Հայաստանի
առաջադիմական կուսակցությունը «Հայաստան-Ռուսաստան. արտախորհրդարանական ուժերի համագործակցությունը
եւ հեռանկարները» թեմայով խորհրդաժողովի կազմակերպման պատրաստությունների մեջ
է: ՀԱԿ-ի գլխավոր խնդիրը լինելու է երկու երկրների արտախորհրդարանական ուժերի
ասոցիացիայի ստեղծումը: Հրավերին մասնակցության նախնական համաձայնություն են տվել
ՌԴ աջ ուժերի միության ներկայացուցիչները, «Աշխատանքի եւ ժողովրդի իշխանություն»
միությունը: Հրավերներ են ուղարկված նաեւ ԱՊՀ այլ պետություններ: «Առավոտի» հետ զրույցում
ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը երեկ մանրամասնեց, որ հրավիրելիս իրենք տարբերակումներ
չեն դրել՝ թե որ քաղաքական ուժը ՌԴ ներքաղաքական հարաբերություններում ինչ դիրքորոշում
ունի: Ի՞նչ կտա այդ ասոցիացիան Հայաստանին. «Մի քանի գագաթ ունեցող համաշխարհային
գլոբալացման համատեքստում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է լինեն ավելի
ամուր: Պաշտոնապես դա հնչեցնելը կլինի դիվանագիտական սխալ եւ չի նպաստի ՀՀ արտաքին
քաղաքականության լավագույնս դրսեւորմանը: Արտախորհրդարանական ուժերը կարող են եւ
պետք է նպաստեն համաժողովրդական փոխհարաբերությունների ամրապնդմանը՝ բարեկամ եւ նույնիսկ
ոչ բարեկամ երկրների հետ»,- կարծում է առաջադեմ երիտասարդների առաջնորդը: «Առավոտի»
դիտարկմանը, թե ինչո՞վ ՀԱԿ-ին չեն բավարարում հայ-ռուսական հարաբերությունները, Տ.
Ուրիխանյանը պատասխանեց. «Նախագահ Պուտինի հայտարարությունը, թե նա ճանաչում է Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը: Համոզված եմ, որ ՌԴ նախագահը, իբրեւ պաշտոնական անձ,
այլ արտահայտություն անել չէր կարող, իսկ արտախորհրդարանական ուժերը իրենց փոխհարաբերությունների
շրջանակում կարող են խոսել այն մասին, որ ՌԴ-ն տվյալ կոնտեքստում ճանաչում է ԼՂՀ
ինքնորոշման իրավունքը»: Մեր զրուցակիցն ակնարկեց նաեւ, որ նման գործընթացները միտված
են արտախորհրդարանական կուսակցությունների խոշորացմանը: Ի պատասխան «Առավոտի»
հարցադրման՝ բացահայտեց, որ առայժմ միայն ՀԱԿ-ին են միացել եւ առաջիկայում այդ միտումը
կպահպանվի: Մի առիթով Տ. Ուրիխանյանը հայտարարել էր, որ որոշ կուսակցություններ պատրաստվում
են լուծարվել եւ անդամագրվել ՀԱԿ-ին: Պահպանելով քաղաքական էթիկան՝ նա հրաժարվեց
բարձրաձայնել ապագա առաջադիմականների անունները: Իսկ «համաժողովրդական կոնսոլիդացիայի
տեսանկյունից» Հայաստանի առաջադեմ երիտասարդները պատրաստ են համագործակցության եզր
գտնել ցանկացած ուղղվածության ուժի հետ: Ի դեպ, ՀԱԿ-ը նույնպես հեղափոխության
ջատագով է. «Հեղափոխություն՝ մարդու գիտակցության մեջ եւ նրա գործելակերպի: Հրազենային,
հրացանային հեղափոխությունները բացառում եմ, բայց կտրուկ քայլերի անհրաժեշտություն
կա: Ասենք՝ քրեական գործերի հարուցում՝ կոռումպացված պետական պաշտոնյաների դեմ»:
«Դուք ե՞ւս իշխանություններին առաջարկում եք համակարգային փոփոխություններ անել»
հարցի պատասխանը եղավ. «Առհասարակ, բոլորով միասին կատարենք համակարգային փոփոխություններ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ