Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԻ ՓՈՒՇԸ

Նոյեմբեր 26,2004 00:00

Վրաստանի
հայ բնակչությունը, մասնավորապես Ախալքալաքի եւ Նինոծմինդայի (Բոգդանովկա) շրջաններում
ապրող հայությունը մեծ հույսեր ուներ՝ կապված Վրաստանի իշխանափոխության հետ: Ամենածանր
պահերին սատար կանգնելով այժմյան ղեկավարներին, մարդիկ հայտնվել են փաստի առջեւ:
«Վարդերի հեղափոխությունից մեր բաժինը փուշն էր»,- չցանկանալով հրապարակել իր անունը,
ասաց Ախալքալաքի բնակիչներից մեկը: Ըստ նրա, այսօր կատարվող «բարեփոխումները» էլ
ավելի են սրում տարածաշրջանի առանց այդ էլ վատթար վիճակը: Ինքնավարություն խոստացող
գործիչները պարտադրել են հայկական դպրոցներին ամեն առավոտ վեր բարձրացնել վրացական
դրոշը եւ Վրաստանի օրհներգը երգելուց հետո միայն սկսել դասերը: Պարտադիր ուսուցանվող
առարկաների թվում են վրացերենն ու Վրաստանի պատմությունը: Արգելվել է հայ հոգեւորականի
մուտքը դպրոց, դասավանդվող առարկաների թվից հանվել է հայ եկեղեցու պատմությունը:
Չի կարելի քաղաքականություն չհամարել Վրաստանի ամենացուրտ գոտում՝ Բոգդանովկայում
մանկատան կառուցումը, որի շինարարությունն այժմ ընթացքի մեջ է: Խոսակցություններ
կան, որ շուտով այս շրջանում կտեղակայվի նաեւ ծերանոց: Հասարակական-քաղաքական կազմակերպությունները
հուսահատ լռում են: Քիչ թե շատ կայունացած էլեկտրամատակարարումը արդեն չի մխիթարում,
քանզի ակնհայտ է, որ հուսալքված մարդիկ այլեւս որեւէ լավ բանի ակնկալիք չունեն: «Մենք
ապրում ենք խորթ զավակի կարգավիճակում,- ասաց մեր զրուցակիցը,- հայրենի իշխանությունները
ոչինչ չեն անում իրավիճակը գոնե փոքր-ինչ շտկելու համար: Հասկանում ենք՝ հարեւան
պետության շահեր կան, բայց այսպես այլեւս անհնար է շարունակել: Այրվում ենք երկու
կրակի արանքում ու միակ ճանապարհը տանում է օտար ափեր, ինչը եւ ցանկանում են Վրաստանում,
ինչին եւ նպաստում են Հայաստանում»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել