ՈԳԵՀԱՐՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՑՅԱԼԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ Մի քանի անգամ ասել եմ, որ հայաստանյան քաղաքական իրողություններն ըմբռնելու համար միշտ էլ հարկ է լինում ընտրություն կատարել տափակության եւ սոփեստության միջեւ: Տափակության, որովհետեւ ցանկացած գաղափար, որ ներմուծվում է քաղաքական դաշտ, ձախից եւ աջից իսկույն սեփականացվում է որպես վերին ճշմարտություն եւ որպես այդպիսին դառնում բազմանգամյա օգտագործման ծամոն, ուստի եւ արժեզրկվում է առանց իրական բովանդակություն ձեռք բերելու, եւ սոփեստության, երբ ցանկացած միտք հիմնավորելիս անհրաժեշտ ու բավարար ապացույցներ չեն բերվում եւ ամեն ինչ մնում է համոզելու հույսի վրա: Այդպես պատահեց «ժողովրդավարություն», «Արեւմուտք», «ազգային» եւ այլ հասկացությունների հետ եւ, հավանաբար, նույնն է սպասում հաջորդներին: Մինչդեռ պարզից պարզ է, որ հայաստանյան ներկա իրողությունները հասկանալու համար նախեւառաջ հարկավոր է արձանագրել, որ մենք արդեն սովետիկուս չենք եւ դեռեւս ժողովրդավար չենք, ինչպես հռչակված է սահմանադրությամբ ու ամենօրյա խոսք ու զրույցում: Եվ մտավոր, հոգեւոր, նույնիսկ ֆիզիկական այս ճողվածությունը՝ «արդեն չենք»-ի ու «դեռեւս չենք»-ի արանքում, պարտադրում է մտածողության եւ վարքի այնպիսի ձեւեր, որոնք միաժամանակ հատուկ են սովետիկուսներին՝ յուրատեսակ ռենեսանս ապրող նախկին կոմսոմոլների, բազեների, ուսանողական-երիտասարդական վերահսկվող շարժումների տեսքով եւ չմարսված գաղափարախոսության, հաճախ ակամա ընտրություն կատարած դեմոկրատ-կենտավրոսների պատկերով: Ի հետեւանք, այսօր ունենք մեծ մասամբ նախկին կոմունիստներով «բնակեցված» իշխանական զանգված՝ առանց կոմունիզմ կառուցելու հեռանկարի ու նպատակի, եւ ոչ պակաս էկլեկտիկ մտածողությամբ ժողովրդավարներ՝ առանց ժողովրդավարություն հաստատելու հույսի: Եվ իշխանական բուրգի կոալիցիոն հիբրիդը՝ կազմված սոցիալիստներից (ՀՅԴ), ազգային դեմոկրատներից (ՀՀԿ) եւ նախկին կոմերիտական հրահանգիչներից (ՕԵԿ), դրա լավագույն ապացույցն է եւ ցույց է տալիս հայկական ժողովրդավարության իսկական դեմքը: Նման կացության ձեւավորման համար Հայաստանում, հավանաբար, դեր խաղաց մի այլ իրողություն: Նկատված է, որ ռեժիմների պարտությունը սովորաբար հաջորդում է գաղափարախոսության եւ լայն իմաստով՝ մշակույթների պարտությանը, սակայն Հայաստանի պարագայում խորհրդային գաղափարախոսության պարտությունը ամենեւին չնշանակեց գաղափարակիրների պարտություն, իսկ գաղափարախոսությունը խնամքով պահածոյացվեց եւ նպաստավոր պայմաններում, հատկապես 98-ի իշխանափոխությունից հետո լեգալացվեց ու վերածնվեց՝ մտնելով ծանոթ ու ցանկալի հունի մեջ: Եվ հիմա նախկին կոմունիստներին (անկախ տարբեր կուսակցություններում ներգրավվածության) ժողովրդավար պատկերացնելը նույնքան վայրենի վայելք է, ինչպես արեւմտյան օրթոդոքս ժողովրդավարին կոմունիստ պատկերացնելը: Այս հեռապատկերին Հայաստանի դեպքում պակաս կարեւորություն չունեցավ այն հանգամանքը, որ, ժողովրդավարության հաստատմանը զուգընթաց, առաջնային դարձավ նաեւ նախորդ դարում ըստ ամենայնի ավարտված ազգային-ազատագրական տեսլականը եւ այս հողի վրա 95-96թթ. ընտրություններում ժողովրդավարության ակնհայտ ետընթացը նպաստեց ազգայնականության վերընթացին, ճիշտ է, շատ կողմերով կեղծ հագուկապով: Այսինքն՝ ժողովրդավարությանը տրված բնական հակազդեցությունը վերածվեց ազգային արհեստական խաղի, որովհետեւ նախկին կոմունիստները չէին կարող նաեւ ճշմարիտ ազգայիններ լինել՝ զուտ «ինտերնացիոնալ» գաղափարախոսության բերումով: Արդյունքում՝ երրորդ ուժի պերմանենտ պահանջ: Ի՞նչ է ստացվում եւ ի՞նչ է հնարավոր: Անցյալի եւ ներկայի ընկալման այսպիսի տարասեռ խառնաղմուկը փոխելու, երկրի եւ պետության համար կարեւորություն ունեցող հարցերում նույնիսկ գիտությունը պատասխաններ չունի: Չնայած պատկերացումը միշտ էլ երկրորդային է կամքի նկատմամբ, սակայն այն փոխելու համար միայն մի միջոց կա՝ նոր մշակույթ կամ նոր ինտելեկտ: Մշակույթն առայժմ գերադաս դառնալու նշաններ ցույց չի տալիս, եթե հաշվի չառնենք, պաթոլոգիական նկատելի շեղումներով, փիլիսոփա Աթայանի բառերով ասած՝ «գիշերային ազատության» նախնական թոթովանքները հատկապես գրականության մեջ, իսկ նոր ինտելեկտի ձեւավորման համար ժամանակ է պետք: Ինտելեկտը եւ մշակույթը շատ ավելի հազվադեպ են քաղաքական դաշտում. այդ մասին կխոսենք հաջորդիվ, առանձին-առանձին քննելով այստեղ առկա կուսակցությունների հեռանկարային ռեսուրսները: ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ