Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Նոյեմբեր 27,2004 00:00

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ Ընդդիմադիր կուսակցությունները քննարկեցին Ղարաբաղի խնդիրը եւ կարեւորեցին լեգիտիմությունը Երեկ Դեմոկրատական կուսակցությունը եւ Սահմանադրական իրավունք միությունը քննարկում էին կազմակերպել՝ Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ոչ կոալիցիայի, ոչ պետական եւ ոչ էլ ԼՂՀ-ից հրավիրված ներկայացուցիչները չէին մասնակցում քննարկմանը: Արամ Գ. Սարգսյանը դա բացատրեց այսպես. «Ասելիք չունեն»: Իրենց ներկայությամբ չէին պատվել նաեւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները: Կազմակերպիչները քննարկման էին առաջարկել մի բանաձեւ, որում ութ կետով շարադրված են, ըստ իրենց, Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում հայկական կողմի անհրաժեշտ քայլերը: Դրանք մոտավորապես այսպիսին են՝ «Մշակել եւ միջազգային հանրությանը ներկայացնել ՀՀ եւ ԼՂՀ միասնական հայեցակարգը՝ հիմնահարցի էության մասին, որով կհիմնավորվի նաեւ Ադրբեջանի կազմից ԼՂ-ի դուրս գալու իրավական նորմերին, ԽՍՀՄ-ի օրենքներին համապատասխանող գործողությունը: Առաջարկել ՀՀ ԱԺ-ին՝ ճանաչել ԼՂՀ անկախությունը: Իրավական փաստ ընդունելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ ԳԽ եւ Արցախի ազգային խորհրդի համատեղ որոշումը եւ 1991-ի հանրաքվեի արդյունքում ԼՂՀ հռչակումը, ԼՂՀ-ի՝ Ադրբեջանից անկախ գոյությունը՝ հռչակագրով ճանաչել Արցախի փաստացի նվաճած կարգավիճակներից մեկը: Առաջարկել ԱԺ-ին՝ անվավեր ճանաչել 1992 թվականին ՄԱԿ-ում ստորագրված Ադրբեջանի սահմաններին վերաբերվող, ինչպես նաեւ 1999թ. Ստամբուլի խարտիայի տակ դրված Հայաստանի ստորագրությունները: Հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ առաջարկել Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետեւանքների հաղթահարումը»: Այս ամենին, իհարկե, համաշխարհային հանրությունը պետք է տեղեկացվի դիվանագիտական խողովակներով, համապատասխան քարոզչություն պետք է ծավալվի, Արցախի հարցի շուրջ հայ ժողովրդի համազգային միասնականություն ապահովելու համար համակարգված գործողությունների ծրագիր պետք է մշակվի: Սրանով հանդերձ, ԼՂՀ խնդրի լուծման նախապայմանը մնում է Հայաստանում օրինական եւ ժողովրդի լայն վստահությունը վայելող իշխանության ձեւավորումը: Դեմկուսի ղեկավարը եւ Շավարշ Քոչարյանը իրենց ելույթներում, ըստ էության, գովազդեցին լուծման այս ճանապարհը: ՍԻՄ նախագահը տեղեկացրեց, որ կոնկրետ այս փաստաթղթի առումով ինքը որոշ վերապահումներ ունի, բայց եթե ԼՂՀ հարցի լուծման ամենավատ տարբերակի շուրջ էլ համաժողովրդական համաձայնություն կայանա, ինքը կընդունի դա: ԱԺՄ ներկայացուցիչ Ալբերտ Բաղդասարյանը առաջարկում է նախ ԱԳՆ-ի պաշտոնյաների համար ԼՂՀ հարցի պատմական եւ իրավական բովանդակության մասին դասընթացներ կազմակերպել: Ապա՝ ԼՂՀ իշխանություններին առաջարկել՝ «վերջապես քայլեր անել անկախության ուղղությամբ՝ ընդունել Սահմանադրություն, փոխել պետության անունը, եթե անհրաժեշտություն կա՝ մայրաքաղաքը տեղափոխել պատմական մայրաքաղաք Շուշի»: Պարոն Բաղդասարյանը կարծում է նաեւ, որ համանախագահների՝ Հայաստանի գործընկեր ռուս ներկայացուցիչը պետք է նույնպես պատասխան տա միջազգային ատյաններում մեր ձախողումների համար: Այս ամենին զուգահեռ, պետք է ապահովվի նաեւ Հայաստանի ժողովրդավարացումը, այլապես, Ա. Բաղդասարյանի համոզմամբ էլ՝ «առանց դրա, ամեն ինչ դատարկ խոսակցություն է»: ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ամենաէական հարցն այն է, թե՝ «հանրային քաղաքական հավաքական միտքն, այնուհանդերձ, ուզո՞ւմ է կոնֆլիկտը կարգավորել, թե՞ սրանք քայլեր են կամ քայլեր պետք է անել՝ ստատուս-քվոն պահպանելու համար»: ՔԴՄ նախագահը ոչ պակաս կարեւոր է համարում, թե ի՞նչ ենք հասկանում կարգավորում ասելով, այն էլ՝ հայանպաստ կարգավորում: Եթե այս հարցերի պատասխանները չկան, ապա՝ «կարող ենք շեղվել նույնիսկ քաղաքական բուն գործընթացների նպատակներին հասնելու առումով»: ՔԴՄ-ն, օրինակ, կարգավորում ասելով հասկանում է «կոնֆլիկտի շուրջ իրավական, քաղաքական այնպիսի պայմանավորվածությունների ձեռքբերում, որոնք կբացառեն կոնֆլիկտի կրկնվելու որեւէ հնարավորություն՝ երկարաժամկետ հատվածում»: Ինչ վերաբերում է հայանպաստին՝ «Արդյո՞ք դա նշանակում է ադրբեջանավնաս: Եթե՝ այո, ուրեմն ակնհայտորեն չենք խոսում կարգավորման մասին»,- համոզված է ՔԴՄ նախագահը: Ուստի՝ «կարգավորումը պետք է ձեռնտու լինի Հայաստանին եւ ԼՂՀ-ին, եւ դրան պետք է դեմ չլինի նաեւ Ադրբեջանը: Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է երկարաժամկետ եւ լուրջ զարգացման հեռանկար ստանան»: ՔԴՄ նախագահի խորին համոզմամբ, նախ՝ պետք է հստակեցնել կոնֆլիկտի կարգավորման քաղաքական բանաձեւը, դրանից հետո փորձել հասկանալ նպատակին հասնելու հիմնական քայլերը: Նա եւս այն կարծիքին է, որ «իշխանությունների քաղաքական որակը օրինականության տեսանկյունից պետք է անխոցելի լինի, որպեսզի կարողանան նույնիկ մարտահրավեր նետել քո հանրությանը»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել