Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑՎԱԾ,

Նոյեմբեր 26,2004 00:00

ԽՈՍՏԱՑՎԱԾ, ԲԱՅՑ ՉՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ «Վեց ամսում վեց լումայի պարտք չունենք»: Պետբյուջեի գերազանց կատարողականի մասին վկայող Վարդան Խաչատրյանի արդեն թեւավոր դարձած այս արտահայտությունը, այնուամենայնիվ, իրականությունից մի քիչ տարբերվում է: Պարզվում է, պետբյուջեով նախատեսված, բայց չկատարված ծախս կա. խոսքը կոոպերատիվ անավարտ բնակարանների սեփականատերերի գումարների փոխհատուցման մասին է: Հիշեցնենք, 1990-ականների սկզբներին պետության կողմից փորձ արվեց բնակարանային խնդիրը լուծել «կոոպերատիվ բնակարանաշինության» միջոցով, եւ շինարարական կազմակերպությունները Երեւանի շրջանային գործկոմների հետ համատեղ այդ նպատակով գումարներ էին հավաքում՝ պարտավորվելով բնակարաններ տրամադրել: Սակայն հազարավոր մարդիկ չնայած ժամանակին գումար են տրամադրել՝ աչքի տակ ունենալով պետության երաշխիքը, այնուամենայնիվ, այսօր առանց բնակարանների են: Դեռեւս 2000 թվականի օգոստոսի 2-ին կառավարությունը որոշեց այդ գումարները որպես պետական պարտք ձեւակերպել եւ փոխհատուցման մասին կարգ սահմանեց: Սակայն այսօր խախտված է եւ կարգը, եւ ժամանակացույցը: Օրինակ, նախատեսված էր, որ այս տարի բնակարանաշինական մի շարք կոոպերատիվների փայատերերին փոխհատուցման նպատակով կտրամադրվի 400 միլիոն դրամ: Սակայն այդ գումարն այս տարի չի տրամադրվի, ինչպես չտրամադրվեց 2003 թվականի համար նախատեսվածը: Մերժում են ստանում փայատերերի՝ թեկուզ բնակարանի դիմաց հողակտորի հատկացման խնդրանքները՝ «կարող եք մասնակցել քաղաքապետարանի կազմակերպած աճուրդներին» հորդորներով: Իսկ աճուրդներին փայատերերը չեն կարող մասնակցել, որովհետեւ նախ փոխհատուցելիք գումարով հողակտոր ձեռք չես բերի, երկրորդ՝ գումարները դեռեւս տրամադրված չեն: Կառավարության որոշմամբ նախատեսված էր, որ 2007 թվականին պետության պարտքն ամբողջովին մարված պետք է լիներ, սակայն եթե հաշվի առնենք, որ արդեն երկու տարվա համար սահմանված գումարներն այդպես էլ չեն հատկացվել, ապա կարելի է ենթադրել, որ փոխհատուցումը ժամանակին չի կատարվի: «Առավոտը» մի քանի այսպիսի կոոպերատիվների փայատերերից բողոքներ է ստացել, իսկ «Բնակկոոպ-45»-ի փայատերերից մեկը պատրաստվում է դատարան դիմել, պարզելու, թե «կառավարության հատկացրած երկու տարվա գումարներն ում ձեռքով են օքսիդացել»: Ի դեպ, «Բնակկոոպ-45»-ի կողմից կառուցվելիք շենքի տեղը մինչեւ հիմա էլ զբաղեցված չէ: Նույն անորոշության մեջ են «Երեւանշին», «Շինարար», «Եթեր», «Լոկոմոտիվ», «Սիս», «Պետպլան» եւ մյուս կոոպերատիվների փայատերերը: Իսկ գումարները, մեր տեղեկություններով, իրականում ոչ թե «օքսիդացել» են, այլ չեն հատկացվել, որովհետեւ փաստաթղթային հիմնավորումների խնդիրներ են առաջացել պետական մի շարք մարմինների հետ. նախ քաղաքապետարանում, ապա բանկում եւ այլն: Կառավարության այս որոշման կատարումն ու վերահսկողությունը վերապահված է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը: Միայն կարգի մշակումը շուրջ երկու տարի է տեւել: Երեկ նախարարությունից պարզաբանեցին միայն, որ «անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրված միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի փոխհատուցման հարցը պետք է կարգավորվի ՀՀ կառավարության 12.03.2002թ. թիվ 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն եւ ՀՀ կառավարության 2000թ. օգոստոսի 2-ի N 432 որոշման 7-րդ կետով պահանջվող փաստաթղթերի առկայության պայմաններում, որոնք դեռեւս ապահոված չեն»: Մեր տեղեկություններով՝ հաջորդ տարվա համար ընդամենը 60 միլիոն դրամ է հատկացվել: Մինչդեռ, ենթադրվում էր, որ տարեցտարի գումարները պետք է ավելանային: Այսպիսով, նախատեսված, բայց չհատկացված միլիոնները չեն գումարվել 2005-ի բյուջեին: Հետաքրքիր է՝ ինչի՞ վրա է ծախսվել այս տարվա համար նախատեսված 400 միլիոնը: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆՀ. Գ. Կոոպերատիվների չփոխհատուցված փայատերերն ակնհայտորեն ակտիվանում են: Երեկ մի խումբ «փայատերեր» կառավարության շենքի առջեւ ցույց էին անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել