Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՓՉԱՆՈՒՄ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 26,2004 00:00

Հայաստանի
1-ին նախագահի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ Վարդան Օսկանյանը
որեւէ հիմք չունի լավ տրամադրության եւ ինքնավստահ հայտարարությունների: –
Հակասական բացատրություններ կան, թե ինչու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հետաձգվեց
«Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի քվեարկությունը: Ըստ
մի վարկածի՝ Ադրբեջանն է հրաժարվել քվեարկությունից, քանի որ վստահ չի եղել, թե արդյունքներն
իր համար կլինեն նպաստավոր: Ըստ մյուս վարկածի՝ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն է կոչ
արել չմիջամտել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Եվ վերջապես՝ 3-րդ բացատրությունն
է, որ Մինսկի խումբը նոր առաջարկներ է ներկայացրել եւ սպասում է պատասխանի: Ո՞ր վարկածն
եք համարում առավել հավանական: – ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում այս
հարցի ներառումը, փաստորեն, պատժիչ գործողություն էր, որը Մինսկի խմբի համանախագահները
կազմակերպել էին Հայաստանի դեմ՝ այն պատճառով, որ մեր երկիրն ուղղակի սառեցրել է
այդ ձեւաչափում ընթացող բանակցությունները: Հարցն այժմ էլ չի հանված օրակարգից, ուղղակի
հետաձգվել է քվեարկությունը՝ Հայաստանից զիջումներ ստանալու ակնկալիքով: Այն պահին,
երբ Մինսկի խմբի համանախագահները պատեհ համարեն հարցը նորից դնել քվեարկության՝ կանեն
դա: Դա պայմանավորված է լինելու Հայաստանի վարքագծով: Փաստորեն սա «դամոկլյան սուր»
է, որ կախված է լինելու Հայաստանի վրա: – Ինչո՞ւ եք համոզված, թե Մինսկի խումբն
էր կազմակերպել այս գործողությունը, երբ հայտնի է, որ վեհաժողովի օրակարգում հարցը
ներառվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: – ՄԱԿ-ում այս հարցերը վերջին անգամ
քննարկվել են 1993-ին: Եվ զարմանալի չէ՞ արդյոք, որ 11 տարվա ընթացքում Ադրբեջանը
որեւէ անգամ չէր ձեռնարկել նման փորձ: Բացատրությունը շատ պարզ է՝ նման նախաձեռնությամբ
հանդես գալու խորհուրդ չեն տվել Մինսկի խմբի համանախագահները: Պնդում եմ՝ եթե համանախագահները
չցանկանային, որ ծավալվեր նման գործընթաց՝ կկասեցնեին այն. նրանք ունեն դրա համար
անհրաժեշտ քաղաքական ազդեցությունը բոլոր կառույցներում` ինչպես ԵԱՀԿ-ում, այնպես
էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ու Գլխավոր վեհաժողովում: – Եվ նրանք օգտագործեցին
այդ ազդեցությունը՝ քվեարկությունը հետաձգելու առաջարկը ներկայացրած ՄԱԿ-ում ԱՄՆ
ներկայացուցիչը հանդես էր եկել նաեւ Մինսկի խմբի անունից: – Հենց սա էլ եւս
մի ապացույց է, որ նրանք ծայրեծայր ղեկավարում են այս գործընթացը: Եվ այս քվեարկությունը
պահում են իբրեւ հնարավոր դաստիարակչական պատժամիջոց Հայաստանի ղեկավարների հանդեպ:
Եթե մեր երկիրը չցուցաբերի Մինսկի խմբում բանակցելու անկեղծ ձգտում՝ վստահ եմ, որ
կիրառվելու է այս պատժամիջոցը: – Մեր ԱԳՆ ղեկավարը, սակայն, սպառնաց, որ եթե
ՄԱԿ-ում նման բանաձեւ ընդունվի՝ Հայաստանը չի շարունակի Մինսկի խմբի բանակցությունները,
եւ Ադրբեջանը ստիպված կլինի բանակցություններ վարել Ղարաբաղի հետ: Վտանգ չե՞ք տեսնում,
որ եթե մեր երկիրը խաղից դուրս գա՝ ԼՂ հարցը կլուծվի առանց հայկական կողմի: –
Նախ՝ նշեմ, որ ինձ մի քիչ տարօրինակ են թվում Հայաստանի արտաքին քաղաքականության
ղեկավարների ե՛ւ պահվածքը, ե՛ւ տրամադրությունը: Ռոբերտ Քոչարյանի դեպքում կարող
եմ հասկանալ, թե ինչու նա լավ տրամադրություն ունի, քանի որ երբ «ռեգուլյար» զբաղվում
ես սպորտով, տրամադրությունդ լավ է լինում՝ անկախ քաղաքական իրավիճակից: Բայց Վարդան
Օսկանյանի դեպքում ես իսկապե՛ս չեմ հասկանում, քանի որ չկա որեւէ հիմք լավ տրամադրություն
ունենալու կամ նման ինքնավստահ տոնով հայտարարություններ անելու համար: Նման սպառնալիքն
Օսկանյանի կողմից ուղղակի անօգնական փորձ է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանն
ու Ադրբեջանին, թե իբր Հայաստանը դուրս կգա բանակցություններից: Բայց ինձ թվում է՝
բոլորի համար ակնհայտ է (իսկ եթե Օսկանյանի համար ակնհայտ չէ՝ ավելի վատ իր եւ բոլորիս
համար), որ այս միջոցով Հայաստանը ոչի՛նչ չի շահելու եւ միայն շահագրգռելու է միջազգային
հանրությանը գտնելու առավել ազդեցիկ պատժամիջոցներ: – Փորձենք հասկանալ, թե
ինչու լավ տրամադրություն ունի Վարդան Օսկանյանը՝ մեջբերելով իր իսկ հայտարարությունները.
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշումները չունեն պարտադիր եւ իրավական ուժ: Դրանք կարող
են լինել միայն հանձնարարականի տեսքով կամ որպես Գլխավոր վեհաժողովի կարծիք»։ Իսկ
եթե պարտադիր ուժ չունեն՝ կարիք կա՞ փչացնել տրամադրությունը: – Ես չէ, որ
պրոֆեսիոնալ դիվանագետին պիտի բացատրեմ, թե կա նման որոշումների «կրիտիկական մասսա»,
որն, ի վերջո, հանգեցնում է այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ունե՛ն իրավական
ուժ: – Երկրորդ պատճառը, որ բարձր է պահում ԱԳ նախարարի տրամադրությունը.
Վարդան Օսկանյանը պնդում է. «Միջազգային ատյաններում ընդունված փաստաթղթերը կարող
են վտանգ ներկայացնել, եթե դրանցում որեւէ հարց բարձրացվի ԼՂ հետագա կարգավիճակի
մասին, սակայն նման զեկույցներ մինչ այժմ չեն եղել»: – Ամենակարեւոր թիրախը,
որ խոցել է այժմ Ադրբեջանը (ընդ որում՝ այս հարցում միջազգային հանրության, Մինսկի
խմբի համանախագահների եւ Ադրբեջանի գործողությունները կարծես համընկնում են) այն
է, որ հայկական կողմը զրկվի բանակցություններում իր ամենակարեւոր հաղթաթղթից, այսինքն՝
գրավյալ տարածքներից: Ուզում եմ հիշեցնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին՝
874 բանաձեւում հանվել էր այն հատվածը, որով հայկական կողմից պահանջվում էր զորքերի
«անմիջապես եւ անվերապահ ետքաշում գրավյալ տարածքներից»: Դրա շնորհիվ զորքերի դուրսբերումը
դարձավ կարգավորման բաղկացուցիչ՝ բանակցությունների առարկա: Իսկ այժմ փաստորեն տեսնելով,
որ հայկական կողմը չարաշահում է այդ հաղթաթուղթը՝ ուղիղ գրոհ է ընթանում Հայաստանին
այդ խաղաքարտից զրկելու ուղղությամբ: Այսինքն՝ նորից առաջադրվել է գրավյալ տարածքների
հարցը եւ սկսվել դիվանագիտական մի գործընթաց, որի հետեւանքն այն կլինի, որ Հայաստանը
կմեղադրվի Ադրբեջանի տարածքները գրավելու համար եւ կպահանջվի զորքերի անվերապահ դուրսբերում:
Շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ փոխվում է հակամարտությունը նկարագրող
փաստաթղթերի տերմինաբանությունը: Ասենք, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած
բանաձեւի նախագծում օգտագործվում են այն ձեւակերպումները, թե սա «անեքսիա» անելու
փորձ է Հայաստանի կողմից, կատարվել են «էթնիկական զտումներ», «խախտվել է Ադրբեջանի
ինքնիշխանությունը» եւ այլն: Ձեւակերպումներ, որոնք երբե՛ք չեն եղել միջազգային նախկին
փաստաթղթերում եւ արտահայտում են Ադրբեջանի դիրքորոշումը, թե սա տարածքային վեճ է,
եւ թե Հայաստանը հավակնություն ունի իր տարածքի նկատմամբ: – Սա կարծես արդեն
մշտական վեճ է նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ: Նրանք պնդում են, թե «գրավյալ
տարածքներ» եւ այլ ձեւակերպումները եղել են նաեւ Ձեր իշխանության օրոք՝ թեկուզ հենց
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993-ի բանաձեւերում: – Այդ բանաձեւերում հստակ
նշված է, որ Ադրբեջանի տարածքները գրավված են «տեղական հայկական ուժերի կողմից»:
Աթկինսոնի նախապատրաստած բանաձեւում եւ նոր այլ փաստաթղթերում ընդհանրապե՛ս չի օգտագործվում
«տեղական» բառը: Այստեղ օգտագործված է միայն «հայկական ուժեր» արտահայտությունը,
որը չի կարելի վերագրել Ղարաբաղին, քանի որ Աթկինսոնի բանաձեւում վերջինիս առնչությամբ
օգտագործված է «անջատողական ուժեր» բնորոշումը: Ի դեպ, սա նույնպես մի նոր ձեւակերպում
է, որը նախկինում որեւէ փաստաթղթում երբե՛ք չի կիրառվել Ղարաբաղի նկատմամբ: –
Տեսնո՞ւմ եք իրավիճակը շտկելու լուծումներ: Ասենք, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության
ղեկավարը նշում է, թե տեւական ժամանակ է, ինչ միջազգային կառույցներում զոհի դերում
հանդես է գալիս ոչ թե Ղարաբաղը, այլ Ադրբեջանը, իսկ այդ կառույցները հակված են պաշտպանել
զոհին: Գուցե ելքը միայն քարոզչության փոփոխո՞ւմն է, որ ԼՂ-ն էլի ներկայանա զոհ:
– Մեր հակասությունների հիմքը երեւի հենց սա է՝ այդ մարդիկ գտնում են, թե
խնդիրը քարոզչությունն է, եւ եթե այս առումով առավել ակտիվ աշխատեն՝ կհասնեն ավելի
լավ ձեւակերպումների: Իհարկե, ինչ-որ չափով կարելի է փոխել որոշ ձեւակերպումներ,
բայց դրանից չի փոխվի էությունը: Խնդիրը ոչ թե քարոզչությանն է առնչվում, այլ նրան,
որ Հայաստանը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, փորձում է պահպանել ստատուս-քվոն Ղարաբաղի
հարցում, երբ դրան համաձայն չեն ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Ադրբեջանը:
Այսինքն՝ առաջադրված է անիրատեսական խնդիր, որն էլ հենց դարձել է մեր արտաքին քաղաքականության
ձախողումների հիմնական պատճառը: Ցավով պիտի համաձայնեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի
այն մտքին, թե Ղարաբաղի հարցում տեսանելի են տխուր հետեւանքներ եւ այն, ինչ կարող
էինք ստանալ 1997թ.-ին՝ այլեւս չենք ստանալու: Բայց դա չի նշանակում, թե պետք է ընդհանրապես
հուսահատվենք: Կարծում եմ՝ միակ ելքն այն է, որ Հայաստանը հրաժարվի մաքսիմալիստական
եւ անիրատեսական քաղաքականություն վարելու գաղափարից: Ինչ վերաբերում է Ղարաբաղի
խնդրի հնարավոր լուծումներին, դա մի ծավալուն թեմա է, որի շուրջ խոստանում եմ ապագայում
հոդվածով հանդես գալ «Առավոտում»: Զրույցը վարեց ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել