Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱՁԱՅՆ

Նոյեմբեր 26,2004 00:00

«ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆՔ» Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը համակարծիք են թե՛ ԼՂ-ի եւ թե՛ որոշ այլ հարցերում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարճատեւ հանդիպումը լրագրողների հետ փոքր-ինչ աշխուժացրել է ներքաղաքական կյանքը։ Խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները երեկվա ճեպազրույցների ժամանակ բավականին հանգամանալից քննարկում էին առաջին նախագահի վերադարձի հավանականության հարցը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի կարծիքը առաջին նախագահի մասին հետեւյալն է. «Մեր հանրապետության առաջին նախագահն է, որն ունի հարուստ քաղաքական փորձ, բայց քաղաքական դաշտ նրա վերադարձի մասին, թերեւս, վաղաժամ է խոսել: Առաջիկայում երեւի կլինեն քայլեր, որոնք կապացուցեն՝ վերադառնո՞ւմ է առաջին նախագահը քաղաքականություն, թե՞ ոչ: Դեռեւս որեւէ կանխատեսում անելն իմաստ էլ չունի: Ինչ վերաբերում է «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածին, ապա այն 98 թվականին ջրբաժան դարձավ: Մեր կուսակցությունը հստակ դիրքորոշում ունի, որ ղարաբաղյան հարցը հնարավոր է կարգավորել միայն փաթեթային տարբերակով, այսինքն՝՝ անպայման բանակցային գործընթացում, եւ վերջնական փաստաթղթում պետք է լինի Ղարաբաղի կարգավիճակի լուծման ճանապարհը: Սա է փաթեթային լուծման հիմնական հարցադրումը: Եվ եթե անգամ հարցը կարող է գնալ սառեցման ճանապարհով կամ արմատական լուծման, եւ եթե չի նշվում կարգավիճակի հեռանկարը, ապա, բնականաբար, ղարաբաղյան հարցը, մեր խորին համոզմամբ, լուծում չի գտնի: Կա նաեւ երկրորդ հարցադրումը՝ ունի՞ երկիրը փաթեթային լուծման հիմնադրույթը պաշտպանելու պոտենցիալ: Մենք գտնում ենք, որ մեր երկիրն ունի անհրաժեշտ ներուժ եւ հնարավորություն՝ հարցը փաթեթային լուծման ճանապարհով տանելու»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը լրագրողի հարցին՝ վերադառնո՞ւմ է, արդյոք, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի՞նչ հորդոր ունի դաշինքը Տեր-Պետրոսյանին, եւ ընդդիմության մեջ որտե՞ղ է նրան տեղ հատկացվելու, ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այն քաղաքական գործիչն է, որը խորհուրդների եւ հորդորների կարիք չունի. «Մեր խոր համոզմամբ, նա ինքը կորոշի քաղաքական ասպարեզ իր վերադարձի նպատակահարմարությունը եւ անհրաժեշտությունը: Երկրորդը՝ մենք չենք համարում, որ «Արդարություն» դաշինքը չեղած փաստի նկատմամբ պետք է գնահատականներ տա: Մենք կարծում ենք, որ պետք է հանգիստ թողնել Լեւոն Տեր- Պետրոսյանին»: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը երկրի առաջին նախագահի մասին կարծիք հայտնելիս չխուսափեց ասել. «Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականները միշտ եղել են հեռանկարային եւ խոր վերլուծական, դրանք երբեք չեն եղել րոպեական, քանի որ առաջին նախագահը հեռատես եւ աշխարհընկալող քաղաքական գործիչ է»: ՕԵԿ խմբակցության անդամ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի համար պարզ է, որ իր վերադարձի մասին միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է ասել. «Ինչ վերաբերում է 98-ից հետո մեր ընտրած ճանապարհին, ապա, կարծում եմ, ղարաբաղյան հիմնահարցի լուծման ճանապարհը բանակցային ճանապարհն է, եւ դա ճիշտ ճանապարհ է»: «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Ալեքսան Կարապետյանը չի տեսնում Տեր-Պետրոսյանի վերադարձի հնարավորություն. «Նրա վերադարձի մասին խոսք լինել չի կարող. այսօրվա Հայաստանի վիճակը նրանից մնացած ժառանգության արդյունք է: Ուզում էին ետ գալ, թող գային, կանգնեին ընդդիմության կողքին: Թե չէ իրենց թերթերով տարածում են, թե իշխանությունը վատն է, ընդդիմությունն էլ մի բան չէ, որ ընդդիմությունը լիդեր չունի: Հայ ժողովուրդը ամնեզիա չունի եւ 2003-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տվել է իր գնահատականը (նկատի ունի, որ ՀՀՇ-ն ձայներ չհավաքեց-Մ. Ե.): Ուղղակի Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած մարդիկ են ուզում նրա վերադարձը»: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը առաջին նախագահի վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ ասաց, որ ինքը համաձայն չէ հետեւյալ հայտարարությանը. «Չկա այն, ինչ մենք կարող էինք ստանալ 97-ին: Մենք դա այլեւս չենք ստանալու»: Իսկ ընդհանրապես, Նժդեհի հետնորդը կարծում է, որ «մուտքը մամուլ հենց այդտեղից պիտի չսկսվեր»: Հավանաբար, նկատի ունի «Զվարթնոց» օդակայանը՝ ինչպես հումորով նկատեց լրագրողներից մեկը: Իսկ Տեր-Պետրոսյանի վերադարձի հնարավորությունը Գալուստ Սահակյանը շատ տեսական է համարում. «Կարծում եմ՝ առաջին նախագահը երբեք ու երբեք իր վերադարձի նախաձեռնողը չի լինի»: Մեր ժողովուրդը, ըստ պարոն Սահակյանի, որեւէ մեկին ազգովի չի խնդրի. «Այլ՝ երկրի նախագահ կդառնա նա, ում կընտրի ժողովուրդը»: «Սրանից հետո՞»՝ հավելեց մեր գործընկերներից մեկը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել