Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆԸ

Նոյեմբեր 26,2004 00:00

ՊՈՒՏԻՆԸ ՀԱԿ-ԻՆ ՉԻ՞ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը «Հայաստան-Ռուսաստան. արտախորհրդարանական ուժերի համագործակցությունը եւ հեռանկարները» թեմայով խորհրդաժողովի կազմակերպման պատրաստությունների մեջ է: ՀԱԿ-ի գլխավոր խնդիրը լինելու է երկու երկրների արտախորհրդարանական ուժերի ասոցիացիայի ստեղծումը: Հրավերին մասնակցության նախնական համաձայնություն են տվել ՌԴ աջ ուժերի միության ներկայացուցիչները, «Աշխատանքի եւ ժողովրդի իշխանություն» միությունը: Հրավերներ են ուղարկված նաեւ ԱՊՀ այլ պետություններ: «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը երեկ մանրամասնեց, որ հրավիրելիս իրենք տարբերակումներ չեն դրել՝ թե որ քաղաքական ուժը ՌԴ ներքաղաքական հարաբերություններում ինչ դիրքորոշում ունի: Ի՞նչ կտա այդ ասոցիացիան Հայաստանին. «Մի քանի գագաթ ունեցող համաշխարհային գլոբալացման համատեքստում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է լինեն ավելի ամուր: Պաշտոնապես դա հնչեցնելը կլինի դիվանագիտական սխալ եւ չի նպաստի ՀՀ արտաքին քաղաքականության լավագույնս դրսեւորմանը: Արտախորհրդարանական ուժերը կարող են եւ պետք է նպաստեն համաժողովրդական փոխհարաբերությունների ամրապնդմանը՝ բարեկամ եւ նույնիսկ ոչ բարեկամ երկրների հետ»,- կարծում է առաջադեմ երիտասարդների առաջնորդը: «Առավոտի» դիտարկմանը, թե ինչո՞վ ՀԱԿ-ին չեն բավարարում հայ-ռուսական հարաբերությունները, Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Նախագահ Պուտինի հայտարարությունը, թե նա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Համոզված եմ, որ ՌԴ նախագահը, իբրեւ պաշտոնական անձ, այլ արտահայտություն անել չէր կարող, իսկ արտախորհրդարանական ուժերը իրենց փոխհարաբերությունների շրջանակում կարող են խոսել այն մասին, որ ՌԴ-ն տվյալ կոնտեքստում ճանաչում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը»: Մեր զրուցակիցն ակնարկեց նաեւ, որ նման գործընթացները միտված են արտախորհրդարանական կուսակցությունների խոշորացմանը: Ի պատասխան «Առավոտի» հարցադրման՝ բացահայտեց, որ առայժմ միայն ՀԱԿ-ին են միացել եւ առաջիկայում այդ միտումը կպահպանվի: Մի առիթով Տ. Ուրիխանյանը հայտարարել էր, որ որոշ կուսակցություններ պատրաստվում են լուծարվել եւ անդամագրվել ՀԱԿ-ին: Պահպանելով քաղաքական էթիկան՝ նա հրաժարվեց բարձրաձայնել ապագա առաջադիմականների անունները: Իսկ «համաժողովրդական կոնսոլիդացիայի տեսանկյունից» Հայաստանի առաջադեմ երիտասարդները պատրաստ են համագործակցության եզր գտնել ցանկացած ուղղվածության ուժի հետ: Ի դեպ, ՀԱԿ-ը նույնպես հեղափոխության ջատագով է. «Հեղափոխություն՝ մարդու գիտակցության մեջ եւ նրա գործելակերպի: Հրազենային, հրացանային հեղափոխությունները բացառում եմ, բայց կտրուկ քայլերի անհրաժեշտություն կա: Ասենք՝ քրեական գործերի հարուցում՝ կոռումպացված պետական պաշտոնյաների դեմ»: «Դուք ե՞ւս իշխանություններին առաջարկում եք համակարգային փոփոխություններ անել» հարցի պատասխանը եղավ. «Առհասարակ, բոլորով միասին կատարենք համակարգային փոփոխություններ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել