Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԵՎԵԼՔԻ

Նոյեմբեր 27,2004 00:00

«ԱՐԵՎԵԼՔԻ ՎԱԳՐԵՐԸ»՝ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԵՐԻՆ» ՀՅՈՒՐ Հայաստանում են Կորեայի Հանրապետության 13 գործարարներ՝ գործընկերներ գտնելու նպատակով: Երեկ նրանց ծանոթության համար հրավիրվել էր կլոր սեղան: Հայաստանի սպառման շուկան ողողված է հարավկորեական լայն սպառման արտադրանքով՝ հագուստ, կոշիկ, կենցաղային տեխնիկա, սակայն դրանք ոչ թե լուրջ գործարար կապերի, այլ՝ «չելնոկների» միջոցով է: Սակայն Զարգացման հայկական գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը երեկ «Առավոտին» փորձում էր վստահեցնել, թե Կորեայից ներմուծվող արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ «չելնոկությունը» աննշան տոկոս է կազմում: 2003-ին ներմուծվել է 5,5 մլն դոլարի ապրանք: Սպառողի աչքով եթե դիտարկենք, բոլոր տոնավաճառներում ապրանքի շուրջ 40%-ը հարավկորեական ծագում ունի: Նույն մոտավոր հաշվարկով էլ, «չելնոկների» ներմուծածը մեկ տարում արդեն կարող էր այդքան գումար կազմել: Ամեն դեպքում փաստ է, որ վերջին 20 տարիներին աշխարհի շատ երկրների շուկաները հիմնովին նվաճած Կորեայի հետ տնտեսական մեր կապերն առայսօր լուրջ հիմքերի վրա դրված չեն: Չնայած, ինչպես կորեացիներն ասացին, նրանք լուրջ հետաքրքրված են մեր երկրով: Ասենք, որ կորեական ներդրումով միակ ձեռնարկությունը «Եվրոթերմն» է, համատեղ ձեռնարկություններն էլ մի քանիսն են: «Մենք չենք ճանաչում ձեր երկիրը ու չգիտենք, թե ի՞նչ օգուտ կունենանք այստեղ ներդրումներ անելիս»,- երեկ անկեղծ խոստովանեցին կորեացիները: Այդ անտեղյակությունը հիանալի օգտագործեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, նրանց հրամցնելով գումար աշխատելու համար աշխարհի ամենալավ մի երկիր, Եվրոպայից էլ լավը. «Հայաստանը շատ հավասարակշռված երկիր է, տնտեսական եւ այլ հանցագործություն չկա, ինֆլյացիան չի գերազանցում 3%-ը, արտահանման տարիֆն ամենացածրն է, աշխատուժը՝ էժան, թղթարարությունը՝ ամենահեշտացվածը, 3-10 օրում կարող եք պատրաստել ու կնքել ներդրումային պայմանագիր» եւ այլն: Մի խոսքով, այն խոչընդոտների ու դժվարությունների մասին, որ սովորաբար նշում են օտարերկրացիները՝ տրանսպորտային, կապի անբավարարության, հարկային դաշտի անկատարության եւ չինովնիկական կոռուպցիայի հետ կապված, բանախոսը, բնականաբար, լռեց: Սակայն կորեացիներն էլ միամիտ չէին. նրանք որոշեցին, որ ամենից առաջ պետք է ստեղծել առեւտրային կենտրոն, որը կուսումնասիրի եւ կկոորդինացնի փոխադարձ տնտեսական շփումները: Սկզբի համար երեկ կորեացիներին ներկայացվեցին բարձր տեխնոլոգիաների, էլեկտրական սարքավորումների, դեղագործության եւ հանքարդյունաբերության ոլորտները: Կհետաքրքրե՞ն դրանք հյուրերին, կկնքվե՞ն պայմանագրեր: Վահագն Մովսիսյանը վստահ էր, որ՝ «այո, եթե բիզնեսմենը 9 ժամ թռել-հասել է այստեղ, ուրեմն լուրջ նպատակներ ունի»: Առաջիկա օրերին նրանք կծանոթանան ներկայացված գործարար ծրագրերին: Մեկին բանավոր ծանոթացան կլոր սեղանի շուրջ՝ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի ստեղծումն ու հանքի արդյունահանումը: Հանքաքարն այստեղ երկուսուկես անգամ քիչ մոլիբդեն է պարունակում, քան Քաջարանի հանքում է, բայց նույն համեմատական չափով էլ հարուստ է պղնձով: Ըստ ծրագրի, ներդրողի ծախսն ամբողջությամբ կփոխհատուցվի մոտ 9 տարուց: Ընդհանուր կարծիքով, հայերին հետաքրքրում էր ոչ միայն ներդրումը, այլեւ Կորեայի «ագրեսիվ տնտեսության» զարգացման փորձը, որով այդ երկիրը վերջին երկու տասնամյակում աղքատ երկրից դարձավ «արեւելքի տնտեսական վագրերից մեկը»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել