«Խանգարում է մարդկանց հանգիստը» Մտավորականները բողոքում են գիշերային ակումբների դեմ Վերջին տարիներին մեր աչքի առաջ մայրաքաղաքի կենտրոնի բնակելի շենքերում սնկի նման սկսել են բուսնել գիշերային ստրիպ բարերը: Այս անպատշաճ ու տգեղ երեւույթը, որը բնորոշ չէ մշակութային գանձերով հարուստ եւ բազմադարյա մշակույթ ունեցող ազգերին, սկսել է տարածվել Երեւանում: Բարձր զարգացում ունեցող երկրներում այդ կարգի սրճարանները եւ վատահամբավ կենտրոնները, մանավանդ ստրիպ բարերը, գտնվում են քաղաքի ոչ բնակելի հատվածներում՝ չխանգարելու համար բնակիչների գիշերային անդորրը: Մտահոգիչ է, որ ստրիպ բարերը միտումնավոր հատուկ բնավորվել են մշակութային եւ հատկապես կրթական հաստատությունների հարեւանությամբ (Երեւանի պետական տիկնիկային թատրոն, Մանկական գեղագիտական կենտրոնի պատկերասրահ, Երգչախմբային միություն, Նկարիչների միություն, Ռուսական ակադեմիական թատրոն, Սպենդիարյանի տուն-թանգարան, Երեւանի մարիոնետների թատրոն, Ն. Աղբալյանի անվան դպրոց, Պատանի բռնցքամարտիկների դպրոց, Երեւանի պետհամալսարան, Բժշկական համալսարան, Գեղարվեստի ակադեմիա, Հայաստանի ամերիկյան համալսարան եւ այլուր), վատ օրինակ ծառայելով մանուկ սերնդին ու երիտասարդությանը, շեղելով նրանց ուշադրությունը ուսումից ու մշակույթից, խաթարելով մեր քաղաքի դեմքն ու կերպարը: Մայրաքաղաքի բնակելի տարածքում դրանց գոյությունն անհանգստացնում է բազմաթիվ մարդկանց: Կենտրոնում ապրող հարյուրավոր երեւանցիներ իրենց շենքերում բացված այդ եւ այլ վատահամբավ օջախների (օրինակ՝ 2X2, «Օմեգա», «Ռոյալ քլաբ», «Ռելաքս», «Յոժիկ» եւ այլն) աղմուկից քուն ու դադար կորցրած, անընդհատ անհատական ու զանգվածային բողոքներ են հղում ոստիկանություն, նաեւ սանէպիդկայաններ, Կենտրոն թաղապետարան ու քաղաքապետարան, վարչապետին, երկրի նախագահին եւ Ձեզ, սակայն ոչ մի բան չի փոխվում: Մենք՝ արվեստի, գրականության, գիտության, կրթության գործիչներս, տարիներ շարունակ մեր ավանդն ենք մուծել հայոց մշակույթի անդաստանի մեջ եւ ելնելով մեր կոչումից ու աշխատանքային փորձից, գտնում ենք, որ աղմուկի եւ այլասերվածության օջախները չպետք է լինեն բնակելի տարածքում, ուր մեծանում են երեխաներ, ապրում նաեւ հիվանդ ու խնամքի կարոտ մարդիկ: Ուստի խնդրում ենք Ձեզ՝ համապատասխան օրենսդրական հիմքով արգելել նմանատիպ զվարճավայրերի տեղակայումը բնակելի շենքերի տարածքներում կամ դրանց հարակից վայրերում, ինչպես դա եղավ խաղատների դեպքում, ինչն էլ գոհունակությամբ ընդունվեց հանրության կողմից: Ստորագրել են 32 մտավորական, Հայաստանի բոլոր ստեղծագործական միությունների նախագահները