Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակի

Նոյեմբեր 26,2004 00:00

Թոշակի փոխարեն ձեթ ու սո՞ւրճ Արթիկի փոստատներում յուրատեսակ բիզնես է ծավալվում Արթիկցիների ասելով, իրենք այդպիսի ամիս չեն հիշում, որ փոստատներում նպաստ կամ թոշակ բաժանելու պահին իրենցից որոշակի գումար չպահվի ու փոխարենը որեւէ ապրանք չհրամցվի: Թվարկված ապրանքների տեսականին էլ բավականին ճոխ է. «մեր թվարկությունից առաջվա» թերթեր, խաչբառեր, «փչացած գարու համ ունեցող կոֆե», մատիտ, գրիչ ու լոտոյի տոմս, նույնիսկ լվացքի փոշի, ձկան պահածո. մակարոն, մի խոսքով՝ ինչ մտքիցդ անցնի: Իսկ փոստատան աշխատակիցները, ըստ արթիկցիների, բողոքներ լսելու ցանկություն բացարձակապես չունեն, նրանք անգամ գտել են «ընդդիմադիրներին» լռեցնելու ամենահեշտ ձեւը: «Վերեւներից ինչ հրամայեն, էն էլ կկատարենք»,- բողոքների ու անեծքների դեպքում կարճ-կոնկրետ պատասխանում են վերջիններս: Ու այս ամենը, արթիկցիների պատմելով, ուղեկցվում է մեծ հերթերով ու ծեծուջարդով: Բողոքավորները, ի դեպ, վկայում են, որ Արթիկում փոստատարի մասնագիտությունը վաղուց է վերացել: «Հայփոստ» ՓԲԸ Արթիկի մասնաճյուղի տնօրեն Արսեն Գեւորգյանը հերթեր գոյացնելու մեջ բնակիչներին է մեղադրում: Նրա ասելով, եթե բնակիչները տներում հանգիստ նստեն, իրենք ճիշտ ժամանակին գումարը կբաժանեն: Պաշտոնյայի մեկնաբանելով, քանի որ վճարման կարգի մասին կառավարության որոշմամբ նախատեսվում է այն կատարել 5 օրվա ընթացքում, ուստիեւ բնակիչները դրանից են շատ անհանգստանում: Բայց առավել շատ արթիկցիներին զայրացնում է թոշակ-նպաստի օրերին լույսի, ջրի ու գազի մարդկանց փոստատարի կողքին «ձիգ-ձիգ տեղավորվելը». նրանք էլ իրենց հերթին առիթը բաց չեն թողնում ու սպառածի գումարը անմիջապես գանձում են, արթիկցիների ասելով՝ դարձյալ հարկադրաբար: Տնօրեն Արսեն Գեւորգյանը չհրաժարվեց, որ փոստատներում ապրանքներ են վաճառվում, սակայն ոչ մի կերպ չընդունեց ստիպողաբար վաճառելու մեղադրանքը: Ավելին, նա տեղեկացրեց, որ սա կատարվում է ոչ թե ինքնագլուխ, այլ ընդունված կարգ է եւ որ փոստի եկամուտ ստանալու միջոցներից մեկը կոմերցիոն գործունեություն ծավալելն է: Պրն Գեւորգյանի ասելով, մեծ պահանջարկ ունեցող ապրանքների ցանկը իրենք ներկայացնում են «Հայփոստ» ՓԲԸ-ի կոմերցիոն բաժին, որտեղից էլ մատչելի գներով ուղարկվում է տվյալ ապրանքը: Իսկ բնակիչները ցանկության դեպքում խանութների փոխարեն փոստատներից են օգտվում: «Էս որ դարն է, որ մարդուն ստիպողաբար ինչ- որ բան վաճառես, էն էլ իրենց իրավունքները քաջ գիտակցող արթիկցիներին»,- ասում է Արսեն Գեւորգյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ այսքան ժամանակ ոչ մի բողոքող չի եղել: Մինչ Արթիկում պաշտոնյան ու բնակիչները մեկը մյուսին մեղադրում են անազնիվ լինելու մեջ, Գյումրիում էլ մեկ այլ արտառոց պատմություն է սկսվում: Բանն այն է, որ «վերեւներից» հրաման է եկել՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների թոշակ-նպաստները չվճարել առանց սոցիալական քարտերի: Մինչդեռ գյումրեցիների մեծ մասը չունի ոչ միայն սոցիալական քարտ, այլեւ այն արագ ձեռք բերելու հույս: Որոշ գյումրեցիների վկայությամբ, իրենք սոցծառայություններում արդեն մի ամիս է հերթագրվել են, սակայն հերթը դեռ չի հասել: Հիշեցնենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մեկ- երկու ամիս առաջ այդ նույն բնակիչներին լրատվամիջոցներով վստահեցնում էր, թե սոցիալական քարտ ունենալ-չունենալը ամենեւին էլ կապ չունի թոշակ ու նպաստ ստանալ-չստանալու հետ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել