Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ին

Նոյեմբեր 26,2004 00:00

ԱՄՆ-ին «արագ լուծում» է պետք Ղարաբաղյան խնդրի շուրջ արձանագրվող վերջին զարգացումների լույսի տակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ, կասպյան տարածաշրջանում ԱՄՆ կառավարության էներգետիկ հարցերով խորհրդատու Սթիվեն Մանի ամենավերջին դատողությունները խորհրդածելու առատ նյութ են տալիս: Ավելին, կարելի է ասել, որ Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ վերաթարմացվել եւ ինչ-որ տեղ՝ նոր նրբերանգներով է մատուցվել ԼՂ խնդրի շուրջ ԱՄՆ դիրքորոշումը: «Կան բազմաթիվ պատճառներ, որոնք պահանջում են խնդրի շուտափույթ լուծում: Հակամարտության տեւական գոյությունը չի նպաստում անվտանգությանը Կովկասում: Մինչդեռ տարածաշրջանում կայունության եւ դինամիկ զարգացման պահպանումն առաջնային է ԱՄՆ-ի համար»: Ահա այսպիսի միանշանակ արձանագրում է արել Ս. Մանը «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, ինչի մասին տեղեկանում ենք Բաքվի «Էխո» թերթից: Մանի խոսքերով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո էլ երկրի կառավարությունը հանդես է գալիս հօգուտ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման: Ընդ որում, ըստ ամերիկացի դիվանագետի, պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը՝ գիտակցումով հանդերձ, որ գոյություն չունեն բացարձակապես հաջող լուծումներ: Մանն ընդգծել է, որ, ի հակառակ հնչող քննադատության, վերջին տարում Մինսկի խմբի անդամները մեծ աշխատանք են տարել կողմերի միջեւ երկխոսության վերսկսման համար, եւ այդ աշխատանքն անպտուղ չէր. հաջողվել է Պրահայում չորս հանդիպում անցկացնել երկու երկրների արտգործնախարարների միջեւ, կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում, որոնք կազմակերպել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Սակայն մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ հանդիպումները չի կարելի բանակցություններ համարել, դա ավելի շուտ երկխոսություն էր, կարծիքների փոխանակում»,- ասել է Ս. Մանը՝ ըստ ամենայնի, կողմերին հասկացնել տալով, որ առջեւում բանակցությունների առավել լուրջ փուլ է սպասվում: «ԵԱՀԿ ՄԽ անդամները կցանկանային այդ գործընթացում տեսնել ոչ թե պարզապես երկխոսություն, այլ լիարժեք բանակցային գործընթաց»,- շեշտել է Մանը: Անդրադառնալով «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի մասին» հարցը ՄԱԿ-ում քննարկելու Ադրբեջանի նախաձեռնությանը՝ Սթիվեն Մանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ավանդաբար քննարկվել է ԵԱՀԿ շրջանակներում: Ամերիկացի դիվանագետը նշել է, թե հարգանքով է վերաբերվում բոլոր բանաձեւերին ու ձեւաչափերին, բայց եւ տարակուսանք է հայտնել. «Ինչպե՞ս այդ քայլը մեզ առաջ կտանի հակամարտության կարգավորման գործում»: Դիվանագետը «լիակատար հիմարություն» է համարել պատերազմական գործողությունների վերսկսման տարբերակը: «Երկու երկրները փորձում են վերածնել իրենց տնտեսությունը: Նոր պատերազմը կողմերին կշեղի առավել կարեւոր հարցերից»,- ասել է Մանը: ՊատրաստեցՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել