ՎԱՐԴԻ ՓՈՒՇԸ Վրաստանի հայ բնակչությունը, մասնավորապես Ախալքալաքի եւ Նինոծմինդայի (Բոգդանովկա) շրջաններում ապրող հայությունը մեծ հույսեր ուներ՝ կապված Վրաստանի իշխանափոխության հետ: Ամենածանր պահերին սատար կանգնելով այժմյան ղեկավարներին, մարդիկ հայտնվել են փաստի առջեւ: «Վարդերի հեղափոխությունից մեր բաժինը փուշն էր»,- չցանկանալով հրապարակել իր անունը, ասաց Ախալքալաքի բնակիչներից մեկը: Ըստ նրա, այսօր կատարվող «բարեփոխումները» էլ ավելի են սրում տարածաշրջանի առանց այդ էլ վատթար վիճակը: Ինքնավարություն խոստացող գործիչները պարտադրել են հայկական դպրոցներին ամեն առավոտ վեր բարձրացնել վրացական դրոշը եւ Վրաստանի օրհներգը երգելուց հետո միայն սկսել դասերը: Պարտադիր ուսուցանվող առարկաների թվում են վրացերենն ու Վրաստանի պատմությունը: Արգելվել է հայ հոգեւորականի մուտքը դպրոց, դասավանդվող առարկաների թվից հանվել է հայ եկեղեցու պատմությունը: Չի կարելի քաղաքականություն չհամարել Վրաստանի ամենացուրտ գոտում՝ Բոգդանովկայում մանկատան կառուցումը, որի շինարարությունն այժմ ընթացքի մեջ է: Խոսակցություններ կան, որ շուտով այս շրջանում կտեղակայվի նաեւ ծերանոց: Հասարակական-քաղաքական կազմակերպությունները հուսահատ լռում են: Քիչ թե շատ կայունացած էլեկտրամատակարարումը արդեն չի մխիթարում, քանզի ակնհայտ է, որ հուսալքված մարդիկ այլեւս որեւէ լավ բանի ակնկալիք չունեն: «Մենք ապրում ենք խորթ զավակի կարգավիճակում,- ասաց մեր զրուցակիցը,- հայրենի իշխանությունները ոչինչ չեն անում իրավիճակը գոնե փոքր-ինչ շտկելու համար: Հասկանում ենք՝ հարեւան պետության շահեր կան, բայց այսպես այլեւս անհնար է շարունակել: Այրվում ենք երկու կրակի արանքում ու միակ ճանապարհը տանում է օտար ափեր, ինչը եւ ցանկանում են Վրաստանում, ինչին եւ նպաստում են Հայաստանում»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ