Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ին «արագ լուծում» է պետք

Նոյեմբեր 26,2004 00:00

ԱՄՆ-ին
«արագ լուծում» է պետք Ղարաբաղյան խնդրի շուրջ արձանագրվող
վերջին զարգացումների լույսի տակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ, կասպյան տարածաշրջանում
ԱՄՆ կառավարության էներգետիկ հարցերով խորհրդատու Սթիվեն Մանի ամենավերջին դատողությունները
խորհրդածելու առատ նյութ են տալիս: Ավելին, կարելի է ասել, որ Միացյալ Նահանգներում
կայացած նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ վերաթարմացվել եւ ինչ-որ
տեղ՝ նոր նրբերանգներով է մատուցվել ԼՂ խնդրի շուրջ ԱՄՆ դիրքորոշումը: «Կան
բազմաթիվ պատճառներ, որոնք պահանջում են խնդրի շուտափույթ լուծում: Հակամարտության
տեւական գոյությունը չի նպաստում անվտանգությանը Կովկասում: Մինչդեռ տարածաշրջանում
կայունության եւ դինամիկ զարգացման պահպանումն առաջնային է ԱՄՆ-ի համար»: Ահա այսպիսի
միանշանակ արձանագրում է արել Ս. Մանը «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը
տված հարցազրույցում, ինչի մասին տեղեկանում ենք Բաքվի «Էխո» թերթից: Մանի խոսքերով՝
ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո էլ երկրի կառավարությունը հանդես է գալիս
հօգուտ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման: Ընդ որում,
ըստ ամերիկացի դիվանագետի, պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը՝ գիտակցումով
հանդերձ, որ գոյություն չունեն բացարձակապես հաջող լուծումներ: Մանն ընդգծել
է, որ, ի հակառակ հնչող քննադատության, վերջին տարում Մինսկի խմբի անդամները մեծ
աշխատանք են տարել կողմերի միջեւ երկխոսության վերսկսման համար, եւ այդ աշխատանքն
անպտուղ չէր. հաջողվել է Պրահայում չորս հանդիպում անցկացնել երկու երկրների արտգործնախարարների
միջեւ, կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում, որոնք կազմակերպել
էր ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Սակայն մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ հանդիպումները
չի կարելի բանակցություններ համարել, դա ավելի շուտ երկխոսություն էր, կարծիքների
փոխանակում»,- ասել է Ս. Մանը՝ ըստ ամենայնի, կողմերին հասկացնել տալով, որ առջեւում
բանակցությունների առավել լուրջ փուլ է սպասվում: «ԵԱՀԿ ՄԽ անդամները կցանկանային
այդ գործընթացում տեսնել ոչ թե պարզապես երկխոսություն, այլ լիարժեք բանակցային գործընթաց»,-
շեշտել է Մանը: Անդրադառնալով «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի
մասին» հարցը ՄԱԿ-ում քննարկելու Ադրբեջանի նախաձեռնությանը՝ Սթիվեն Մանը հիշեցրել
է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ավանդաբար քննարկվել է ԵԱՀԿ շրջանակներում: Ամերիկացի
դիվանագետը նշել է, թե հարգանքով է վերաբերվում բոլոր բանաձեւերին ու ձեւաչափերին,
բայց եւ տարակուսանք է հայտնել. «Ինչպե՞ս այդ քայլը մեզ առաջ կտանի հակամարտության
կարգավորման գործում»: Դիվանագետը «լիակատար հիմարություն» է համարել պատերազմական
գործողությունների վերսկսման տարբերակը: «Երկու երկրները փորձում են վերածնել իրենց
տնտեսությունը: Նոր պատերազմը կողմերին կշեղի առավել կարեւոր հարցերից»,- ասել է
Մանը: ՊատրաստեցՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել