա. Տեր-Հովհաննիսյանի
անվան վաստակաշատ երգչախմբի գործունեությանը, պարոն Ղազարյանի խոսքերով՝ «Երգչախումբը
80 արտիստից նվազել է 40-ի: Բարոյական չէ բարձրակարգ երգչին 5000 դրամ աշխատավարձ
տալ: Մի քանի տարի է, ինչ անցել ենք պատվերային սկզբունքով աշխատաոճի»: Ապա հիշեցրեց,
թե արտերկրում նման սկզբունքով գործող հիանալի երգչախմբեր կան: Համակարծիք լինելով
մեր այն դիտարկմանը, թե գործող երգչախմբերը պակասել են, պարոն Ղազարյանը նշեց. «Շատ
երգչախմբեր գոյատեւում են հովանավորչական գումարներով: Հայաստանյան բեմերում չերեւալ՝
դեռ չի նշանակում գոյություն չունենալ: Այսօր էլ կան երգչախմբեր, որոնք մեկնում են
հյուրախաղերի եւ մրցույթների: Պետք է նշեմ Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի երգչախմբերի
բարձր մակարդակը: Այո, ֆինանսական պատճառներով երգչախմբերի քանակը պակասել է, բայց
գործողները, անխոս, բարձր մակարդակի են»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀ.
Գ. Մշակույթի նախարարության մամլո քարտուղար Գ. Դուրգարյանից տեղեկացանք, որ հանրապետությունում
պետական կարգավիճակ ունի միայն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Նախարարությունը
Հ. Թոփիկյանի ղեկավարած «Երեւան» կամերային երգչախմբին պետական կարգավիճակ տալու
հարցով դիմել է ֆինանսների նախարարություն, դեռ պատասխան չի ստացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել