Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անիմաստ

Նոյեմբեր 27,2004 00:00

«Անիմաստ հոխորտանք» ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանում է ԱԺ մյուս փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի դժգոհությանը, թե ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը չպիտի մասնակցեր Աթկինսոնի զեկույցի քննարկմանը: Հիրավի, Ազգային ժողովում մեր առանձնասենյակներն իրարից բաժանող մի քանի մետրը կամ նիստերի դահլիճում երկու աթոռի հեռավորությունը չափազանց լուրջ խոչընդոտ են ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի համար, որ վերջին երեք ամսվա ընթացքում իր կարծիքը փոխանցեր Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ, ու ճարահատյալ դիմել է թերթի օգնությանը: Եթե դա է միակ հնարավորությունը, ապա ես էլ ստիպված եմ նույնը օգտագործել: Նախ, ԵԽԽՎ եւ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստերին չմասնակցելու փայլուն «գաղափարի» մասին: Չեմ ուզում անդրադառնալ երեւույթի գնահատականին՝ յուրահատուկ բոյկոտի, ավանտյուրայի, թե քյալագյոզության կոչ է սա, քանի որ, իմ կարծիքով, բոլորն էլ անպտուղ են ու վնասակար: Կա հարցի այլ կողմը: Իշխանությունն ինքնագործունեության խմբակ չէ, որ յուրաքանչյուրն անի իր կամ մեկ ուրիշի խելքին փչածը: Ինչպես երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող որեւէ հարցի, այնպես էլ այս դեպքում զեկույցի նախնական նախագիծը եւ դրան հաջորդած տարբերակները ստանալուն պես՝ դրանք անմիջապես տրամադրվել են երկրի բարձրագույն ղեկավարությանը, որի հավանությամբ են արվել հետագա բոլոր քայլերը, այդ թվում եւ՝ նախագծի փոփոխությունների առաջարկությունները: Եթե պարոն Հովհաննիսյանը որեւէ մեկին դիմել է իր առաջարկի վերաբերյալ, ապա պետք է քաջություն ունենա այդ հասցեով էլ ուղղել իր դժգոհությունը: Եթե չի դիմել՝ անիմաստ է այդ հոխորտանքը: Առավել եւս բարոյական չէ սեփական տեսակետը «հիմնավորելու» համար կեղծիքի դիմելը՝ սեփական նախաձեռնությամբ կամ ուրիշների պատմելով: Պատահական չէ, որ ոչ մի փաստ չի բերվում իր հայտարարության օգտին, որ «Դեւիսի զեկույցի համեմատ շատ ավելի վատ բովանդակություն ունի Աթկինսոնի զեկույցը»: Դրանց ծանոթ որեւէ մեկը չի կարող չտեսնել, որ ճիշտ հակառակն է: Դեւիսի նախնական նախագծի համեմատ հայկական կողմի առաջարկով արվել եւ ընդունվել է վեց փոփոխություն, որոնց արդյունքում դուրս են մղվել ի սկզբանե Հայաստանին ներկայացված մեղադրանքներ: Մինչդեռ ադրբեջանցիներին հաջողվել է միայն մեկ փոփոխություն: Իհարկե, էլի կան մի քանի դրույթներ, որոնց փոփոխության վրա պետք է աշխատել, սակայն պարզ է, որ բացակայելով՝ ուրիշի համար ես ստեղծում հաջողության հնարավորություն: Իսկ փաստաթուղթը, ի տարբերություն շատ այլ բաների, մնայուն է: Ինչ վերաբերում է ընդհանրապես զեկույցը դուրս մղելուն, ապա այդ մասին պետք է մտածվեր երեք տարի առաջ, երբ այն հաստատվեց ԵԽԽՎ-ում: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Հանրապետական կուսակցությունը չուներ պատվիրակությունում անդամ: Հոխորտանքն ու տարբեր ուղղություններով մեղադրանքներ շաղ տալը երբեք որեւէ գործի չեն օգնել: Ինչ վերաբերում է Ազգային ժողովում կամ դրսում կատարված ու կատարվող աշխատանքներին, ապա պատրաստ եմ ցանկացած քննարկման, որի արդյունքը, կարծում եմ, կասկած չի հարուցում որեւէ ողջամիտ մարդու մոտ: Ցավում եմ, որ փորձ է արվում դեռեւս մեկ տարի առաջ պատվիրակությունների ձեւավորման հետ կապված անառողջ զգացմունքները դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդրի առիթով: ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել