Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆՄԱՆ

Նոյեմբեր 27,2004 00:00

«ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂԸ ՉԻ ՄՆՈՒՄ ԻՐ ՊԱՇՏՈՆԻՆ» ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն ամենաակտիվն էր ԱԺ նախագահի հաղորդման քննարկման ժամանակ եւ հանդես եկավ ամենաշատ հարցադրումներով: – Ավելի վաղ մամուլում հայտարարել էիք, թե ԱԺ-ում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ քաղաքական հարցադրումներ կատարողները հետապնդվում են «37 թվի մակարդակով»: Սակայն երբ պաշտոնական հաղորդման ընթացքում բավական սուր հարցադրումներ էիք ներկայացնում՝ չէի՞ք զգուշանում, որ կարող եք դառնալ հետապնդումների թիրախ: – Իմ նկատմամբ դժվար թե կարողանան հետապնդումներ իրագործել՝ հասկանալի պատճառներով. ես վաղուցվա մարտիկ եմ եւ թրծված եմ նման հարցերում: Եթե հետապնդումներ լինեն՝ կտամ համարժեք պատասխան, բայց ոչ իրենց մեթոդներով, այլ քաղաքակրթության սահմաններում: – Դուք քննադատեցիք Արթուր Բաղդասարյանի հաղորդման այն հատվածը, թե «անընդունելի է, երբ սեփականաշնորհման անվան տակ պետական ունեցվածքի ջրի գնով վաճառք է տեղի ունենում, դա ոչ այլ ինչ է, քան կողոպուտ պետության գրպանից», նաեւ, որ շուկայական տնտեսության գաղափարախոսության տեսանկյունից անընդունելի էր «ԱրմենՏելի» հետ կապված մրցույթը մեկ գիշերում անցկացնելը: Դե՞մ եք նրան, որ անգամ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները կարող են հանդես գալ քննադատությամբ արատավոր երեւույթների վերաբերյալ: – Դեմ չեմ, որ արատավոր երեւույթների շուրջ ելույթներ ունենան, քննարկումներ անեն, բայց թող չհասցնեն պոպուլիզմի աստիճանի: Նման հայտարարություն, որ արեց Արթուր Բաղդասարյանը՝ կա՛մ չեն անում, կա՛մ այդպես չի լինում ձեւակերպումը: Քննադատության մեջ կան շա՜տ մեծ տարբերություններ: Իսկ եթե նման ձեւակերպմամբ է արվում հայտարարությունը՝ աշխարհի ո՛չ մի երկրում այդ հայտարարությունն անողը, եթե մաս է կազմում իշխանությանը, չի մնում իր պաշտոնին եւ հրաժարական է տալիս: Սա քաղաքացիական հերոսության դրսեւորումներից մեկն է, որն ավելի մեծ արձագանք ու հետեւանք կունենար, քան լոկ հաղորդումը: Նշում է, թե անընդունելի է համարում, որ մրցույթն անցկացվել է «բացարձակ գաղտնի պայմաններում»: Ես ո՛չ Արթուր Բաղդասարյանի դեմ եմ տրամադրված, ո՛չ էլ ունեմ կորպորատիվ կամ սեփականատիրական շահեր: Քավ լիցի, ես նրան չեմ առաջարկում հրաժարական տալ: Բայց մանավանդ այն պայմաններում, երբ ՕԵԿ-ի նախարարները մասնակցել են կառավարության այդ նիստին, քվեարկել «կողմ»՝ դրանից հետո նման հայտարարություննե՞ր… Ի վերջո, միայն մամուլն է հրապարակել, թե այդ մրցույթն անցկացվել է գիշերը, եւ ոչ ոք չի ստուգել այդ տեղեկությունը: Փաստացի ապացուցե՛ք՝ հետո հանդես եկեք հայտարարություններով: Այլապես սա պոպուլիզմ է: Նման ձեւակերպումները շատ հարիր են ընդդիմությանը, քանի որ սա նրանց գործն է՝ ոչ Ազգային ժողովի ու կառավարող կուսակցության առաջնորդի: – Դուք եւ մի քանի այլ պատգամավորներ պահանջում էիք, որ ԱԺ նախագահը ներկայացնի նաեւ ֆինանսական հաշվետվություն: Ինչո՞ւ եք կարեւորում նման հաշվետվության անհրաժեշտությունը: – Բայց սա ի՞նչ մի արտառոց պահանջ է: Ուղղակի ինչպես ելույթումս էլ ասացի, ԱԺ կանոնակարգի դրակոնյան դրույթները (թեեւ ոմանք մինչեւ հիմա էլ չեն կարողացել պարզել՝ Դրակոնը մա՞րդ էր, թե՞ հրեշ) թույլ չեն տալիս պահանջել նման հաշվետվություն: Եվ երբ Ազգային ժողովի նախագահն էլ խորհրդարանը համեմատում է կառավարության եւ նախագահի աշխատակազմի հետ (Արթուր Բաղդասարյանը նշեց, թե նրանք էլ հաշվետվություն չեն ներկայացնում.- Ա. Ի.), խորը մոլորության մեջ է: ԱԺ-ն իր ինստիտուտցիոնալ կարգով բոլորովին այլ հիմնարկ է եւ եզրեր էլ անգամ չկան նմանության: – Այո՛, ԱԺ-ն գործում է ավելի թափանցիկ ու հրապարակային: – Դեմ չեմ: Բայց խորհրդարանը բոլորովին այլ է՝ մերը քաղաքական ակումբ է, իսկ նրանք` վարչական մարմիններ: Մե՛նք ենք ներկայացնում ժողովրդական իշխանությունը: Իհարկե, հո նախագահը ֆինանսական հաշվետվություն չի՞ ներկայացնելու՝ աշխարհի որեւէ նախագահ հանդես չի գալիս հաղորդմամբ: – Հիմնավորեք ավելի վաղ Ձեր արած պնդումները, թե պատգամավորներն ԱԺ-ում հարմար չեն զգում իրենց, քանի որ «ԱԺ-ի ղեկավարության (բեմի) եւ դահլիճի միջեւ փոխըմբռնումն իսպառ բացակայում է», ԱԺ-ում չկան ընկերական հարաբերություններ, եւ դա ղեկավարության թերությունն է: – Խոսքը նաեւ քաղաքական կուլտուրայի մասին է՝ խորհրդարանը մեր ժողովրդական տունն է, այնտեղ չպետք է լինեն արտոնյալ կամ իրավունքները ոտնահարված պատգամավորներ: Ես հաղորդման քննարկման ժամանակ անդրադարձա, օրինակ, պատվիրակությունների կազմերին: ԱԺ-ն տուրիստական բյուրո է դարձել, եւ ես սա ցավով եմ ասում: – Քանի որ ՀՀԿ խմբակցության անդամ եք, մտավախություն չունե՞ք, որ Ձեր այս քննադատությունը ՕԵԿ-ի ղեկավարի հասցեին կդիտվի իբրեւ ներկոալիցիոն տարաձայնությունների վկայություն: – Ես չեմ մտածում, թե սրա հետեւանքներն ինչ կլինեն: Ես ազգային գործիչ եմ: Ինձ չեն հետաքրքրում կուսակցությունները եւ թե դրանց վերնախավի շահերն ինչ են պահանջում, որ ասեմ ես: Ասում եմ այն, ինչ կարող եմ ապացուցել ցանկացա՛ծ ատյանում եւ, ինչ ասում է ամբողջ ժողովուրդը: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել