Այս երեքշաբթի ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը քննարկեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակի» հարցը, որի քվեարկությունը հետաձգվել է:
Ի՞նչ են մտածում դրա մասին Ադրբեջանում: Մեր հարցերին պատասխանեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեաjի Ադրբեջանի համանախագահ Արզու Աբդուլաեւան:
– ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հարցի քննարկումը Ադրբեջանի հաջողությունն է, եւ հիմա ավելի բարենպաստ մթնոլորտ է ձեւավորված խնդիրը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար:
– Ես այդպես չեմ կարծում: Միաժամանակ, հակամարտության լուծում երբեւէ պետք է լինի: Սխալներ երկու ժողովուրդներն էլ արել են: Հայաստանը, անշուշտ, տուժել է: Բայց պատերազմն ընթացել է Ադրբեջանի տարածքում եւ գրավված են ադրբեջանական տարածքները, որոնք դուք համարում եք ԼՂ անվտանգության գոտի եւ որտեղից փախստականների հոծ բազմություն կա Ադրբեջանում: Կարծում եմ՝ արդար չէ անվտանգություն ապահովել, ասենք՝ 100 հազարի համար զոհելով 750 հազարին:
– Որքանո՞վ էր այդ նախաձեռնությունը ՄԱԿ-ում տեղին եւ արդյո՞ք դա կարող է նպաստել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:
– Ինձ թվում է, որ ընդհանրապես բոլոր այդ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը հակամարտության կարգավորմանն արդյունավետ չէ, որովհետեւ մինչ այս էլ եղել են ՄԱԿ-ի, ԵԽ-ի կողմից ընդունված բանաձեւեր ԼՂ հակամարտության հետ կապված, եղել են նաեւ ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնարարականները՝ Ադրբեջանին եւ Հայաստանին ուղղված, որոնք բացարձակապես մինչ օրս չեն կատարվել: Իսկ ԵԱՀԿ-ն հրադադարից հետո հակամարտության կարգավորման որեւէ արդյունավետ մեխանիզմ այդպես էլ չի առաջարկել: Ինձ թվում է, դա պարզապես բյուրոկրատական օղակ է, կերակրաման, որտեղ դիվանագետներն իրենց կարիերան են դասավորում, որոշակի աստիճան են անցնում, հետո իրենց կուտակած փորձը փոխանցում հաջորդ դեսպաններին, որ նրանք էլ հակամարտության համատեքստում առանց որեւէ միջադեպի կամ հակամարտության խորացման իրավիճակը փոխանցեն իրենց հաջորդներին: Գործնականում դա էստագնացիա է:
– Կարծում եք Արեւմուտքն ու միջազգային կառույցներն այնքան էլ շահագրգիռ չե՞ն հակամարտության կարգավորմամբ:
– Այդ կառույցներում հավաքվել են ձանձրալի կարիերիստ-բյուրոկրատներ, որոնք «գալոչկայի» համար կատարում են իրենց հանձնարարված որոշակի աշխատանք:
– Իսկ դուք հակամարտության լուծման այլ մեխանիզմ ունե՞ք առաջարկելու:
– Ես միանգամայն համոզված եմ, որ ոչ քաղաքացիական հասարակությանը՝ առանց պաշտոնական կառույցների մասնակցության, ոչ պաշտոնյաներին՝ առանց քաղաքացիական հասարակության մասնակցության, չի հաջողվի հակամարտության կարգավորման արդյունավետ մեխանիզմներ գտնել եւ հաջողության հասնել: Կարծում եմ, անհրաժեշտ է մշտական եւ գործող համագործակցություն այդ երկու թեւերի միջեւ՝ հակամարտության լուծման փոխադարձաբար ընդունելի տարբերակներ մշակելու համար: Իսկ այդպիսի համագործակցություն այսօր չկա: Այսօր ամեն մեկն իր տեսանկյունից է վերաբերվում հակամարտության լուծմանը: Պարզ է, թե ինչ են ուզում իշխանությունները եւ ինչ կարելի է սպասել նրանցից: Նրանք իշխանության են եկել հենց հակամարտության ալիքի, պատերազմի վրա, ուստի պայմանավորվել խնդրի խաղաղ կարգավորման շուրջ՝ նրանց համար անընդունելի է: Ընդ որում, սա վերաբերում է մեր երկու երկրների իշխանություններին էլ: Այդ հակամարտությունը լավ դիվիդենտ է ոմանց համար եւ տնտեսական, եւ քաղաքական իմաստով, ուստի չեմ կարծում, թե նրանք իրենց մասին մտածելու փոխարեն մտածեն ժողովուրդների մասին եւ կոնկրետ փոխըմբռնելի լուծումներ առաջարկեն միմյանց ու հասարակություններին:
– Այսինքն՝ դուք կրկնում եք ձեր այն տեսակետը, թե լուծումներ ավելի արդյունավետ կլինի առաջարկել հասարակական կազմակերպությունների մակարդակո՞վ:
– Այո, այդ դեպքում մեր հասարակությունները կկարողանան որոշակի մեխանիզմների միջոցով ազդել նաեւ իրենց իշխանությունների վրա՝ որոշակի լուծում առաջարկելու եւ պարտադրելու համար: Առանց ժողովրդին հաշվի առնելու, առանց ժողովուրդներից մեկի ցանկությունները հաշվի առնելու՝ հնարավոր չէ հասնել ԼՂ հակամարտության կարգավորման ռեալ լուծման:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ