Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սա «վերադարձ» չէր

Նոյեմբեր 26,2004 00:00

Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների եւ համակիրների ոգեւորությունը վաղաժամ է

Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չի ասել՝ «Հայաստանը «Ջերմուկ» արտահանելով, կարող է բարգավաճել»: Նա երբեք չի ասել՝ «Իրարից պարտք արեք՝ ապրեք»: Չի ասել՝ «Ես գնում եմ, բայց եթե ազգովի խնդրեք՝ կվերադառնամ»: Բայց զարմանալի կերպով (հավանաբար, ոչ առանց հակառակորդների ջանքերի) նրա ասածը շատ արագ նենգափոխվում է, եւ դրա շուրջ ժողովրդական բանահյուսություն է առաջանում: Ճիշտ նույն ձեւով երեկ օդանավակայանում իր ասածների շուրջ, վստահ եմ, նոր առասպել է հյուսվելու. ժողովրդի մեջ տարածվելու է՝ իբր առաջին նախագահն ասել է՝ «Գնացեք, 50 հազարանոց միտինգ հավաքեք, եւ ես կվերադառնամ»: Ընդհանրապես, Տեր-Պետրոսյանի եւ լրագրողների վերջին թեթեւ զրույցը պաշտոնական քարոզչությանը առաջին նախագահին հայհոյելու մի 2-3 շաբաթվա առատ նյութ տվեց:

Բայց թե՛ գործող իշխանության կողմնակիցների լուտանքները, թե՛ համակիրների հնարավոր ոգեւորությունը որեւէ լուրջ հիմք չունեն: Լուրերն այն մասին, որ խախտելով տեւական լռությունը եւ պատասխանելով լրագրողների մի քանի հարցի՝ առաջին նախագահն այդպիսով վերադարձել է մեծ քաղաքականություն, թերեւս խիստ չափազանցված են: Այդ խոսակցությունը շատ դժվար է լուրջ, կոնցեպտուալ հարցազրույց համարել. լրագրողները պատրաստ չէին նման զրույցի (նրանք ընդհանրապես չէին սպասում, որ առաջին նախագահը կխոսի), Լ. Տեր-Պետրոսյանն էլ դժվար թե իր «վերադարձը» նման ձեւով ակնարկեր: Իր կոչումով եւ հոգեբանությամբ Տեր-Պետրոսյանը գիտնական է: Հետեւաբար բնական է ենթադրել, որ եթե նա ցանկություն ունենա վերադառնալ քաղաքականություն, ապա դա կանի ներքին եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներին առնչվող հստակ ձեւակերպված եւ բազմակողմանիորեն հիմնավորված թեզերով:

Այնպես որ, հակառակորդների եւ երկրպագուների խանդավառությունն անիմաստ է: Ընդ որում, Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների պահվածքը քիչ թե շատ հասկանալի է՝ նրանք վախենում են առաջին նախագահի վերադարձից եւ համենայնդեպս հակաքարոզչություն են ծավալում: Իսկ, ահա, կողմնակիցներից ոմանց վարքը զուրկ է տրամաբանությունից: Եթե այդ մարդիկ իրենցից ինչ-որ բան են ներկայացնում եւ ինչ-որ գաղափարներ ունեն, ապա նրանք չպիտի սպասեն մինչեւ Տեր-Պետրոսյանը խոսի, որպեսզի դրա շնորհիվ նորից հայտնվեն ուշադրության կենտրոնում:

Իհարկե, լուրջ քաղաքական գործիչը (որպիսին, անշուշտ, Լ. Տեր-Պետրոսյանն է) երբեք չի ասի՝ «երբեք»: Բայց եկեք երեւակայենք, որ առաջին նախագահը հայտարարեց. «Ես այլեւս երբեք չեմ հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին»: Նույն պահին նրա շրջապատի կեսը «կմաղվի»: Որովհետեւ այդ մարդիկ պտտվում են Տեր-Պետրոսյանի կողքը զուտ մեկ հույսով՝ որ նա նորից նախագահ դառնա եւ իրենց նորից մի փայ հասնի: Այդ մարդիկ ոչ մի տեղ ելույթ չեն ունենում, ոչ մի բան չեն համարձակվում հրապարակավ ասել, փոխարենն անընդհատ խոսում են կուլուարներում, բամբասում են, խոսք են տանում-բերում, «մուտիլովկաներով» են զբաղվում: Եվ ամենակարեւորը՝ իրենց իրավունք են վերապահում գնահատականներ տալ այն մարդկանց, ովքեր ինչ-որ բան (ճիշտ թե սխալ) անում են:

Դժվար է ենթադրություններ անել, բայց գուցե Տեր-Պետրոսյանի քաղաքականություն չվերադառնալու պատճառներից մեկը հենց այդ մարդի՞կ են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել