Լրահոս
Օրվա լրահոսը

Երկքաղաքացիություն. կողմ եւ դեմ

Նոյեմբեր 26,2004 00:00

Երկքաղաքացիություն. կողմ եւ դեմ Երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնած «Սահմանադրական բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների գիտաժողով: Զեկույցով հանդես եկավ պետական եւ մասնավոր բուհերի 5 ուսանող: Կազմակերպիչների ներկայացմամբ, գիտաժողովի նպատակն է բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը սահմանադրական ինստիտուտի բնագավառում, քանի որ «բարեփոխումների հիմնական բեռն ընկնելու է ապագա իրավաբանների վրա: Մենք ուզում ենք, որպեսզի մեր երեխաներն ապրեն այնպիսի երկրում, որտեղ իշխում է արդարադատությունը եւ բնակիչն իրազեկ է իր իրավունքներին»: Զեկուցող Սոնա Հարությունյանը դեմ էր երկքաղաքացիությանը, նրա կարծիքով այն սահմանադրությամբ ամրագրելու դեպքում իր բացասական արտացոլումը կունենա. «Եթե մենք որոշել ենք Հայաստանին միացնել Սփյուռքը ու մեր երկրում խթանել ներդրումները, ապա դա (երկքաղաքացիությունը -Լ. Բ.) իր բացասական կողմերն էլ կունենա: Եթե մարդը համարվում է տվյալ երկրի քաղաքացի, ապա օգտվում է սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր քաղաքացու համար սահմանված իր բոլոր իրավունքներից, այդ թվում նաեւ ընտրվելու եւ ընտրելու իրավունքից: Հետեւաբար, եթե արտասահմանում բնակվող քաղաքացին ունի նաեւ ՀՀ քաղաքացիություն եւ օգտվի նաեւ ընտրվելու եւ ընտրելու իրավունքից, ապա զավեշտական է, եթե ԱԺ պատգամավոր ընտրվի ոչ թե ՀՀ-ում փաստացի բնակվող քաղաքացին, այլ արտասահմանում բնակվողը: Կամ եթե, օրինակ, Ֆրանսիայի հետ կնքենք երկկողմ համաձայնագիր, որով ՀՀ քաղաքացին իրավունք կունենա դառնալու Ֆրանսիայի քաղաքացի եւ հակառակը: Հետաքրքիր է, թե ո՞ր ուղղությամբ հոսք կլինի, Ֆրանսիայի քաղաքացի՞ն կդառնա ՀՀ քաղաքացի, թե՞ ավելի շատ ՀՀ քաղաքացիները կուզենան ձեռք բերել Ֆրանսիայի քաղաքացիություն»: Զեկուցողն իր կարծիքն ամրապնդեց Շվեյցարիայի օրինակով. «Այդ պետությունը օտարերկրյա քաղաքացիներին թույլատրում է իր քաղաքացիությունը ձեռք բերել առանց նախորդ քաղաքացիությունից հրաժարվելու, սակայն իր քաղաքացիներին հնարավորություն չի տալիս այլ պետության քաղաքացի դառնալու»: Զեկուցող Անի Արաջյանի ելույթը Արշակ Սադոյանի առաջարկած բարեփոխումների շուրջ էր: Ի տարբերություն նախորդ զեկուցողի, Ա. Արաջյանը կողմ էր երկքաղաքացիությանը. «Իմ կարծիքով պետք է երկքաղաքացիություն ունենան բոլոր ցանկացողները: Ընդ որում, գաղտնիք չէ, որ այսօր այդ երեւույթը գոյություն ունի: Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ հանդիսանում են նաեւ Ռուսաստանի քաղաքացի: (՞- Լ. Բ.): Հայաստանի քաղաքացիներն ունեն մասնավորապես առեւտրային հարաբերություններ մի շարք երկրների հետ, ինչու մենք դրական, իրավական երաշխիքներ չստեղծենք մեր քաղաքացիների համար, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ իրականացնեն իրենց իրավունքները»: Ժյուրիի անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Վրեժ Գասպարյանին հետաքրքրում էր, թե ապագա իրավաբան Անին ընդունո՞ւմ է այն փաստը, որ կարելի է սահմանադրությունը խախտել եւ լինելով ՀՀ քաղաքացի լինել նաեւ այլ պետության քաղաքացի: «Չեմ կարծում, որ դա ինքնանպատակ է, եթե դա տեղի է ունեցել, եթե որոշ քաղաքացիներ գնացել են այդ քայլին, ընդ որում՝ դա չէր կարող տեղի ունենալ առանց բարձրագույն ատյանների տեղյակության, ուրեմն դրա անհրաժեշտությունը եղել է եւ պետք է այն իրավական հիմքի վրա դրվի»,- պատասխանեց ապագա իրավաբանը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել