Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԳԱ

Նոյեմբեր 27,2004 00:00

Բայց նրանք լուրջ առաքելություն ունեն

Ինչու Հայաստանում իշխանության չեն գալիս ազատական, առաջադեմ մտածողություն ունեցող, արեւմտամետ ուժերը: Պատասխանն առաջին հայացքից պարզ է. որովհետեւ իշխանության գլուխ են ոչ լիբերալ, հետադիմական ուժերը եւ դրանք ամեն հնարավորն ու անհնարինը կանեն՝ իրենց աթոռը պահելու համար: Ավելին, իշխող ուժերը՝ ի դեմս դաշնակցականների, նժդեհականների եւ սոցիալ-պոպուլիստների, ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանը չզարգանա քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրվելու ուղղությամբ եւ մնա Ռուսաստանի ամենահետամնաց «պուճախներից» մեկը:

Երկրորդ մակերեսային պատասխանը հետեւյալն է. ազատական գաղափարները Հայաստանում ասոցիացվում են «ցրտի եւ մթի» տարիների, հետեւաբար այն առասպելի հետ, որ լիբերալները երկիր քանդող են եւ թալանչի: (Այդ առասպելն, ի դեպ, խնամքով պահպանում եւ զարգացնում են ներկայիս իշխանավորները): Առասպելի դեմ բանական փաստարկներով պայքարելն անիմաստ է: Դուք չեք կարող ապացուցել, որ Զեւսն, օրինակ, ոչ մի ամպրոպների էլ չի տիրապետում՝ որեւէ հույն ձեզ չի հավատա:

Բայց կա խնդրի երրորդ, առավել խորքային շերտը: Այնուամենայնիվ, ցանկացած մտածող մարդ պետք է բացատրի, թե ինչու մեր ժողովուրդը սկզբունքորեն (անկախ «ցրտից ու մթից») դեմ է ազատականությանը: Իսկ դրա համար պետք է փորձել հասկանալ, թե հատկապես ո՞ր ազատական գաղափարներն են զայրացնում Հայաստանի շարքային քաղաքացուն, ո՞ր սկզբունքներն են հատկապես անընդունելի:

Եվ այսպես՝

1. Մեր հասարակությունը չի ընդունում մասնավոր սեփականությունը խոշոր արդյունաբերությունում: Ցանկացած «ժողովրդական ընդվզման» ժամանակ (անհատական թե կոլեկտիվ) առաջին իսկ դժգոհությունը հետեւյալն է. «ինչու պետությունը չի աշխատեցնում զավոդները»: Մեր ժողովրդի մեծ մասը վստահ է, որ պետությունը (հենց պետությունը) պարտավոր է վերականգնել բոլոր գործարանների խորհրդային հզորությունը, անկախ նրանից՝ հումք ունե՞ն այդ գործարանները, նրանց արտադրանքը շուկա ունի՞, հնարավորություն կա՞ այդ արտադրանքը սպառողին հասցնել, ինքնարժեքը թույլ կտա՞ այդ գործարաններին եկամուտ ստանալ եւ այլն: Այդ ամենը մեր հասարակության մեծ մասին չի հետաքրքրում: Մարդիկ ուզում են, որ պետությունը ի վնաս իրեն, անտեսելով բիզնեսի բոլոր օրենքները, աշխատատեղերի միջոցով «պահի» իր քաղաքացիներին:

2. Մեր հասարակությունը չի ընդունում մրցակցությունը քաղաքական դաշտում: Ժողովրդի գիտակցություն մեջ առայժմ չկա այն համոզմունքը, որ քաղաքականությունը ծրագրերի, գաղափարների մրցակցություն է՝ այդ ամենը դատարկ խոսակցություն է համարվում: «Լավ» կամ «վատ» քաղաքական գործչի չափանիշը մեկն է՝ «մտածո՞ւմ է ժողովրդի մասին», թե՞ «չի մտածում»: «Մտածելն» արտահայտվում է բարիքներ բաժանելու եւ բարեգործություն անելու մեջ: Այստեղից էլ՝ 10 հազար դրամ ընտրակաշառք բաժանած պատգամավորության թեկնածուն ավելի լավ քաղաքական գործիչ է, քան 5 հազար դրամ բաժանածը:

3. Մեր հասարակության մեջ չկա առողջ, չափավոր արհամարհանք իշխանության հանդեպ, որը անհրաժեշտ է, որպեսզի վերջինս շատ «չփքվի», իրեն անսխալական չզգա: Հայաստանում իշխանությանը վերաբերվում են՝ ինչպես «պապային». եթե ծեծում է, վախենում են, եթե լավ է կերակրում՝ սիրում են, եթե չի կերակրում՝ ատում են:

Լիբերալ գաղափարների նկատմամբ բացասական վերաբերմունքը (Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում) ունի երեք հիմնական պատճառ.

1. Մենք թունավորված ենք տոտալիտար գաղափարախոսությամբ: Այն, ինչ բոլշեւիկները թյուրիմացաբար «սոցիալիզմ» էին անվանում, իրականում ֆեոդալական համակարգ էր՝ իր ստրուկների եւ (միաժամանակ) իշխանների հստակ հիերարխիայով ու, բնականաբար, համապատասխան հոգեբանությամբ, որով վարակված է մեր պապերի, հայրերի եւ մեր սերունդը:

2. Չնայած մենք 2000 տարվա թատրոն ունենք, մեր վերնախվի որակը շատ ցածր է: Ազատականությունը էլիտար գաղափարախոսություն է՝ անհատական պատասխանատվության եւ ազատության պաթոսն ավելի բարդ է, քան կոլեկտիվ անպատասխանատվությունը: Ավելի հեշտ է նախիրի նման, ուղեղն անջատած գնալ այս ու այն «ազգային» կամ «սոցիալական» պատրանքի հետեւից, քան հույսը դնել միայն քո նախաձեռնության եւ որոշումների վրա:

3. Իրենք՝ լիբերալները հավատում էին /են/, որ տնտեսական համակարգի փոփոխությունը մեխանիկորեն կփոխի քաղաքականությունը եւ մենթալիտետը: Հավանաբար, դասագրքային մարքսիզմի բանաձեւն այն մասին, որ իբր կեցությունն է որոշում գիտակցությունը, այնքան խորն է մտել մեր բոլորիս ուղեղի մեջ, որ նույնիսկ ազատականներն են կիսում այդ մոլորությունը: Իբր մարդկանց վարքը, հոգեբանությունը եւ բարոյականությունը կախված են արտադրության այն ձեւից, որի մեջ իրենք ներգրավված են: Փոխենք արտադրական հարաբերությունները, օրինակ, սեփականաշնորհենք գործարանները, եւ մարդկանց մեջ կառաջանան այդ գործարանները ծաղկեցնելու անկասելի խթաններ: Իրականում այդպես չեղավ: Եվ պատահական չէ, որ 90-ականների վերջից մենք անցանք տնտեսության «փորձված» ֆեոդալական ձեւերին՝ իշխանությունը սեփականությունը վերաբաժանեց օլիգարխների միջեւ:

Հետեւություն. այս իրավիճակում եւ հասարակական այս հոգեբանությամբ ազատական ուժերը Հայաստանում պատմական մոտ ապագայում իշխանության չեն գա: Գուցե այդպիսի նպատակ պետք էլ չի դնել: Լիբերալները կարող են լինել արդյունավետ փոքրամասնություն, որը շարժում է մարդկանց միտքը, ստիպում է նրանց ավելի ազատ մտածել, «ազնվացնում» է մթնոլորտը: Դա արդեն իսկ քիչ չէ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել