Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ համայնքի պատասխանը

Նոյեմբեր 30,2004 00:00

Հայ
համայնքի պատասխանը Երբ լրագրողները Ռոբերտ Քոչարյանին միանգամայն
օրինաչափ հարց տվին, թե ինչու է նա շնորհավորել Յանուկովիչին, Քոչարյանը դեմքի կուսական
միամտության արտահայտությամբ ասաց, թե այդ բանն արել է Ուկրաինայի ԿԸՀ-ի հրապարակած
տվյալների հիման վրա: Հիմա ոնց չասես. ակունք իմաստնության: Իհարկե, միանգամայն
հասկանալի է, թե ինչու Քոչարյանն արեց այդ բանը: Ինչպես ասում են՝ «ռիբակ ռիբակա…»,
չհաշված «մեծ ախպոր» ցուցումը: Սակայն փաստարկները, որոնք խոսում էին Յանուկովիչին
չշնորհավորելու օգտին, ուղղակի աչք են ծակում: Բավական է նշել միայն այն հանգամանքը,
որ ողջ քաղաքակիրթ Արեւմուտքը, իր տարբեր կառույցների միջոցով (որոնցից շատերին,
ի դեպ, ոչ բարով անդամակցում է նաեւ Հայաստանը), իր խորին վրդովմունքն է հայտնել
Ուկրաինայում անցկացված խայտառակ ընտրությունների կապակցությամբ: Եվրաինտեգրման ուղին
բռնած պաշտոնական Երեւանի կողմից Յանուկովիչին ճանաչելը, փաստորեն, այլ բան չէր,
քան բառի բուն իմաստով՝ թքել այդ նույն Եվրոպայի վրա: Բայց դա դեռ ոչինչ: Մի պահ
մտաբերենք այն պաշտոնական եւ կիսապաշտոնական վայնասունը, որ ժամանակին Հայաստանում
բարձրացել էր՝ ի պատասխան Իրաքի հարցում լղոզված դիրքորոշում ունենալու մեղադրանքների:
«Պետականամետ» քարոզիչներն այն ժամանակ արցունքն աչքերին բառաչում էին իրաքահայ 30
հազարանոց համայնքին սպասվող հավանական փորձությունների մասին: Հատկանշական է, որ
Ուկրաինայի պարագայում Քոչարյանը երիցս թքած ունի այդ երկրի՝ բազմապատիկ ավելի մեծաթիվ
հայ համայնքի վրա: Սա այն դեպքերից է, երբ հայկական «ճկուն» դիվանագիտությունը, իսկ
ավելի ճիշտ՝ արտաքին քաղաքական ողորմելի կոնյունկտուրան, մեզ է ներկայանում իր ողջ
մերկությամբ: Ստորեւ, առանց մեկնաբանությունների, ներկայացնում ենք Ուկրաինայի հայերի
արձագանքը կատարվածի առնչությամբ: Մեջբերում. «Ուկրաինայի հայ համայնքն իր
զարմանքն է արտահայտել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Վիկտոր Յանուկովիչին,
այսպես կոչված, հաղթանակի կապակցությամբ ժամանակից շուտ շնորհավորելու առիթով»: Ռ.
Քոչարյանին ուղղած դիմումում Ուկրաինայի հայերը նաեւ ընդգծել են, որ «ուղղակի անթույլատրելի
էր այդպիսի շտապողականություն դրսեւորել այն ժամանակ, երբ ողջ քաղաքակիրթ հանրությունն
իր վրդովմունքն է արտահայտում նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծարարությունների
առիթով եւ սպասում է Ուկրաինայի Գերագույն դատարանի որոշմանը»: Դիմումը, որտեղ արտահայտված
է Ռոբերտ Քոչարյանի գործողության հանդեպ արտահայտված զարմանքը, Ուկրաինայի բոլոր
հայերի անունից ստորագրել է հայտնի կինոռեժիսոր, Ուկրաինայի հայերի միության հիմնադիրներից
մեկը՝ Ռոման Բալայանը: Ուկրաինայի հայերի հաջորդ քայլը եղել է այն, որ նրանք դիմել
են Ուկրաինայի ժողովրդին՝ ներողություն խնդրելով Հայաստանի նախագահի գործողությունների
համար՝ հայտարարելով իրենց համերաշխությունը ուկրաինացիներին, «ովքեր ձգտում են ապրել
այնպիսի երկրում, որտեղ ապահովված են սահմանադրական իրավունքները»: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել